Սիդերիկ պարբերություն
From Wikipedia, the free encyclopedia
Սիդերիկ պտույտի պարբերություն (լատին․՝ sidus, աստղ բառից), ժամանակահատված, որի ընթացքում որևէ երկնային մարմին-արբանյակ հիմնական մարմնի շուրջ կատարում է աստղերի նկատմամբ մեկ ամբողջական պտույտ։ «Սիդերիկ պտույտի պարբերություն» հասկացությունը օգտագործվում է Երկրի շուրջ պտտվող մարմինների համար՝ Լուսին (սիդերիկ ամիս) և արհեստական արբանյակներ, ինչպես նաև Արեգակի շուրջ պտտվող մարմինների համար՝ մոլորակներ, գիսաստղեր, և այլն։
Սիդերիկ պարբերությունը անվանում են նաև տարի։ Օրինակ՝ Հրատային տարի, Նեպտունյան տարի և այլն։ Այս պարագայում պետք չէ մոռանալ, որ «տարի» անվան տակ կարող են լինել մի քանի հասկացություններ։ Այսպես, պետք չէ շփոթել սիդերիկ տարին (Երկրի մեկ պտույտի ժամանակահատվածը Արեգակի շուրջ) և արևադարձային տարին (այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունենում տարվա եղանակների ամբողջական փոփոխություն), որոնք իրարից տարբերվում են մոտ 20 րոպեով (այս տարբերությունը պայմանավորված է Երկրի առանցքի պրեցեսիայով)։