Բացարձակ սև մարմին
From Wikipedia, the free encyclopedia
Բացարձակ սև մարմին, իդեալականացված ֆիզիկական մարմին, որը կլանում է իր վրա ընկնող ամբողջ էլեկտրամագնիսական ճառագայթումը` հաճախությունների ամբողջ սպեկտրում։ Բացարձակ սև մարմնի կլանման գործակիցը (կլանված էլեկտրամագնիսական էներգիայի և մարմնի վրա ըկնող ամբողջ էներգիայի հարաբերությունը) հավասար է 1` ցանկացած հաճախության, բևեռացման և ճառագայթման տարածման ուղղության համար։
Չնայած իր անվանը, բացարձակ սև մարմինը կարող է ունենալ գույն՝ պայմանավորված բացարձակ սև մարմնի կողմից էլեկտրամագնիսական ճառագայթմամբ։ Շրջակա միջավայրի հետ ջերմային հավասարակշռության վիճակում (ջերմաստիճանը հաստատուն է) գտնվող բացարձակ սև մարմնի ճառագայթումը կոչվում է բացարձակ սև մարմնի ճառագայթում, և իր մեջ պարունակում է ճառագայթում ըստ սպեկտրի բոլոր հաճախությունների։ Բացարձակ սև մարմնի ճառագայթման ինտենսիվության բաշխումն ըստ հաճախությունների որոշվում է Պլանկի օրենքով։
Բացի նրանից, որ բացարձակ սև մարմինը հարմար իդեալականացում է շրջակա միջավայրի հետ ջերմային հավասարակշռության մեջ գտնվող էլեկտրամագնիսական ճառագայթումն ուսումնասիրելու համար, թերմոդինամիկայի օրենքները թույլ են տալիս կամայական գույն և կլանման ու անդրադարձման գործակից ունեցող մարմինների ճառագայթման սպեկտրի ուսումնասիրությունը հանգեցնել բացարձակ սև մարմնի ճառագայթման խնդրին։
Բացարձակ սև մարմինը իդեալականացում է, և իրականում գոյություն չունեն այնպիսի մարմիններ որոնք կլանում են իրենց վրա ընկնող կամայական հաճախության ամբողջ ճառագայթումը։ Սակայն կան նյութեր կամ մարմիններ, որոնք էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրի այս կամ այն հատվածում ունեն մեկին շատ մոտ կլանման գործակից, և այդ հաճախային տիրույթում նրանց կարելի է դիտել որպես բացարձակ սև մարմին։ Օրինակ մուրն ունի 0.99 կլանման գործակից էլեկտրամագնիսական ճառագայթման տեսանելի տիրույթում (սակայն բավականին վատ է կլանում օրինակ ինֆրակարմիր տիրույթում)։ Մեկին ինչքան հնարավոր է մոտ կլանման գործակցով մարմինների պատրաստումը մինչև այժմ գիտական ակտիվ հետաքրքրության թեմա է[1]։ Բացարձակ սև մարմնին ամենամոտը 2014 թվականի ստեղծված Vantablack նյութն է, որը կլանում է իր վրա ընկնող էլեկտրամագնիսական ճառագայթումը տեսանելի, միկրոալիքային և ռադիոալիքային տիրույթներում։ Արեգակն իր հակություններով շատ մոտ է բացարձակ սև մարմին։
Ջերմային հավասարակշռության մեջ գտնվող բացարձակ սև մարմինը ցանկացած հաճախությամբ առաքում է ավելի շատ գամ գոնե հավասար էներգիա, քան ցանկացած իրական մարմին[2]։ Մարմնի ճառագայթողունակությունը ճառագայթման էներգիայի հաաբերությունն է բացարձակ սև մարմնի ճառագայթման էներգիային։ Բացարձակ սև մարմնի ճառագայթողունակությունը 1 է, իսկ ցանկացած իրական մարմնինը՝ փոքր է մեկից։ Այն մարմինները, որոնք ունեն մեկից փոքր ճառագայթողունակություն, որը նույնն է բոլոր հաճախությունների համար, կոչվում են մոխրագույն մարմիններ[3]։
Աստղագիտությունում, աստղերի ճառագայթումն հաճախ նկարագրում են էֆեկտիվ ջերմաստիճանի միջոցով, որն իրենից ներկայացնում է այն բացարձակ սև մարմնի ջերմաստիճանը, որն կառաքեր էլեկտրամագնիսական ճառագայթման նույն ամբողջական հոսքը։