Քվանտային մեխանիկա
From Wikipedia, the free encyclopedia
Քվանտային մեխանիկա, տեսական ֆիզիկայի բաժին։ Նկարագրում է քվանտային համակարգերը և դրանց շարժման օրենքները։ Դասական մեխանիկան, որը լավ նկարագրում է մակրոսկոպական մասշտաբներով համակարգերը, ի վիճակի չէ նկարագրել երևույթները ատոմների, մոլեկուլների, էլեկտրոնների և ֆոտոնների մակարդակում։ Քվանտային մեխանիկան ունակ է նկարագրել նաև էլեկտրոնների, ֆոտոնների, ինչպես նաև այլ տարրական մասնիկների վարքը, պայմանով, որ անտեսենք տարրական մասնիկների փոխակերպումները։ Տարրական մասնիկների փոխակերպումների նկարագրություն տալիս է դաշտի քվանտային տեսությունը։
Քվանտային մեխանիկայի օգնությամբ ստացված արդյունքները հաստատված են փորձերով։
Քվանտային կինեմատիկայի հիմնական հասկացություններն են դիտարկվող օբյեկտի և վիճակի հասկացությունները։ Քվանտային դինամիկայի հիմնական հավասարումներն են՝ Շրյոդինգերի հավասարումը, ֆոն Նեյմանի հավասարումը, Լինդբլադի հավասարումը, Հայզենբերգի հավասարումը և Պաուլիի հավասարումը։ Քվանտային մեխանիկայի հավասարումները սերտորեն կապված են մաթեմատիկայի այն բաժինների հետ, որոնց թվում են օպերատորների տեսությունը, հավանականությունների տեսությունը, ֆունկցիոնալ անալիզը, օպերատորային հանրահաշիվը, խմբերի տեսությունը։