From Wikipedia, the free encyclopedia
Ագնեշ Կելետի (հունգ.՝ Keleti Ágnes, հունվարի 9, 1921[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3]), հրեական ծագմամբ հունգարացի նախկին մարմնամարզուհի և մարզիչ, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն (1952, 1956), աշխարհի չեմպիոն (1954, զուգափայտեր), Հունգարիայի չեմպիոն (1947-1954, սպորտային մարմնամարզության)։ Հունգարիայի դրոշի ներքո մասնակցելով Օլիմպիական խաղերին՝ Ագնեշ Կելետին վաստակել է 10 մեդալ,այդ թվում՝ հինգ ոսկե, և համարվում է Օլիմպիական խաղերին մասնակցած հրեա ամենահաջողակ մարզիկներից մեկը պատմության մեջ։ Կելետին ավելի շատ օլիմպիական մեդալներ է վաստակել, քան Իսրայելի քաղաքացիություն ունեցող այլ մարզիկ, իսկ հրեա մարզիկների շարքում նա երկրորդն է. Օլիմպիական խաղերում իր վաստակած մեդալների թվով նա զիջում է միայն Մարկ Սպիտցը[4][5]։ 1956 թվականի Օլիմպիական խաղերում Ագնեշ Կելետին եղել է ամենաշատ մեդալներ վաստակած մարմնամարզիկը։
Ագնեշ Կելետի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | հունգ.՝ Keleti Ágnes |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ, համալսարանի դասախոս և մարզիչ |
Երկիր՝ | Հունգարիա և Իսրայել |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 9, 1921[1][2] (103 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3] |
Ագնեշ Կելետին ծնվել է 1921 թվականի հունվարի 9-ին Բուդապեշտում, հրեայի ընտանիքում[6]։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է չորս տարեկանից, իսկ 16 տարեկանում առաջին անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Իր կարիերայի ընթացքում նա այդ տիտղոսին արժանացել է տասը անգամ[5][7][8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով 1940 թվականի Ամառային օլիմիպիական խաղերը չեղյալ են համարվել, և Ագնեշ Կելետին ժամանակավորապես դադարեցրել է մարզումները։ Նա վերապրել է Հոլոքոստը՝ ձևանալով քրիստոնյա և ապրելով գյուղում։ Նրա հայրը մահացել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում[4][5][7][8], իսկ մայրն ու քույրը թաքնվել են և փրկվել շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի կողմից։
Պատերազմից հետո Կելետին որակավորվել է մասնակցելու 1948 (բաց է թողել վնասվածքի պատճառով), 1952 և 1956 թվականների Օլիմպիական խաղերին։
1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերից (1956 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր) հետո Ագնեշ Կելետին քաղաքական ապաստան է ստանում և հունգարացի 44 այլ մարմնամարզիկների հետ մնում Ավստրալիայում։ Նրանք որոշում են չվերադառնալ Հունգարիա 1956 թվականի ապստամբությունից հետո, երբ Խորհրդային Միության զորքերը ներխուժել էին երկիր։
Հետագայում Ագնեշ Կելետին մեկնել է Իսրայել[9]։ Հունգարիայից այնտեղ են տեղափոխվել նաև նրա մայրն ու քույրը։ Իսրայելում Կելետին օլիմպիական բացարձակ չեմպիոն Մարիա Գորոխավսկայայի հետ աշխատել է որպես ֆիզիկական դաստիարակության հրահանգիչ[10]։
2002 թվականին Ագնեշ Կելետիի անունն ընդգրկվել է «Մարմնամարզության համաշխարհային փառքի սրահում» (Օկլահոմա Սիթի, ԱՄՆ)[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.