Խորհրդարան
From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդարան (անգլ.՝ parliament, ֆր.՝ parlement, parler՝ խոսել), իշխանությունների տարանջատում ունեցող պետություններում բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմին[1]։
Կազմված է | պառլամենտի անդամ, խորհրդարանական հանձնաժողով և Օրենսդիր մարմին |
---|---|
Մասն է | Պառլամենտական համակարգ |
Մոլդովայում, Վրաստանում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Իտալիայում,Կամբոջայում, Կանադայում,Ֆրանսիայում, Չեխիայում, Հարավային Օսեթիայում, Ղազախստանում և մի քանի այլ պետությունում խորհրդարանները միանուն են։ Ադրբեջանի (Միլի մեջլիս), Ռուսաստանի[2] (Դաշնության ժողով), Ղրղզստանում (Ժոգորկու Կենեշ), Տաջիկստանում (Մաջլիսի Օլի), Թուրքմենիայում (Մեջլիս), Ուկրաինայում (Բարձրագույն Ռադա), Իսրայելում (Քնեսեթ), Մոնղոլիայում (Խուրալ), Սերբիայում և Չեռնոգորիայում (Սկուպշինա), Բուլղարիայում (Народно събрание), Մակեդոնիայում (Ժողով), Լեհաստանում, Լատվիայում և Լիտվայում (Սեյմի բոլոր երեք երկրներում), Ֆինլանդիայում (Էդուսկունտ), Շվեդիայում (Ռիկսդագ), Գերմանիայում (Բունդեսթագ), Հայաստանում (Ազգային ժողով) և մի քանի այլ երկրներում կիրառվում են սեփական անվանումները՝ խորհրդարաններն անվանակոչելու համար։
Խորհրդարանը հանդիսանում է ներկայացուցչական մարմին, որտեղ ողջ բնակչությունը և երկրի շրջանները ներկայացված են իրենց կողմից ընտրված ներկայացուցիչներով։ Որպես կանոն՝ ողջ խորհրդարանը կամ խորհրդարանի ստորին պալատը (օրինակ՝ դաշնություններում) ձևավորվում են ընդհանուր ընտրությունների միջոցով։
Ժամանակակից պետություններում խորհրդարանները, որպես կանոն, հանդիսանում են օրենսդիր մարմիններ, այսինքն՝ լիզորված են օրենքներ ընդունելու լիազորությամբ, ինչպես նաև այս կամ այն չափով լիազորված են ձևավորելու և վերահսկելու գործադիր իշխանությունը (օրինակ՝ իշխանությանը անվստահություն հայտնելը և նախագահի իմպիչմենտի գործընթացն իրականացնելը)։