Սեմական լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Սեմական լեզուները միմյանց կապված լեզուների խումբ է, որով այժմ խոսում են ավելի քան 300 միլիոն մարդ հիմնականում Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Սեմական լեզուները աֆրասիական կամ սեմաքամյան լեզվաընտանիքի ճյուղերից մեկն է։ Ամենատարածված լեզուն սեմական լեզուների մեջ արաբերենն է՝ 296 միլիոն լեզվակիր, ապա ամհարերենը (Եթովպիայում) 32 միլիոն, եբրայերենը՝ 8 միլիոն, և այլն։ Անվանումը ծագում է Աստվածաշնչյան հայտնի կերպարների՝ Նոյի որդի Սեմի անունից։
Գրավոր ձևը թվագրվում է շատ հին ժամանակով։ Աքքադերեն և էբլայերեն տեքստեր են հայտնաբերվել Միջագետքում և Սիրիայի տարածքում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։ Սեմական լեզուների պատմա-համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պարզել տարբեր սեմական լեզուների հնչյունական և քերականական առանձնահատկությունները և ընդհանրությունները։ Ըստ մի շարք քերականական և բառապաշարային առանձնահատկությունների՝ սեմական լեզուները բաժանվում են հետևյալ խմբերի՝
- Արևելյան, կամ հյուսիսարևելյան՝ աքքադերեն իր երկու բարբառներով՝ բաբելոներեն և ասորերեն,
- Հյուսիս-արևմտյան – քանաաներեն (ուգարիտերեն, եբրայերեն, փյունիկերեն և այլն) և արամեերեն (արևմտաարամեական, արևելաարամեական խոսվածքներ, հին սիրիական լեզու) լեզուներ,
- Հարավային կամ հարավարևմտյան խումբ – արաբերեն (և նրա բարբառները), հին հարավարաբական և նրան մոտ մի քանի լեզուներ Արաբական թերակղզու հարավում (մահրի, շիհրի, սոկոտրի), եթովպական լեզուները (գեեզ, ամհարերեն, տիգրե, տիգրինիա, հարարի, գուրագե, արգոբբա և այլն)։