Հիսուս
քրիստոնեության գլխավոր անձը / From Wikipedia, the free encyclopedia
Հիսուս (հին հունարեն՝ Ἰησοῦς Iēsûs, եբրայերեն՝ ישוע Yēšū́a, ինչպես նաև Հիսուս Նազովրեցի կամ Հիսուս Քրիստոս[Ն 1], ոչ վաղ քան մ. թ. ա. 6 և ոչ ուշ քան մ. թ. ա. 4, Բեթղեհեմ, Հորդանանական Հուդեա, Հռոմեական կայսրություն[1] - ապրիլի 7, 30 կամ ապրիլի 3, 33, Գողգոթա, Հրեաստան, Երուսաղեմ, Հռոմեական կայսրություն[2]), քրիստոնեության գլխավոր անձը[7], առաջին դարի կրոնական քարոզիչ և կրոնական առաջնորդ[8]։ Ըստ Քրիստոնեական Աստվածաշնչի Հիսուսը Աստծո Որդին է և Հին Կտակարանում խոստացված Օծյալը՝ «Մեսիան»[9]։
Հիսուս արամեերեն՝ ישוע | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 6 և ոչ ուշ քան մ. թ. ա. 4 |
Ծննդավայր | Բեթղեհեմ, Հորդանանական Հուդեա, Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 7, 30 կամ ապրիլի 3, 33 |
Մահվան վայր | Գողգոթա, Հրեաստան, Երուսաղեմ, Հռոմեական կայսրություն[2] |
Գերեզման | անհայտ, Սուրբ Հարության տաճար, Talpiot Tomb[3], Garden Tomb, empty tomb և Երուսաղեմ |
Քաղաքացիություն | Հորդանանական Հուդեա[4] |
Ազգություն | հրեա |
Մայրենի լեզու | Galilean dialect? |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | անհայտ |
Ազդվել է | Հովհաննես Մկրտիչ |
Երկեր | Հիսուս Քրիստոսի հրաշքներ[2], Հիսուս Քրիստոսի աղոթքներ[2] և Հիսուս Քրիստոսի առակներ[5] |
Մասնագիտություն | քարոզիչ, մարգարե, ատաղձագործ, ռաբբի, սքանչելագործ, կրոնական առաջնորդ, բժշկող, Մեսիա, քարոզիչ, ուսուցիչ, կրոնների հիմնադիր, tektōn և pastor |
Աշխատավայր | անհայտ |
Ամուսին | անհայտ |
Ծնողներ | հայր՝ Սուրբ Հովսեփ[2] և Հայր Աստված[6], մայր՝ Մարիամ Աստվածածին[6] |
Զբաղեցրած պաշտոններ | մարգարե |
Անդամություն | Երրորդություն |
Jesus Christ Վիքիպահեստում |
Գրեթե բոլոր ժամանակակից ուսումնասիրողները գտնում են, որ Հիսուսը պատմական անձնավորություն է։ Նա Հովհաննես Մկրտչի կողմից մկրտված գալիլեացի հրեա էր[8], որը հետագայում սկսել է իր սեփական ծառայությունը՝ իր ուղերձը բանավոր քարոզելով[10], և հիշատակվել է որպես «րաբբի» (ուսուցիչ)[11]։ Հիսուսը բանավիճել է այլ հրեաների հետ՝ ինչպես ճշմարիտ կերպով հետևել Աստծուն, իրականացրել է մարդկանց բժշկումներ, սովորեցրել է առակներով և իր շուրջը հավաքել հետևորդներ[12][13]։ Նա ձերբակալվել է և հանձնվել հրեական ատյանին[14], ապա՝ հռոմեական իշխանություններին և Հրեաստանի (Հուդա) հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացու հրամանով դատապարտվել մահվան խաչելության միջոցով[12]։
Հիսուսը ծնվել է Սուրբ Հոգուց` Մարիամ կույսից, գործել հրաշքներ, հիմնել Եկեղեցին, մահացել խաչի վրա մարդկության մեղքերի քավության համար, հարություն առել մեռյալներից և համբարձվել երկինք, որտեղից նա վերադառնալու է[15] (տե՛ս նաև Նիկիո հավատի հանգանակ)։ Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուս Քրիստոսն իր մահվան միջոցով հնարավորություն է տվել իրեն հավատացող մարդկանց մաքրվել մեղքերից և հաշտվել Աստծո հետ[16]։ Քրիստոնյաների մեծամասնությունը երկրպագում են Հիսուսին որպես Աստծո Որդու։
Հիսուսի ծնունդը սովորաբար նշվում է դեկտեմբերի 25-ին (որոշ արևելյան եկեղեցիների կողմից` հունվարի սկզբներին, Հայ առաքելական եկեղեցու կողմից` հունվարի 6-ին` Հիսուսի մկրտության տոնի հետ միասին) և որպես տոն հայտնի է Սուրբ ծնունդ անվամբ։ Նրա խաչելությունը հարգվում է Ավագ Ուրբաթ օրը, իսկ հարությունը նշվում Զատկին։
Լայնորեն կիրառվող ՔՀ ժամանակաշրջանի օրացույցը (լատիներենում՝ «anno Domini» ՝«Տիրոջ տարի»), և դրան համարժեք այլընտրանքը( մ.թ.) հիմնվում է Հիսուսի ծննդյան մոտավոր թվականի վրա[17][Ն 2]։
Հիսուսը հիշատակվում է նաև ոչ քրիստոնեական կրոններում և նոր կրոնական շարժումներում։ Իսլամում Հիսուսը (անունը սովորաբար տառադարձվում է Իսա) համարվում է Աստծո կարևոր մարգարեներից մեկը և «Մեսիա»[19][20][21]։ Մուսուլմանները հավատում են, որ նա մարգարե է, ով ծնվել է կույսից, բայց նրան չեն համարում Աստծո Որդի։ Ըստ Ղուրանի՝ Հիսուսը խաչվել, սպանվել է առերևույթ, իսկ իրականում ֆիզիկապես համբարձվել է երկինք` Աստծո մոտ։ Հուդայականությունը մերժում է, որ Հիսուսը հրեաների սպասված օծյալն է (մեսիա)՝ գտնելով, որ նա չի համապատասխանում օծյալի մասին Հին Կտարակարնի մարգարեություններին, օժտված չէ աստվածային բնությամբ և հարություն չի առել[22]։
Հիսուսի ժամանակաշրջանում հրեաները կրում էին միայն մեկ անուն, որին հաջորդում էր հոր կամ հարազատ քաղաքի անունը
[23]։ Այսպիսով Նոր Կտակարանում Հիսուսին սովորաբար անվանում են Հիսուս Նազովրեցի[Ն 3] (օրինակ ՝ Մարկոսի 10 :47)[24] Նազարեթ քաղաքում Հիսուսի հարևանները նրան անվանում են «հյուսնի որդի, Մարիամի որդի և Հովսեփի, Հակոբոսի, Սիմոնի և Հուդայի եղբայր» (Մարկոս 6:3)[25], «հյուսնի որդի» (Մատթեոս 13:55)[26], կամ «Հովսեփի որդի» (Ղուկասի 4:22)[27]։ Հովհաննեսի Ավետարանում Փիլիպպոս առաքյալը նրան անվանում է «Նազարեթ քաղաքից Հովսեփի որդի» (Հովհաննես 1:45)[28]։
Հայերոնում «Հիսուս» անունը ծագում է հունարենից՝ Ἰησοῦς (Iesous)[29]։ Հունական ձևը հրեական ישוע (Yeshua) ավելի հին יהושע (Yehoshua) տարբերակն է կամ անգլերեն «Joshua»[30][31][32]։ Yeshua անունը հավանաբար օգտագործվել է Հրեաստանում Հիսուսի ծնննդյան ժամանակաշրջանում[33]։ Մ. թ. I դարում Հովսեփոս Փլավիոսի աշխատություններում, որոնք գրվել են հունարեն՝ նույն լեզվով, ինչ Նոր Կտակարանը[34], Հիսուս անունը (i.e. Ἰησοῦς) գործածվում է առնվազն 12 անգամ՝ տարբեր մարդկանց նկատմամբ[35]։ «Հիսուս» անվան ստուգաբանությունը Նոր Կտակարանի համատեքստում տրվում է որպես «Աստված փրկություն է»[36]։
Քրիստոնեության տարածման հենց սկզբից քրիստոնյաները Հիսուսին անվանում էին «Հիսուս Քրիստոս»[37]։ «Քրիստոս» բառը կոչում կամ պաշտոն է, ոչ թե անուն [38][39]։ Ծագում է հունարեն Χριστός (Քրիստոս) բառից[29][40], թարգմանված է եբրայերեն մաշիախ ( משיח) բառից, որը նշանակում է «օծյալ»[41][42]։ Աստվածաշնչյան հուդայականությունում սրբագործված յուղը գործածվում է մարդկանց, առարկաները օծելու համար՝ որպես նրանց կրոնական սրբագործման մաս (տե′ս Ղևտական 8:10–12)։
Քրիստոնյաները Հիսուսին անվանեցին Քրիստոս, քանի որ հավատում էին նրա «Օծյալ» լինելուն, որի գալուստը մարգարեացվել է Հին Կտակարանում։ Քրիստոսը դիտվում է որպես անուն՝ «Հիսուս Քրիստոսի» մաս։ «Քրիստոնյա» եզրույթը (նշանակում է՝ Հիսուսի հետևորդներ) կիրառվում է առաջին դարից մինչ այժմ [43]։
Հիսուս Քրիստոսի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրն են Նոր Կտակարանի գրքերը և հատկապես Ավետարանները։ Չորս Ավետարանները (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի), ժամանակային տարբեր հատվածներից սկսելով, պատմում են Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, առաքյալների ընտրության, քարոզչության, սուրբ վարքի, հրաշքների, բժշկումների, պայծառակերպության, մեռելներ հարուցանելու մասին, ներկայացնում են Հիսուսի առակները, պատվիրանները, նկարագրում չարչարանքները, խոսում Վերջին ընթրիքի, այսինքն՝ հաղորդության խորհրդի հաստատման, մահվան մատնվելու, խաչվելու, թաղվելու, հարություն առնելու, համբարձվելու, երկրորդ անգամ զորությամբ երկիր վերադառնալու և այլնի մասին։ Չորս Ավետարաններն էլ արձանագրել են Հիսուսի կյանքի այն դրվագները, որոնք ըստ ավետարանիչների մարգարեացված էին և կատարվում էին մեկ առ մեկ՝ իրականացնելով մարդու փրկության Աստծո ծրագիրը։
Նոր Կտակարանի այլ մասեր ևս պարունակում են տեղեկություններ նրա կյանքի առանցքային դրվագների, օրինակ՝ Վերջին ընթրիքի մասին (տե՛ս Կորնթացիներ 11։23)։ Առաքյալների գործեր գրքում առկա տեղեկությունները (Գործք առաքելոց 10:37 և Գործք առաքելոց 19) վերաբերվում են Հիսուսի վաղ շրջանի ծառայությանը և Հովհաննես Մկրտչի կողմից նրա գալստյան ավետմանը[44]։
Վաղ քրիստոնեկան պարականոն որոշ ավետարաններում (Թովմասի,Պետրոսի, Հուդայի ավետարաններ, Հակոբի «ապոկրիֆոն» և այլ ապոկրիֆ գրվածքներ) կան Հիսուսի կյանքի և ուսուցման նկարագրության առանձին դրվագներ, որոնք բացակայում են Նոր Կտակարանում։ Ուսումնասիրողների կարծիքով պարականոն ավետարանները գրված են կանոնական ավետարաններից ավելի ուշ և նվազ արժանահավատ են[45][46]։
Կանոնական ավետարանները չորսն են․ դրանցից յուրաքանչյուրը գրված է տարբեր հեղինակի կողմից։ Ավետարանների հեղինակները անանուն են, սակայն ավանդաբար վերագրվում են Հիսուսի հետ սերտորեն կապված չորս ավետարանիչներին[47]։ Դրանք են՝ Մարկոսը՝ Պետրոսի ընկերակիցը, Մատթեոսը` Հիսուսի տասներկու աշակերտներից մեկը, Ղուկասը՝ Պողոսի ուղեկիցը, որը հիշատակվում է մի քանի նամակներում, և Հովհաննեսը՝ Հիսուսի «սիրելի» աշակերտը։
Ավետարանների ուսումնասիրության կարևոր մի մասն է դրանց գրական ժանրային պատկանելության հարցը[48]։ «Արդյո՞ք Ավետարանի հեղինակները գրել են վեպեր, առասպելներ, պատմություններ կամ կենսագրականներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել, և ինչպե՞ս դրանք պետք է մեկնաբանվեն։ Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավետարանների ժանրը պետք է տեղայնացնել հին կենսագրության տիրույթում»[49]։ Այն տեսակետը, որ Ավետարանները հնագույն կենսագրության տեսակ են, ներկայումս ընդունված է ուսումնասիրողներից շատերի կողմից[50][51]։
Նոր Կտակարանում ամեն ինչ չէ, որ համարվում է պատմական առումով արժանահավատ [52]։ Որոշ ուսումնասիրողներ համարում են, որ Ավետարանները տալիս են Հիսուսի կյանքի հավաստի նկարագրություն [53], ուրիշները գտնում են, որ դրանց միջոցով կարելի է տալ Հիսուսի կյանքի միայն ուրվագիծը [54][55]։ Ըստ լայն գիտական կոնսենսուսի` Համատես ավետարանները (Մատթեոս, Մարկոս և Ղուկաս), Հովհաննեսի ավետարանի համեմատ, առավել հավաստի տեղեկություններ են պարունակում Հիսուսի կյանքի վերաբերյալ [56][57][23]։
Ըստ Մարկանի առաջնության տեսության` առաջինը գրվել է Մարկոսի Ավետարանը (մ. թ. 60-75), սրան հետևել է Մատթեոսի Ավետարանը (մ. թ. 65-85), ապա Ղուկասի Ավետարանը (65-95) և Հովհաննեսի Ավետարանը (75-100)[58]։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Մատթեոսը և Ղուկասը իրենց ավետարանները գրելիս օգտվել են Մարկոսի Ավետարանից և այսպես կոչված Q (գերմ.՝ quelle` աղբյուր) աղբյուրից, որը երկու հեղինակներն էլ օգտագործում են [59]։ Մատթեոսը, Մարկոսն ու Ղուկասը հայտնի են որպես «համատես (սինոպտիկ) ավետարանիչներ»։ Նրանց ավետարանները նման են իրար իրենց բովանդակությամբ, պատմությամբ, պայմանավորվածությամբ, լեզվով և առանձին հատվածների կառուցվածքով[60][61]։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Համատես ավետարանների և Հովհաննեսի ավետարանի միջև գրական ուղղակի առնչություններ գտնել հնարավոր չէ[62]։ Հովհաննեսի ավետարանում համատես ավետարանների կողմից փաստված Հիսուսի երկրային կյանքի որոշ դրվագների նկարագրությունը կամ բացակայում է (Հիսուսի մկրտություն, Հիսուսի փոխակերպում) կամ էապես տարբերվում է համատես ավետարաններում ներկայացված տարբերակից (Տաճարի մաքրման տեսարան, առաքյալների հետ փոխհարաբերություններ և այլն)[63]։
Սկսվում է Հիսուսի մկրտությամբ կամ կույսից ծնունդով[47] | Սկսվում է արարչության, ոչ թե ծննդյան պատմությամբ[47] |
Հովհաննես Մկրտչի մկրտությամբ[47] | Մկրտությունը ենթադրվում է, բայց չի հիշատակվում[47] |
Ուսուցանում է առակների և ասացվածքների միջոցով[47] | Ուսուցանում է երկար ելույթների միջոցով[47] |
Ուսուցանում է Աստծո արքայության մասին և շատ քիչ` իր մասին[47] | Ուսուցանում է հիմնականում իր մասին[47] |
Խոսում է աղքատների և ճնշվածների համար[47] | Ոչինչ չի ասում աղքատների և ճնշվածների մասին[47] |
Մասնակցում է մեկ Զատկական տոնի[64] | Մասնակցում է երեք կամ չորս Զտկական տոնի.[64] |
Տաճարի մաքրումը տեղի է ունենում ուշ[47] | Տաճարի մաքրումը լինում է վաղ[47] |
Հիսուսը կատարում է նոր ուխտը վերջին ընթրիքի ժամանակ[47] | Հիսուսը լվանում է աշակերտների ոտքերը[47] |
Համատես ավետարանիչներից յուրաքանչյուրը շեշտը դնում է Հիսուսի երկրային կյանքի և գործունեության տարբեր կողմերի վրա։ Ըստ Մարկոսի` Հիսուսը Աստծո Որդին է, և նրա հզոր գործերը վկայում են Աստծո թագավորության գոյությունը։ Նա անխոնջ հրաշագործ մշակ է, Աստծո և մարդու ծառան[65]։ Այս կարճ Ավետարանը համեմատաբար քիչ է անդրադառնում Հիսուսի խոսքերին կամ ուսմունքին։ Մատթեոսի Ավետարանը ընդգծում է, որ Հիսուսը կատարում է Աստծո կամքը, ինչպես ցույց է տրված Հին Կտակարանում, և նա է Եկեղեցու Տերը։ Նա Դավթի որդին է՝ «թագավոր» և «օծյալ»։ Ղուկասը ներկայացնում է Հիսուսին որպես աստվածամարդ փրկիչ, ով կարեկցում է կարիքավորներին[66]։ Նա մեղավորների և մերժվածների ընկերն է, որը եկել է փնտրելու և փրկելու կորուսյալներին[65]։ Այս Ավետարանում են զետեղված Հիսուսի ամենասիրած առակները՝ «Բարի սամարացի»ն և «Անառակ որդին»[66]։ Հովհաննեսի Ավետարանի նախաբանում Հիսուսը ներկայացվում է որպես աստվածային Խոսքի մարմնացում[67]։ Հիսուսը ոչ միայն ավելի մեծ է, քան անցյալի որևէ մարգարե, այլև ավելի մեծ է, քան որևէ մարգարե կարող է լինել։ Նա ոչ միայն Աստծո խոսքեր է ասում, այլ հենց ինքն է Աստծո խոսքը [68]։ Հովհաննեսի Ավետարանում Հիսուսը հրապարակայնորեն բացահայտում է իր աստվածային էությունը։ Այստեղ նա «Կյանքի հացն» է, «Աշխարհի լույսը», «Ճշմարիտ որթատունկը» և այլն[65]։ Նոր Կտակարանի հեղինակները հիմնականում քիչ են հետաքրքրված Հիսուսի երկրային կյանքի ժամանակագրությամբ, նրա կյանքի դրվագների և պատմական ընթացիկ իրադարձությունների համապատասխանեցմամբ [69]։ Հովհաննեսի Ավետարանի 21։25 գլխում նշվում է, որ Ավետարանները չեն հավակնում ներկայացնել Հիսուսի կյանքի իրադարձությունները սպառիչ կերպով[70]։
Այս առումով ուշագրավ է, որ Ավետարանները իրենց տեքստի մոտ մեկ երրորդը նվիրում են [Հիսուս Քրիստոսի] կյանքի վերջին` Զատկական շաբաթին[71]։ Չնայած ավետարանները բավականաչափ մանրամասություններ չեն պարունակում Հիսուսի կյանքի հետ կապված կոնկրետ թվականների նկատմամբ ժամանակակից ուսումնասիրողների պահանջները բավարարելու համար, սակայն նրանցից կարելի է որոշակի պատկերացում կազմել և ուրվագծել Հիսուսի երկրային կյանքի պատմությունը։
Ըստ Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսը ծնվել է կույս Մարիամից՝ Սուրբ Հոգու միջոցով, ինչպես Մարիամին ավետել էր «Տիրոջ հրեշտակը» (Մատթ. 1.18–23)։ Նրա անունը դրվում է Հիսուս՝ «աստվածային նախասահմանությամբ»։ Ինչպես հաշվում է Մատթեոս ավետարանիչն իր ազգաբանությունում (Մատթ. 1)՝ Աբրահամից՝ «հավատքի հորից» մինչև Քրիստոս լինում է 42 սերունդ։ 42-րդը Քրիստոսն է՝ Դավիթ թագավորի սերնդից։ Ընդունված կարծիքն այն է, որ Հիսուսը ծնվել է մ.թ. 1 թվականին (որով սկսվում է մեր թվարկությունը)։ Այլ հաշվարկների համաձայն՝ նա ծնվել է մ.թ.ա. 4 թվականին, Հերովդես Մեծի մահվանից անմիջապես առաջ։
Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում նշվում է, որ Հիսուսն իր մանկությունն անց է կացրել Գալիլեայի Նազարեթ քաղաքում, որտեղ նա ապրել է իր ընտանիքի հետ։
Նրա ընտանիքի անդամներն էին՝ մայրը՝ Մարիամը, եղբայրները՝ Հակոբոսը, Հովսեն (կամ Հովսեփոսը), Հուդան, Սիմոնը, և անանուն քույրերը, որոնք հիշատակվում են ավետարաններում և այլ աղբյուրներում[72]։
Մարկոսի ավետարանում ասվում է, որ Հիսուսը տարաձայնություններ ուներ իր ընտանիքի անդամների և հարևանների հետ [73]։ Հիսուսի մայրն ու եղբայրները գնում են նրա մոտ (Մարկոս 3։31-35), քանի որ մարդիկ ասում էին, թե նա խելագարվել է (Մարկոս 3։21)։ Հիսուսը պատասխանում է, որ իր հետևորդներն են իր իսկական ընտանիքը։ Հովհաննեսի Ավետարանում Մարիամը հետևում է Հիսուսին խաչելության ժամանակ և տանջվում նրա համար (Հովհաննես 19։25-27):
Ավետարանները նշում են, որ Հիսուսը գիտեր կարդալ և մեկնաբանել Հին Կտակարանի գրքերը, բանավիճել դրանց իմաստի շուրջ, սակայն դա անպայմանորեն չի նշանակում, որ նա ստացել է կանոնակարգված կրոնական ուսուցում[74]։
Ծնվելուց հետո, երբ Հիսուսը, հրեական օրենքի համաձայն, բերվում է Երուսաղեմի տաճար, Սիմոն անունով մեկը դիմում է Մարիամին, ասելով, որ Հիսուսը «կանգնելու է որպես հակառակության նշան, իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկաս 2։28-35)։
Երուսաղեմ կատարած մեկ այլ ճանապարհորդության ընթացքում, երբ Հիսուսը կորչում է, ծնողները նրան գտնում են տաճարում վարդապետների մեջ նստած՝ նրանց լսելուց և հարցեր տալուց, և ամենքը, որ լսում էին նրան, զարմանում էին նրա իմաստնությամբ և պատասխաններով։ Եվ երբ Մարիամը ասում է, որ փնտրել են նրան, Հիսուսը պատասխանում է, որ «ինքը պետք է լինի իր հոր տանը» (Ղուկաս 2։41-52);
Շուրջ երեսուն տարեկան հասակում (Ղուկ. 3.23) Հիսուսը հայտնում է իրեն աշխարհին և շուրջ երեք տարի ավետում մարդկանց Աստծո փրկության ու երկնքի արքայության «բարի լուրը»։ Հիսուսի մկրտության պատմությանը Համատես ավետարաններում նախորդում են Հովհաննես Մկրտչի մասին տեղեկությունները [75][76][77]։ Նրանք վկայում են, որ Հովհաննեսը մեղքերի թողության համար ապաշխարություն է քարոզում՝ խրախուսելով աղքատներին ողորմություն տալը (Ղուկաս 3։11): Նա մկրտում է մարդկանց Հորդանան գետում՝ Փերիայի մոտ և կանխագուշակում (Ղուկաս 3։16) մեկի հայտնվելը «ով ավելի զորավոր է իրենից»[78][79]։ Ավելի ուշ Հիսուսը Հովհաննեսին բնութագրում է որպես «Եղիա, որը գալու էր»(Մաթ․11-14,Մարկ․9։13-14), մարգարե, ով խոստացել էր հայտնվել մինչ «Տիրոջ մեծ և սարսափելի օրը» (Մաղաքիա 4.5)։
Մարկոսի ավետարանում, երբ Հովհաննեսը մկրտում է Հիսուսին, և նա դուրս է գալիս ջրից, ապա տեսնում է Սուրբ Հոգուն աղավնու կերպարանքով և լսում երկնքից եկող ձայնը, որը հայտարարում է, որ նա է Աստծո Որդին։ (Մարկոս,1.9-11)։ Սա ավետարաններում նկարագրվող երկու իրադարձություններից մեկն է, որտեղ երկնքից լսվող ձայնը Հիսուսին անվանում է Որդի։ Հաջորդը տեղի է ունենում փորձության ժամանակ։ Հոգին տանում է նրան անապատ, որտեղ նա փորձվում է Սատանայի կողմից (Մարկ․1։12-13)։ Մատթեոսի ավետարանում էլ է Հիսուսի մկրտությունը համանման։ Այստեղ, մինչ Հիսուսին մկրտելը, Հովհաննես Մկրտիչը բողոքում է՝ ասելով․ «Ես պետք է քեզանից մկրտվեմ» (Մատթ․3։14)։ Հիսուսը հանձնարարում է շարունակել մկրտությամբ «կատարել արդարությունը» (Մատթ․3։15)։ Մատթեոսը մանրամասնում է երեք փորձությունները, որոնք Սատանան առաջարկում է Հիսուսին անապատում (Մատթ․4։3-11)։ Ղուկասի ավետարանում, երբ բոլորը մկրտվում են, և Հիսուսը աղոթում է, Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջնում է նրա վրա (Ղուկ․3։21-22)։ Հովհաննեսը անուղղակիորեն ճանաչում է Հիսուսին և ուղարկում է իր հետևորդներին հարցնելու նրա մասին (Ղուկ․7։18-23)։ Հիսուսի մկրտությունը և փորձությունները քարոզչական ծառայության նախապատրաստման հիմք են հանդիսանում[80]։
Հովհաննեսի ավետարանը չի անդրադառնում Հիսուսի մկրտությանն ու փորձություններին[79]։ Այստեղ Հովհաննես Մկրտիչը վկայում է, որ ինքը տեսել է Հոգու իջնելը Հիսուսի վրա (Հովհ․1։32)։ Հովհաննեսը բոլորի ներկայությամբ հայտարարում է Հիսուսին որպես զոհաբերության Աստծո գառ, և Հովհաննեսի հետևորդներից ոմանք դառնում են Հիսուսի աշակերտները [57]։ Այս ավետարանում Հովհաննեսը հերքում է, որ ինքը Եղիան է (Հովհ․1։21)։ Մինչ Հովհաննես Մկրտիչի ձերբակալությունը, Հիսուսը նույնպես մկրտելու պատվեր է տալիս իր աշակերտներին (Հովհ․3.22-24), և նրանք ավելի շատ մարդ են մկրտում, քան Հովհաննեսը (Հովհ․4։1)։
Համատես ավետարանիչները տալիս են Հիսուսի ծառայության երկու հիմնական աշխարհագրական ուղենիշներ։ Առաջինը ընկած է Հրեաստանից հյուսիս՝ Գալիլեայում, որտեղ Հիսուսը հաջող քարոզչություն է վարում, իսկ երկրորդը՝ Երուսաղեմում, որտեղ Հիսուսը մերժվում ու սպանվում է։ Հատկանշական է, որ Հիսուսը իրեն որպես «Օծյալ» ճանաչողներին արգելում է խոսել դրա մասին, այդ թվում նաև այն մարդկանց, որոնց բուժում է դևերից։ Հովհաննեսը շեշտը դնում է Հիսուսի ծառայության՝ Երուսաղեմում և նրա մոտակայքումտեղի ունեցող դրվագների նկարագրության վրա։ Հիսուսի աստվածային ինքնությունը բացահայտորեն հայտարարվում է և շատերի կողմից ճանաչվում։
Ուսումնասիրողները Հիսուսի ծառայությունը բաժանում են մի քանի փուլերի։ Գալիլեայի ծառայությունը սկսվում է այն բանից հետո, երբ Հիսուսը Հուդայի անապատում սատանայի կողմից փորձվելուց հետո վերադառնում է Գալիլեա։ Հիսուսը քարոզում է Գալիլեայում և նրա մոտակայքում (Մատթ․4։18-20)։ Հիսուսի առաջին աշակերտները, որոնք հետագայում դնելու են վաղ եկեղեցիների հիմքը, միանում են նրան և սկսում ճամփորդել նրա հետ։ Այս շրջանը ներառում է Լեռան Քարոզը՝ Հիսուսի առանցքային զրույցներից մեկը [81][82], ինչպես նաև փոթորկի հանդարտեցումը, 5,000 մարդու կերակրելը, ծովի վրայով քայլելը և մի շարք այլ հրաշքներ և առակներ։ Այն ավարտվում է Պետրոսի հետ երկխոսությամբ և Կերպարանափոխմամբ[83][84]։
Երուսաղեմ ճանապարհորդության ընթացքում Հիսուսը, իր Փերիաում ծառայության ժամանակ, վերադառնում է Հորդանանի այն ափը, որտեղ մկրտվել է (Հովհ․10։40-42)։ Երուսաղեմում նրա ծառայության եզրափակիչ փուլը մեկնարկում է Ծաղկազարդի Կիրակի՝ Հիսուսի հաղթական մուտքով քաղաք [85]։ Համատես ավետարաններում այդ շաբաթվա ընթացքում Հիսուսը դրամափոխներին դուրս է վռնդում Երկրորդ Տաճարից և մատնվում է Հուդայի կողմից։ Այս շրջանի գագաթնակետն է Վերջին ընթրիքը և Հրաժեշտի զրույցը [75][85][86]։
Իր քարոզչությունը սկսելուց առաջ Հիսուսը ընտրում է տասներկու առաքյալների։
Հովհաննեսի ավետարանում Հիսուսի առաջին երկու առաքյալները Հովհաննես Մկրտչի աշակերտներից էին։ Երբ Հովհաննես Մկրտիչը տեսնում է Հիսուսին և անվանում նրան «Աստծո գառ», երկուսը լսում են դա և հետևում Հիսուսին։
Ըստ Մարկոսի և Մատթեոսի ավետարանների` Հիսուսի առաջին չորս աշակերտները ձկնորսներ էին, որոնք անմիջապես համաձայնվում են թողնել իրենց ցանցերն ու նավակները և հետևել նրան (Մատթ․4.18-22)։ Ի հավելումն տասներկու առաքյալների, երբ Հիսուսը քարոզում է դաշտում, մեծ թվով մարդիկ են գալիս տեսնելու և լսելու նրան (Ղուկ․ 6.17)։ Հիսուսը իր 70-72 աշակերտներին նախօրոք ուղարկում է բոլոր այն քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր (Ղուկ․ 10.1-16)։ Նրանք հրահանգ են ստանում բուժել հիվանդներին և տարածել աշխարհում Աստծո արքայության գալստյան լուրը[87]։
Համատես ավետարաններում Հիսուսը հաճախ ուսուցանում է Աստծո արքայության մասին առակներով։ Աստծո թագավորությունը Հիսուսի ծառայության մեջ բնութագրվում է որպես անմիջական և արդեն ներկա իրողություն։ Հիսուսը Աստծո թագավորություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր կընդունեն իր ուսուցումը (Մարկ․10.13–27)։ Հիսուսը խոսում է Աստծո Որդու մասին, ով գալու է հավաքելու ընտրյալներին[23]։ Նա կոչ է անում մարդկանց ապաշխարել իրենց մեղքերը և ամբողջովին նվիրվել Աստծոն[23]։
Երբ հարցնում են Հիսուսին, թե որն է ամենամեծ պատվիրանը, Հիսուսը պատասխանում է․ «Սիրի′ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով և քո բոլոր մտքերով։ Երկրորդն էլ սրա նման․ Սիրի′ր քո ընկերոջը քո անձի պես» (Մաթ․ 22.37-39)։ Հիսուսի այլ բարոյական պատվիրաններն են՝ սիրել թշնամիներին, ձեռնպահ մնալ ատելությունից և հեշտասիրությունից, ներել այն մարդկանց, ովքեր մեղք են գործել ձեր դեմ և այլն (Մաթ․ 5։44)[88]։
Հովհաննեսի ավետարանում Հիսուսի ուսմունքը ներկայացվում է ոչ որպես իր սեփական քարոզ, այլ որպես աստվածային հայտնություն։ Օրինակի համար Հովհաննես Մկրտիչը նշում է (Հովհ․ 3.34) «Նա, ում Աստված ուղարկել է, խոսում է Աստծո բառերով, քանի որ Աստված հոգին չափով չի տալիս»։ Հիսուսն ասում է․ «Իմ վարդապետությունը իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է» (Հովհ․ 7.16)։ Նա նույնն է հաստատում նաև մեկ այլ տեղ (Հովհ․14.10). «Չե՞ք հավատում, որ ես Հոր մեջ եմ և Հայրն էլ իմ մեջ։ Խոսքերը,որ ես ասում եմ իմ անձից չեմ ասում, այլ Հայրն, որն իմ մեջ է բնակվում, նա է գործում այդ գործերը»[89][90]։
Առակները հաճախ պարունակում են սիմվոլիկա և սովորաբար կապում են ֆիզիկական աշխարհը հոգևորի հետ[91][92]։ Որոշ առակներ ինչպես «Անառակ որդու վերադարձը»(Ղուկ․15.11-32) համեմատաբար պարզ են, սակայն կան առակներ, որոնք շատ բարդ են, խորը և խճճված, ինչպես օրինակ՝ «Սերմացանի առակը» (Մարկ․4. 26-29)[93]։ Երբ Հիսուսին աշակերտները հարցնում են՝ ինչու է առակներով խոսում մարդկանց հետ, նա պատասխանում է, որ ի տարբերություն մյուս մարդկանց, ընտրյալ աշակերտներին տրված է իմանալու երկնային թագավորության գաղտնիքները․ «Ով որ ունի նրան կտրվի և կավելանա, և ով որ չունի ունեցածն էլ կառնվի նրանից» (Մատթ․13.10-17)։
Ավետարանական պատմություններում Հիսուսն իր ծառայության մեծ մասը նվիրում է հրաշքներ գործելուն և հատկապես հիվանդներ բուժելուն։ Հրաշքները դասակարգվում են երկու հիմնական կատեգորիաների՝ բուժական հրաշքներ և բնության հրաշքներ։ Բուժական հրաշքները ներառում են ֆիզիկական հիվանդությունների բուժումը։ Բնության հրաշքները ցուցադրում են Հիսուսի զորությունը բնության վրա և ներառում են՝ ջրի` գինի դառնալը, ջրի վրայով քայլելը, փոթորկի հանդարտեցումը և այլն։ Հիսուսը նշում է, որ իր հրաշքները աստվածային աղբյուրից են։ Երբ Հիսուսի հակառակորդները նրան մեղադրում են այն բանում, որ նա դևերին հանում է Բեեղզեբուղի միջոցով, նա պատասխանում է, որ դա անում է «Աստծո ոգով» (Մատթ․12։28)։ «Եվ եթե ես Բեեղզեբուղով եմ հանում դևերը, ձեր որդիներն ինչո՞վ են հանում. դրա համար նրանք կլինեն ձեր դատավորները։ Բայց եթե ես Աստծո Հոգով եմ հանում դևերը, ուրեմն Աստծո արքայությունը հասել է ձեզ վրա»[94]։
Ցանկացած մեղք նույնիսկ Աստծու կամ մարդու որդու դեմ ներվում են, սակայն ով բարությունն է վիրավորում կամ Սուրբ Հոգուն` չի ներվի։ Նա իր մեղքը կրելու է հավերժ։ Այնուամենայնիվ համատես ավետարաններում, երբ Սադուկեցիներն ու Փարիսեցիները Հիսուսին ասում են, որ ցույց տա հրաշքի նշան և ապացուցի իր իշխանությունը,Հիսուսը հրաժարվում է` ասելով․ «Չար և շնացող ազգը նշան է խնդրում․ և նշան չի տրվի նրան, Հովնան մարգարեի նշանից բացի»[95]։
Հիսուսի հրաշագործության բնութագրիչ հատկանիշն այն է, որ նա հրաշքներ է գործում ազատ, երբեք չի հարցնում և չի ընդունում վարձատրության որևէ ձև[96] :
Ավետարանական այն հատվածները, որոնք պարունակում են Հիսուսի հրաշագործությունները և հրաշքները, հաճախ նաև նրա ուսմունքի հատվածներ են ներառում և ինքնին դառնում են ուսուցման տարրերից մեկը[97]։ Հրաշքներից շատերը ուսուցանում են հավատի կարևորությունը։ Օրինակի համար՝ «Տասը բորոտների մաքրումը» և «Յաիրոսի դուստեր հարությունը» հրաշագործություններում ցույց է տրվում հավատի շնորհիվ նրանց բժշկվելը[98]։
Բոլոր համատես ավետարաններում էլ հիշատակվում է երկու կարևոր իրադարձությունների՝ Պետրոսի խոստովանության և Հիսուսի պայծառակերպության մասին[84][99][100][101]։ Այս երկու իրադարձությունները Հովհաննեսի ավետարանում բացակայում են [102]։ Իր խոստովանությունում Պետրոսը ասում է Հիսուսին․ «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին»[103][104][105]։ Հիսուսը հաստատում է, որ Պետրոսի խոստովանությունը աստվածային ճշմարտությունն է բացահայտում[106][107]։ Խոստովանությունից հետո Հիսուսն ասում է իր աշակերտներին իր՝ մոտակա մահվան և հարություն առնելու մասին (Մատթ․ 16.21, Մարկոս 8.31, Ղուկաս 9.22)։
Պայծառակեպության դրվագում (Մատթ․ 17.1–9, Մարկոս, 9. 2–8, և Ղուկաս 9. 28–36),[100][84][101] Հիսուսը Պետրոսին և երկու այլ առաքյալների տանում է անանուն լեռը, որտեղ նա այլակերպվում է նրանց առաջ, և նրա դեմքը փայլում է արևի պես, իսկ զգեստները դառնում են պայծառ սպիտակ [108]։ Մի լուսավոր ամպ է հայտնվում նրանց շուրջը և ամպերից եկող ձայնն ասում է․ «Դա՛ է իմ Սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. նրա՛ն լսեք» (Մատթ․17:1–9)[100]։
Հիսուս Քրիստոսի կյանքը (ըստ քրիստոնյաների՝ «փրկագործ տնօրինության երկրավոր շրջանը») ավարտվում է հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացու կողմից նրան խաչելության միջոցով մահվան դատապարտմամբ։ Քրիստոնյաները հավատում են, որ խաչելությանը հաջորդած շաբաթվա առաջին օրը (Կիրակի) տեղի է ունեցել Հիսուսի հարությունը։ Ըստ Նոր Կտակարանի գրքերի՝ հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվել է իր աշակերտներին «քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծու արքայության մասին»[109]։
Հիսուսի կյանքի վերջին շաբաթվա նկարագրությունը (հաճախ Զատկի կամ Զատկական շրջան է կոչվում), ներառում է կանոնական ավետարանների պատմությունների մոտ մեկ երրորդը՝ սկսած Հիսուսի հաղթական մուտքով Երուսաղեմ և ավարտած նրա խաչելությամբ [75][85]։
Հիսուսը Երուսաղեմում
Համատես ավետարաններում վերջին շաբաթը Երուսաղեմում Գալիլեայից սկսած, Պերեայով և Հրեաստանով անցնող ճամփորդության ավարտն է [85]։ Հիսուսը ավանակի քուռակին նստած մտնում է Երուսաղեմ՝ կատարելով Զաքարիա մարգարեի գրքից Օծյալի ավանակի մարգարեությունը, որում հրեաների համեստ թագավորը այդպես է մտնում Երուսաղեմ[110]։ Մարդիկ ճանապարհի երկայնքով նրա առջև են փռում իրենց զգեստները և ծառերից ճյուղեր (ենթադրվում է՝ արմավենու ճյուղեր) և փառաբանում նրա մուտքը Երուսաղեմ։
Ապա Հիսուսը Երուսաղեմի տաճարից (այսպես կոչված՝ Երկրորդ տաճար) վտարում է լումայափոխներին՝ մեղադրելով նրանց այն բանում, որ նրանք տաճարը վերածել են իրենց առևտրի համար «ավազակային» որջի։ Այդ ժամանակ Հիսուսը մարգարեանում է գալիք կործանումների մասին՝ ներառյալ կեղծ մարգարեներ, պատերազմներ, երկրաշարժներ, երկնային անկարգություններ, հավատացյալների հալածանքներ և անտանելի տառապանքներ (Մարկոս 13. 1–23)։ Նա ասում է, որ խորհրդավոր «Մարդու Որդին» կուղարկի հրեշտակներին երկրի բոլոր կողմերից հավատացյալներին հավաքելու (Մարկոս 13. 24–27}})։ Հիսուսը նախազգուշացնոմ է, որ այս հրաշքները տեղի կունենան լսողների կյանքի ընթացքում [111]։ Հովհաննեսի ավետարանում Տաճարի մաքրումը տեղի է ունենում Հիսուսի ծառայության սկզբում (Հովհ 2:13–16)[68]։
Հիսուսը հակասության մեջ է մտնում հրեա ավագների հետ, երբ նրանք կասկածի տակ են դնում նրա հեղինակությունը, և երբ նա նրանց քննադատում է՝ անվանելով երեսպաշտ [112][113]։ Հուդա Իսկարիովտացին՝ Հիսուսի տասներկու առաքյալներից մեկը, գաղտնի գործարք է կնքում հրեա երեցների հետ՝ համաձայնվելով նրանց մատնել հիսուսին 30 արծաթե դրամի դիմաց[114][115]։
Հովհաննեսի ավետարանում պատմվում է երկու այլ տոների մասին, որոնք Հիսուսը անց է կացրել և ուսուցանել է Երուսաղեմում նախքան Զատկական Շաբաթի տարին (Հովհ 7:1–10:42)[73]։ Հովհաննեսի ավետարանն է պարունակում Բեթանիայում (Երուսաղեմի մոտ գտնվող գյուղ) Հիսուսի կողմից Ղազարոսին մեռյալներից հարություն տալու պատմությունը։ Այս հզոր նշանը [68] ուժեղացնում է իշխանությանների հետ եղած լարվածությունը [85], որոնք որոշում են սպանել նրան (Հովհ 11)[73]։ Ապա Հիսուսը կատարում է իր հաղթական մուտքը Երուսաղեմ[73]։ Հիսուսին դիմավորող ուրախ ամբոխը էլ ավելի է գրգռում նրա նկատմամբ հրեա վերնախավի թշնամանքը [85]։ Հովհաննեսի ավետարանում Հիսուսը Երուսաղեմի տաճարը մաքրում է Երուսաղեմ իր ավելի վաղ կատարած զատկական այցելության ժամանակ։ Ապա Հովհաննեսը պատմում է Հիսուսի և աշակերտների Վերջին Ընթրիքի մասին[73]։
Վերջին ընթրիք
Վերջին ընթրիքը վերջին ճաշն է, որ Հիսուսը նախքան խաչելությունը կիսում է Երուսաղեմում իր 12 առաքյալների հետ։ Վերջին Ընթրիքը հիշատակված է բոլոր չորս կանոնական ավետարաններում։ Վերջին ընթրիքին անդրադարձներ է պարունակում նաև Պողոս առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին (11.23–26)[116][117][118]։ Ընթրիքի ընթացքում Հիսուսը կանխագուշակում է, որ իր առաքյալներից մեկը կմատնի նրան [119]։ Չնայած առաքյալներից յուրաքանչյուրը հավաստիացնում է, որ ինքը երբեք չի դավաճանի, Հիսուսը կրկնում է, որ մատնիչը կլինի ներկաներից մեկը Մատթեոս26. 23–25 և Հովհաննես 13. 26–27 մասնավորապես ճանաչում է Հուդային որպես դավաճան[116][117][119]։
Համատես ավետարանում Հիսուսը վերցնում է հացը, օրհնում, կտրում է այն և տալիս աշակերտներին ասելով․ «Այս է իմ մարմինը, որը տրվում է ձեզ համար»։ Այնուհետև վերցնում գինով լի բաժակը, գահութթյուն հայտնում և տալիս աշակերտներին։ Երբ բոլորը խմում են, ասում է․ «Այս է Նոր Ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար»[116]։ Հովհաննեսի ավետարանում Վերջին ընթրիքի ընթացքում հացի և գինիի ծիսակարգի նկարագրությունը բացակայում է Հովհաննես 6:22–59։
Չորս ավետարաններում էլ Հիսուսը կանխագուշակում է, որ Պետրոսը մինչև հաջորդ առավոտ աքլորականչը երեք անգամ կուրանա իրեն[120][121]։ Ղուկասի և Հովհաննեսի ավետարաններում կանխագուշակումը տեղի է ունենում Ընթիրքի ընթացքում (Ղուկաս 22.34, Հովհաննես 22.34)։ Մատթեոսի և Մարկոսի մոտ կանխագուշակումը արվում է Ընթրիքից հետո։ Հիսուսը նաև կանխագուշակում է, որ իր բոլոր աշակերտները կլքեն իրեն (Մատթեոս 26.31–34, Մարկոս 14.27–30)[122]։ Հովհաննեսի ավետարանը միակն է, որը պարունակում է ընթրիքից հետո ոտնլվայի արարողության նկարագրությունը [123]։ Հովհաննեսը նաև նեչկայացնում է Հիսուսի երկար քարոզը, որը նախապատրաստում էր աշակերտներին (հիմա առանց Հուդայի) իր հեռանալուն Գլուխ 14–17։ Հովհաննեսի ավետարանը այս հատվածը հայտնի է որպես «հրաժեշտի ճառասացություն» և նշանակալի է որպես քրիստոնեության դավանաբանության աղբյուր[124][125]։
Գեթսեմանյան այգում. մատնություն և ձերբակալություն
Համատես ավետարանիչների մոտ Վերջին ընթրիքից հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնում է Գեթսեմանի այգի, որտեղ աղոթում է իր առաջիկա փորձությունների «բաժակը» իրենից հեռացվելու համար՝ վերջում ավելացնելով «բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում» (Մարկոս 14.36)։ Ապա Հուդան գալիս է քահանայապետերի, դպիրների և երեցների կողմից ուղարկված զինված ամբոխի հետ։ Նա համբուրում է Հիսուսին՝ դրանով մատնացույց անելով ամբոխին նրա ինքնությունը, որից հետո Հիսուսին ձերբակալում են։ Փորձելով կանգնեցնել նրանց՝ Հիսուսի անանուն աշակերտներից մեկը թրով կտրում է ամբոխից մեկի ականջը։ Հիսուսի ձերբակալությունից հետո աշակերտները թաքնվում են, իսկ Պետրոսը հարցաքննության ժամանակ երեք անգամ ուրանում է, որ ճանաչում է Հիսուսին։ Երրորդ ուրացումից հետո Պետրոսը լսում է աքաղաղի կանչը, հիշում Հիսուսի կանխագուշակումը իր ուրացման մասին և դառնությամբ արտասվում է[122][111][120]։
Հովհաննեսի ավետարանում (18.1–11) խաչելությունից խուսափելու համար Հիսուսը աղոթքի դրվագը բացակայում է [126]։ Հիսուսին ձերբակալողների մեջ առանձնացվում են հռոմեացի զինվորները և Տաճարի պահակազորը[127]։ Համբույրով մատնված լինելու փոխարեն, Հիսուսը հռչակում է իր ինքնությունը, և երբ նա դա անում է, զինվորները և սպսավորները ընկնում են գետնին։ Ավետարանը թուր գործածած աշակերտին նույնականացնում է Պետրոսի հետ, որին Հիսուսը կշտամբում է դրա համար։
Դատավարություն Սինեդրիոնում, Հերովդես և Պիղատոս
Ձերբակալությունից հետո Հիսուսին տանում են Սինեդրիոն՝ հրեական դատական ատյան [128]։ Ավետարանական պատումներում դատավարության մանրամասները որոշ չափով տարբերվում են[129]։ Մատթեոս 26.57, Մարկոս 14.53 և Ղուկաս 22.54 գլուխներում Հիսուսը տարվում է քահանայապետ Կայիափայի բնակարան, որտեղ հավաքվել էին նաև հրեա օրենսգետներն ու ծերերը։ Հիսուսին այդ գիշեր ծաղրում և ծեծում են։ Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, քահանայապետը և դպիրները տանում են նրան իրենց խորհուրդ [130][131][132] Հովհ․ 18.12–14 գլխում ասվում է, որ Հիսուսը սկզբում տարվում է Աննայի՝ Կայիափայի աներոջ մոտ, հետո նոր՝ քահանայապետի[130][131][132]։
Հարցաքննության ընթացքում Հիսուսը շատ քիչ է խոսում, պաշտպանության իրավունքից չի օգտվում և քահանաների հարցերին տալիս է անուղղակի և հակիրճ պատասխաններ՝ դրդելով սպասավորներից մեկին ապտակել իրեն։ Մատթ․ 26.62 գլխում Հիսուսի լռությունը ստիպում է Կայիափային հարցնել նրան․ «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանություն են անում դրանք [130][131][132]։ Մարկոս 14.61 գլխում, երբ քահանայապետը հարցնում է Հիսուսին «Դու ե՞ս Քրիստոսը՝ Օրհնյալի որդին», Հիսուսը պատասխանում է․ «Ես եմ» և մարգարեանում է Աստծո Որդու գալստյան մասին[23]։ Դա հրահրում է Կայիափային բարկությունից իր շորերը պատռել և Հիսուսին մեղադրել Աստծուն անպատվելու մեջ։ Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում Հիսուսը պատասխանում է ավելի երկիմաստ․ «Դու այդպես ասացիր»[23][133]։ Մատթ․ 26.64 և Ղուկաս 22.70 գլխներում նա ասում է․ «Դու ասացիր, որ ես եմ» [134][135]։
Այնուհետև հրեա երեցները Հիսուսին տանում են նահանգի հռոմեական կուսակալ Պոնտացի Պիղատոսի ատյան և խնդրում կուսակալին դատապարտել Հիսուսին մահվան՝ Աստծուն անպատվելու, հրեական ազգը մոլորեցնելու, կայսեր հարկը տալը արգելելու, Հռոմի դեմ խռովություն հրահրելու, կախարդության, ինքն իրեն Քրիստոս՝ հրեաների թագավոր հռչակելու, Աստծո Որդին և աշխարհի փրկիչը լինելու մեղադրանքներով[132]։ «Թագավոր» բառի գործածումը Հիսուսի և Պիղատոսի զրույցում կենտրոնական տեղ է գրավում։
Հովհ․ 18.36 գլխում Հիսուսը հայտարարում է․ «Իմ թագաւորությունը այս աշխարհից չէ», բայց չի ժխտում, որ հրեաների թագավորն է[136][137]։ Ղուկաս 23.7–15 գլխում Պիղատոսը հասկանում է, որ Հիսուսը գալիլեացի է և գտնվում է Հերովդես Անտիպասի իշխանության ներքո [138][139] ուղարկում է Հիսուսին Հերովդեսի դատին [140], բայց Հիսուսը ոչինչ չի պատասխանում Հերովդեսի հարցերին։ Հերովդեսը և նրա զինվորները անարգում են նրան, թագավորավայել թանկարժեք զգեստներ հագցնում և հետ ուղարկում Պիղատոսի մոտ [138], որն էլ հրեա քահանայապետերին և իշխաններին ասում է, որ ինքը «այս մարդու մեջ չի գտել մեկն այն հանցանքներից, որոնցով դուք նրան ամբաստանում եք» [140]։
Պահպանելով այդ ժամանակների զատկական կարգը՝ Պիղատոսը արտոնում է ազատ արձակել ամբոխի կողմից ընտրված մեկ բանտարկյալի։ Նա մարդկանց հնարավորություն է տալիս ընտրություն կատարել Հիսուսի և Բարրաբա ( בר-אבא) կոչվող մարդասպանի միջև[141]։ Երեցների կողմից հրահրված ամբոխը (Մատթեոս 27.20) նախընտրում է ազատ արձակել Բարրաբային և խաչել Հիսուսին[142]։ Պիղատոսը եբրայերեն նշան է գրում «Հիսուս Նազովրեցի, հրեաների թագավոր» որպեսզի փակցնեն Հիսուսի խաչին (Հովհ․ 19.19–20)[143], ապա ուղարկում է նրան խաչելության։ Մինչ Գողգոթա խաչելու տանելը, զինվորները նրան ծեծում և ծաղրում են[144][130][132][145]։
Խաչելություն և թաղում
Հիսուսի խաչելությունը նկարագրված է բոլոր կանոնական ավետարաններում։ Դատավարությունից հետո Հիսուսին առաջնորդում են դեպի Գողգոթա։ Կանոնական երեք ավետարաններում նշվում է, որ ճանապարհի որոշ հատված նրա փոխարեն խաչափայտը կրում է Սիմոն Կյուրենացին [146][147]։ Ղուկ․ 23.27–28 գլխում Հիսուսն իրեն հետևող կանանց բազմությանն ասում է, որ լաց չլինեն իր վրա, այլ լաց լինեն իրենց և իրենց երեխաների վրա [146]։ Գողգոթայում Հիսուսին առաջարկում են ըմպել քացախ, որը սովորաբար տալիս էին խաչելության դատապարտվածներին ցավերը մեղմացնելու նպատակով։ Ըստ Մատթեոսի՝ նա հրաժարվում է դրանից[146][147]։
Զինվորները, Հիսուսին խաչելուց հետո վիճակ գցելով, բաժանում են նրա զգեստները։ Հիսուսի գլխավերևում խաչի վրա Պիղատոսը փակցնել է տալիս երբայերեն, հունարեն և լատիներեն լեզուներով հետևյալ արձանագրությունը․ «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Զինվորները և անցորդները ծաղրում են նրան։ Հիսուսի երկու կողմում խաչելության էին հանվել երկու չարագործ, որոնցից մեկը, ըստ Ղուկասի ավետարանի, նախատում էր Հիսուսին, իսկ մյուսը՝ պաշտպանում նրան՝ խնդրելով Հիսուսին հիշել իրեն, երբ գա իր «թագավորությամբ» [146][148][149]։ Վերջինիս Հիսուսն ասում է․ «Այսօր դու ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23.43)։ Հովհաննեսի ավետարանում մայրը՝ Մարիամը և սիրելի աշակերտը խաչելության ժամանակ Գողգոթայի վրա էին։ Հիսուսն պատվիրում է սիրելի աշակերտին հոգ տանել մոր մասին (Հովհաննես 19.26–27)։
Մահն արագացնելու նպատակով հռոմեացի զինվորները կոտրում են երկու գողերի սրունքները, բայց չեն կոտրում Հիսուսինը, քանի որ նա արդեն մահացել էր (Հովհաննես 19.33)։ Հովհաննեսի 19.34 գլխում զինվորներից մեկը գեղարդով խոցում է նրա կողը և ջուրն ու արյունը հոսում են դուրս [148]։ Համատես ավետարաններում, երբ Հիսուսի մահվան պահին պատռվում է Երուսաղեմի տաճարի վարագույրը։ Մատթեոս 27.51–54 գլխում տեղի է ունենում երկրաշարժը, որից հետո գերեզմաններ են բացվում։ Մատթեոսի և Մարկոսի ավետարաններում իրադարձություններից սարսափած հռոմեացի հարյուրապետը հաստատում է, որ Հիսուսը Աստծո Որդին է[146][150]։
Նույն օրը Հովսեփ Արիմաթեացին Պիղատոսի թույլտվությամբ և Նիկոդեմուսի օգնությամբ իջեցնում է Հիսուսի մարմինը խաչից, փաթաթում նրան մաքուր պատանքի մեջ և թաղում վեմի մեջ փորված նոր գերեզմանում [146]։ Մատթեոս 27.62–66 գլխում Հիսուսի մահին հաջորդող օրը քահանայապետերը խնդրում են Պիղատոսին հսկողություն սահմանել գերեզմանի վրա և նրա թույլտվությամբ կնքում են մուտքը ծածկող վեմը[146][151]։
Հարություն և համբարձում
Մարիա Մագդաղենացին (Հովհաննեսի ավետարանում մենակ, սակայն Համատես ավետարաններում այլ կանանց հետ) Կիրակի առավոտյան գնում է Հիսուսի գերեզման և զարմանում է այն դատարկ տեսնելով։ Չնայած Հիսուսի խոսքերին՝ աշակերտները չէին կարող ըմբռնել, որ նա կրկին հարություն է առնելու[152]։
- Մատթեոսի ավետարանում գերեզմանի մոտ պահակներ կային։ Երկնքից իջած հրեշտակները բացում են գերեզմանը։ Պահակները վախից ուշաթափվում են։ Հիսուսը երևում է Մարիամ Մագդաղենացուն և «մյուս Մարիամին» նրանց՝ գերեզման այցելելուց հետո։ Ապա Հիսուսը Գալիլեայում հայտնվում է մնացած տասնմեկ առաքյալներին և հանձնարարում նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունից մկրտել բոլոր ազգերին [123]
- Մարկոսի ավետարանում Մարիամ Մագդաղենացու հետ են հիշատակվում Սաղոմեն և Հակոբոսի մայր Մարիամը (Մարկոս 16.1)։ Գերեզմանում սպիտակ շորերով երիտասարդը (հրեշտակը) նրանց ասում է, որ Հիսուսը կհանդիպի իր աշակերտների հետ Գալիլեայում, ինչպես ասել է նրանց (Մարկոս 14.28).[110]
- Ղուկասի ավետարանում Մարիամը և այլ կանայք գերեզմանում հանդիպում են երկու հրեշտակների, բայց տասնմեկ առաքյալները չեն հավատում նրանց պատմությանը (Ղուկաս 25.1–12)։ Հիսուսը երևում է իր երկու հետևորդներին Էմմաուսում։ Նա երևում է նաև Պետրոսին։ Նույն օրը Հիսուսը երևում է նաև իր առաքյալներին Երուսաղեմում (Ղուկաս 24:13–43)։ Նա խորհրդավոր հայտնվում է և անհետանում, ուտում է և թողնում է դիպչել իրեն՝ ապացուցելով որ ինքը հոգի չէ։ Նա կրկնում է իր հանձնարարությունը՝ իր ուսմունքը հասցնել բոլոր ազգերին (Ղուկաս 24.51)[153]։
- Հովհաննեսի ավետարանում Մարիամ Մագդաղենացին սկզբում մենակ է, բայց Պետրոսը և «սիրելի աշակերտը» ևս գալիս և տեսնում են դատարկ գերեզմանը։ Հիսուսը երևում է Մարիամին գերեզմանի մոտ։ Ավելի ուշ նա երևում է բոլոր առաքյալներին, փչում նրանց վրա և տալիս նրանց մեղքերը ներելու ուժ։ Աշակերտներին երկրորդ այցի ժամանակ նա կասկածող աշակերտին ապացուցում է, որ ինքը մսից և արյունից է[68]։ Աշակերտները վերադառնում են Գալիլեա, որտեղ նրանց կրկին երևում է Հիսուսը։ Նա կատարում է այնպիսի հրաշքներ, ինչպիսիք են Գալիլեայի ծովում 153 ձկան բռնելը, որից հետո Հիսուսը խրախուսում է Պետրոսին ծառայել իր հետևորդներին [154][155]։
Հիսուսի համբարձումը երկինք նկարագրված է Ղուկաս 24.50–53, Գործք Առաքելոց 1.1–11 գլուխներում և հիշատակվում է Տիմոթեոս 3.16 գլխում։ Գործք Առաքելոցում հարությունից քառասուն օր հետո աշակերտների ներկայությամբ «նա երկինք վերացավ և ամպը ծածկեց նրան աշակերտների աչքերից»։ 1 Պետրոս 3.22 հաստատում է, որ Հիսուսը «գնացել է երկինք և Աստծո աջ կողմում է»[154]։
Գործք Առաքելոցը նկարագրում է Հիսուսի համբարձումից հետո մի քանի անգամ երևալը։ Գործք7.55 գլխում Ստեփանոսը նայում է դեպի երկինք և տեսնում «Հիսուսին՝ կանգնած Աստծո աջ կողմում» ինչպես իր մահից առաջ[156]։ Դամասկոսի ճանապարհին Սողոսը դառնում է քրիստոնյա՝ տեսնելով կուրացնող լույս և լսելով ձայն, որ ասում էր «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես» (Գործք 9.5)։ Գործք 9.10–18 գլխում Հիսուսը տեսիլքի միջոցով պատվիրում է Դամասկոսում բնակվող Անանիային բուժել Սողոսին[157]։ Հայտնություն Հովհաննեսի գրքում նկարագրվում է Հիսուսի հայտնությունը՝ կապված աշխարհի վերջին օրերի հետ[158]։