Հինդուիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Հինդուիզմ (նաև հնդուիզմ, ինդուիզմ, հնդուականություն), Հնդկական ենթամայրցամաքում առաջացած կրոն, հնդկական կրոններից մեկը։ Հինդուիզմի պատմական անվանումը սանսկրիտ լեզվով սանաթան-դհարմա (սանսկրիտ՝ सनातन धर्म) է, ինչը նշանակում է «հավերժ կրոն», «հավերժ ճանապարհ, կամ «հավերժ օրենք»[1]։
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Հինդուիզմն աշխարհի ամենահին կրոններից մեկն է, որը արմատներով հասնում է մինչև վեդիական[2], հարապպական և դրավիդյան քաղաքակրթություններ, ինչի համար նրան համարում են կրոններից հնագույնը[3][4][5][6]։ Ի տարբերություն Աբրահամյան կրոնների, հինդուիզմը չի ունեցել հիմնադիր[7], հինդուիզմում բացակայում է ընդհանուր դոկտրինը[7][8] և հավատամքի ընդհանուր կարգը։ Իրենից ներկայացնում է տարբեր կրոնական ավանդույթների, փիլիսոփայական կարգերի և հավատամքների ընտանիք, որոնք հիմնված են միաստվածության, բազմաստվածության, պանթեիզմի, մոնիզմի և նույնիսկ աթեիզմի վրա[9]։
Հինդուիզմում գոյություն ունի սրբազան գրությունների մեծ քանակություն, որը բաժանված է երկու հիմնական կատեգորիաների՝ Շրուտի և Սմրիտի։ Սրանք դարեր շարունակ պահպանվել և փոխանցվել են բանավոր խոսքով մինչև գրի առնվելը։ Հինդուիստական կարևոր աշխատություններ են համարվում Վեդաները, Ուպանիշադները, Պուրանները, Ագամաները, ինչպես նաև «Ռամայանա» և «Մահաբհարաթա» էպոսները (վերջինիս մի մասն է կազմում «Բհագավադգիտան»)։
Հինդուիզմը հետևորդների թվով երրորդ կրոնն է աշխարհում՝ քրիստոնեությունից և իսլամից հետո։ Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 միլիարդ մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են Հնդկաստանում և Նեպալում[10]։ Հնդուիզմի հետևորդների նշանակալի համայնքներ կան նաև Բանգլադեշում, Շրի Լանկայում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Սինգապուրում, Մավրիկիոսում, Ֆիջիում, Սուրինամում, Գայանայում, Տրինիդադ և Տոբագոյում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում։
Մ․թ․ 4-րդ դարից սկսած հինդուիզմը տարածվել և գերակշռել է Հարավարևելյան Ասիայի երկրներում, սակայն հետագայում այդ տարածաշրջանում զիջել է իսլամին և բուդդայականությանը։ Արդի ժամանակաշրջանում հինդուիզմը տարածվել է աշխարհով մեկ հնդկական սփյուռքի միջոցով։ 20-րդ դարից սկսած հինդուիզմը նաև անցել է ազգային սահմանները և ձեռք բերել բազմաթիվ հետևորդներ ամբողջ աշխարհում։ Լայն տարածում են գտել և սովորական են դարձել այնպիսի մտքերը, ինչպիսիք են կարման, յոգան և բուսակերությունը։ Հինդուիզմի որոշ ասպեկտները և գործառույթներ քննադատության են ենթարկվել։ Ամենից շատ քննադատության են արժանացել այրիների ինքնահրկիզման ծեսը և խտրականությունն ըստ կաստայի։