Աբորտ
From Wikipedia, the free encyclopedia
Աբորտ (լատին․՝ abortus՝ «վիժում» բառից), հղիության ընդհատում՝ պտուղի հեռացում կնոջ արգանդից բնական կամ արհեստական ճանապարհով առաջին 28 շաբաթվա (7 լուսնամսի) ընթացքում։ Հղիության բնական ընդհատումը կոչվում է վիժում]կամ ինքնաբեր աբորտ, և այն տեղի է ունենում հղիության 30-50%-ի դեպքում[1][2]։ Իսկ հղիության կանխամտածված ընդհատումը կոչվում է արհեստական խթանված աբորտ։ Սովորաբար աբորտ տերմինն օգտագործում են նկարագրելու համար միայն խթանված տեսակը[3]:Այն միջամտությունը, որից հետո պտուղը կարող է արգանդից դուրս գոյատևել, կոչվում է հղիության ուշացած ընդհատում[4]։ Ժամանակակից բժշկության մեջ լայն կիրառություն ունեն տարբեր դեղամիջոցներ և վիրաբուժական միջամտություններ դրդված վիժման համար։ Այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են միֆեպրիստոնը (mifepristone) և պրոստագլադինը (prostaglandin), արդյունավետությամբ չեն զիջում վիրաբուժական միջամտությանը առաջին եռամսյակում[5]։
Աբորտ | |
---|---|
Տեսակ | բժշկական գործողության տեսակ |
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձություն |
ՀՄԴ-9 | 779.6 |
ՀՄԴ-10 | O04 |
Abortion Վիքիպահեստում |
Բոլոր այն երկրներում, որտեղ հղիության արհեստական ընդհատումը օրենքով թույլատրելի է, այն համարվում է ամենաանվտանգ միջամտություններից մեկը բժշկության ոլորտում[6][7]։ Ժամանակակից մեթոդներն իրենց մեջ ներառում են դեղորայքային կամ վիրաբուժական տեսակները[8]։ Միֆեպրիստոնը պրոստագլանդինի հետ համակցված համարվում է նույնքան անվտանգ և արդյունավետ, որքան վիրաբուժական մեթոդն է հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում[8][9]։ Ամենատարված վիրաբուժական միջամտությունը կատարվում է արգանդի պարանոցի դիլատացիայով և արտածծող սարքով[10]։ Դեղահաբերը կամ ներարգանդային պարույրները, որոնք օգտագործում են հետագա հղիություններից խուսափելու համար, կարող են օգտագործվել հղիության արհեստական ընդհատումից անմիջապես հետո[9]։ Հղիության արհեստական ընդհատումները, երբ կատարվում են օրենքի սահմաններում և անվտանգ են, չեն հանգեցնում հետագա մտավոր կամ ֆիզիկական ռիսկերի բարձրացմանը[11]։ Ի տարբերություն դրա, մեկ տարվա ընթացքում 5 միլիոն ոչ հուսալի աբորտների միջամտության արդյունքում գրանցվել է 47.000 մահվան դեպք[11][12]։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը երաշխավորում է օրենքով թույլատրելի և հուսալի միջամտությունների հասանելիությունը կանանց համար[13]։
Ամեն տարի աշխարհում կատարվում է մոտավոր 56 միլիոն հղիության արհեստական ընդհատում[14], որից 45%-ը կատարվել է ոչ հուսալի կերպով[15]։ 2003-2008 թվականների ընթացքում հղիության արհեստական ընդհատման ցուցանիշները փոփոխվել են[16]։ Ըստ 2008 թվականի տվյալների, աշխարհի կանանց 40%-ը հնարավորություն է ունեցել կատարել հղիության արհեսատական ընդհատում՝ առանց սահմանափակումների[17]։ Այն երկրներում, որտեղ թույլատրված է հղիության արհեստական ընդհատումը, ունեն որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ թե որ գեստացիոն շաբաթում է կատարվում այն[17]։
Հին ժամանակներում հղիության արհեստական ընդհատումներ կատարելու համար օգտագործվել են խոտաբույսեր, կատարվել մերսումներ կամ այլ ավանդական մեթոդներ[18]։ Աբորտի վերաբերյալ օրենքները և մշակութային կամ կրոնական հայացքները աշխարհում տարբեր են։ Որոշ տեղամասերում այն օրենքով թույլատրելի է միայն հատուկ դեպքերում[19]։ Շատ տեղերում այն բարոյական, էթիկական և օրինական մակարդակներով բուռն քննարկման թեմա է հանդիսանում[20][21]։ Նրանք, ովքեր դեմ են աբորտին, պնդում են, որ էմբրիոնը կամ պտուղը մարդ է, ով ունի կյանքի իրավունք, և այն համարում են մարդասպանություն[22][23]։ Իսկ նրանք, ովքեր կողմ են աբորտի օրինականացմանը, պնդում են, որ կինը իրավունք ունի որոշում կայացնել այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են իր մարմնի հետ[24]։ Մյուսներն էլ պնդում են, որ աբորտի օրենքով թույլատրելիությունը կարող է նպաստել հանրային առողջության պահպանմանը[25]։