ԱՄՆ-ի պատմություն (1918-1945)
From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ Նահանգների 1918-1945 թվականների պատմությունն ընդգրկում է մռնչացող քսանականների, Մեծ ճգնաժամի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանները։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը մերժեց Վերսալի պայմանագիրը և հրաժարվեց միանալ Ազգերի լիգային։ 1920 թվականի ամռանը Սահմանադրության տասնութերորդ փոփոխությամբ երկրում մտցվեց չոր օրենք։ Ալկոհոլի սպառումը նվազեց, բայց չդադարեց, ամենուր հայտնվեցին հաստատություններ, որտեղ գաղտնի վաճառվում էին կազմակերպված հանցավորության կողմից մաքսանենգ ճանապարհով մատակարարված ոգելից խմիչքներ։ Հանցավոր խմբավորումների ազդեցությունն ու հարստությունը լրջորեն սկսեց աճել[1]։
1920-ականներին Ամերիկան մտավ բարգավաճման շրջան։ Տնտեսությունն արագորեն աճեց, բացառությամբ գյուղատնտեսության և ածուխի արդյունաբերության, որոնք ավելի ու ավելի խիստ մրցակցություն էին զգում նավթարդյունաբերության կողմից։ Գները համեմատաբար կայուն էին, իսկ համախառն ազգային արտադրանքը շարունակաբար աճում էր։ ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերել եվրոպական տնտեսության վերականգնմանը՝ համաձայն Դաուեսի և Յունգի ծրագրերի[2]։
Տնտեսական բարգավաճումն ավարտվեց 1929 թվականին, երբ տեղի ունեցավ ֆոնդային բորսայի փլուզումը, որով սկսվեց Մեծ ճգնաժամը։ Դաշնային կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն օգնեցին ազգին գոյատևել, բայց տնտեսությունը մնաց անկման մեջ ամբողջ 1930-ականներին։ Միայն 1940 թվականին համախառն ներքին արդյունքը հասավ 1929 թվականի մակարդակին։
Այս դարաշրջանում մեկուսացումը գերակշռում էր ամերիկյան հասարակական կարծիքի մեջ։ Այնուամենայնիվ, 1940 թվականին հիտլերյան Գերմանիայի կողմից Ֆրանսիայի գրավումից հետո ԱՄՆ-ը սկսեց պատրաստվել նոր համաշխարհային պատերազմի և տնտեսական աջակցություն ցուցաբերել Մեծ Բրիտանիային, Չինաստանին և 1941 թվականից ԽՍՀՄ-ին։ ԱՄՆ-ի համար պատերազմի սկիզբը հանկարծակի էր՝ ճապոնական զինված ուժերի հարձակումը Հավայան կղզիներում գտնվող Պերլ Հարբոր ամերիկյան ռազմաբազայի վրա։ 1943 թվականին անգլո-ամերիկյան զորքերի ներխուժումը Իտալիա հանգեցրեց նրա անցմանը դաշնակիցների կողմը։ 1945 թվականին Գերմանիան և Ճապոնիան հանձնվեցին իրենց տարածքը դատարկելուց և մարդկային ռեսուրսները սպառելուց հետո, մինչդեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը շատ ավելի աղքատ և թույլ դարձավ։