Ամենայն Հայոց Կաթողիկոս
From Wikipedia, the free encyclopedia
Ամենայն հայոց կաթողիկոսներ (նաև՝ Քահանայապետություն հայոց, Եպիսկոպոսապետություն հայոց, Կաթողիկոսություն հայոց Մեծաց, Հայրապետություն հայոց, Ընդհանրական հայրապետություն հայոց, Հայրապետություն Ամենայն հայոց, Հայոց կաթողիկոսություն), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը։ Պաշտոնապես հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց (301 թվական) հետո՝ 303 թվականին, Վաղարշապատում, երբ կառուցվել է կաթողիկոսանիստ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը, և ինքն էլ դարձել է Հայոց առաջին հայրապետը։
Կաթողիկոսական աթոռի հաստատումով գահակալվող կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ են անցել Մեծ և Փոքր Հայքերի բոլոր հայ քրիստոնյա համայնքները։ Նրան «ի հոգևորս» ենթարկվել են նաև Վրաց ու Աղվանից եկեղեցիները, սակայն 7-րդ դարի սկզբին Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց և ընդունել քաղկեդոնականություն, մինչդեռ Աղվանից եկեղեցին հայացել ու հետագայում իր գոյությունը շարունակել որպես Գանձասարի կաթողիկոսություն (մինչև 1813 թվականը, որից հետո կոչվել է մետրոպոլիտություն, իսկ նրա թեմերն անցել են Սուրբ Էջմիածնի ենթակայության ներքո)։ Կաթողիկոսություն Ամենայն Հայոց անվանումը տարածում է ստացել 15-րդ դարից, երբ Հայաստանում և նրանից դուրս տարբեր ժամանակներում կազմավորված նվիրապետական աթոռները և հակաթոռ կաթողիկոսությունները, ինչպես նաև հայ գաղթավայրերի եկեղեցական բազմաթիվ թեմեր աստիճանաբար ճանաչել են նրա գերագահությունը։ Հոգևոր-եկեղեցական գործերից զատ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը մասնակցել է ազգային, մշակութային, իրավական, տնտեսական, հաճախ նաև՝ քաղաքական կյանքին, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում իր վրա է վերցրել ազգի գոյատևման կարևոր առաքելությունը։