Հայաստան համահայկական հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստան համահայկական հիմնադրամ, ստեղծվել է 1992 թ.-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։ Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլք։ Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով։ Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն)։ Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։ Հիմնադրամի իրագործած բոլոր հայրենանվեր ծրագրերը նպաստել են հայրենիքում գոյություն ունեցող առաջնային խնդիրների լուծմանը՝ նպաստելով հասարակ քաղաքացիների շրջանում հիմնադրամի ծրագրերին անմիջական մասնակցություն ունենալու ցանկությանը։ Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Հեռուստամարաթոնը ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարնրը՝ դրանք ուղղելով Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը։ 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայաստան համահայկական հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Հայաստան[1] |
Հիմնադրված | 1992 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Կայք | himnadram.org |