Ադամանդե ձեռքը
From Wikipedia, the free encyclopedia
«Ադամանդե ձեռքը» (ռուս.՝ Бриллиантовая рука), խորհրդային էքսցենտրիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը 1968 թվականին[2]։ Սցենարը գրել են Մորիս Սլոբոդսկին, Յակով Կոստյուկովսկին և Լեոնիդ Գայդայը։ Կինոնկարի հիմքում ընկած է պատմություն այն մասին, թե ինչպես են արտասահմանցի մաքսանենգները խորհրդային զբոսաշրջիկ Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովին շփոթում փոխադրող-գործակալ Գենադի Կոզոդոևի հետ։ Սյուժեն պտտվում է չարագործների՝ գիպսե վիրակապում թաքնված ադամանդները վերադարձնելու համառ, բայց անհաջող փորձերի շուրջ։ Գլխավոր հերոսի կերպարն ստեղծելիս սցենարիստները հաշվի են առել Յուրի Նիկուլինի դերասանական տվյալները, որը դերասանական կազմում ընդգրկվել է առանց կինոփորձերի։ Ֆիլմում նկարահանվել են նաև Անդրեյ Միրոնովը, Անատոլի Պապանովը, Նոնա Մորդյուկովան, Սվետլանա Սվետլիչնայան, Ստանիսլավ Չեկանը, Վլադիմիր Գուլյաևը, Նինա Գրեբեշկովան և այլ արտիստներ։ Նկարահանումներն անցկացվել են 1968 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր Սոչիում, Ադլերում, Տուապսեում, Գժատսկում, Պավլովսկայա Սլոբոդայում, Մոսկվայի նատուրալ օբյեկտներում և «Մոսֆիլմի» տաղավարներում։ «Արտասահմանյան տեսարանները» նկարահանվել են Բաքվում։ Առանձին տեսարանների վրա աշխատելիս ֆիլմի ստեղծողներն օգտագործել են համակցված նկարահանումներ, մեխանիկական հատուկ էֆեկտներ և այլ տեխնոլոգիաներ։
Ադամանդե ձեռքը ռուս.՝ Бриллиантовая рука | |
---|---|
«Ադամանդե ձեռքը» ֆիլմի պաստառը | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | Բուֆոնադ, երաժշտական ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Գայդայ, Յակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ |
Դերակատարներ | Յուրի Նիկուլին, Անատոլի Պապանով, Անդրեյ Միրոնով, Նինա Գրեբեշկովա, Նոննա Մորդյուկովա, Լեոնիդ Կանևսկի, Սվետլանա Սվետլիչնայա, Նիկոլայ Ռոմանով, Ստանիսլավ Չեկան, Վլադիմիր Գուլյաև, Եվգենիա Մելնիկովա, Անդրեյ Ֆայտ, Լեոնիդ Գայդայ և Ալեքսանդր Խվիլյա[1] |
Օպերատոր | Իգոր Չերնիխ |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ և Իտալիա |
Կինոընկերություն | «Մոսֆիլմ» կինոընկերություն |
Տևողություն | 94 րոպե |
IMDb | ID 0062759 |
The Diamond Arm Վիքիպահեստում |
Սցենարի հաստատման գործընթացում և նկարահանումների ժամանակ գեղարվեստական խորհրդի առաջարկությամբ ժապավենից հանվել են մի շարք դրվագներ, վերահնչյունավորվել կամ ճշգրտվել են կերպարների առանձին խոսքեր։ Քննադատների մի մասը շատ զուսպ է վերաբերվել «Ադամանդե ձեռքի» թողարկմանը։ Գայդայի ժամանակակից գրախոսների հավանությանը չի արժանացել ռեժիսորի կողմից «հնացած հնարքների» օգտագործումը, «հին կրկեսային ռեպրիզների» հանդեպ նրա հակվածությունը, «ներդրված էստրադային համարների» ընդգրկումը ժապավենում։ Ուսումնասիրողների կարծիքով՝ «Ադամանդե ձեռքը» խորհրդային և արտասահմանյան կինոարտադրության ծաղրանմանակում է. դրանում կարելի է գտնել յուրօրինակ հղումներ «Չապաև», «Բերանբացը», «Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով» ֆիլմերից, Ջեյմս Բոնդի մասին կինոնկարներից։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը, երգերի տեքստերը («Остров невезения», «Помоги мне», «Песня про зайцев») գրել է Լեոնիդ Դերբենյովը։ Երգերը կատարել են Անդրեյ Միրոնովը, Յուրի Նիկուլինը, Աիդա Վեդիշչևան։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1969 թվականի ապրիլի 28-ին։ Վարձույթի առաջին տարվա ընթացքում ֆիլմը դիտել է 76,7 մլն հանդիսատես։ 1970 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայը և դերասան Յուրի Նիկուլինն արժանացել են ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի «վերջին տարիների կինոկատակերգությունների ստեղծմանը մասնակցելու համար», այդ թվում՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմի։ Ֆիլմի կերպարների խոսքերը ներառվել են թևավոր խոսքերի ու աֆորիզմների բառարաններում, ավելի քան երկու հարյուր մեջբերումներ ներառվել են խոսակցական ռուսերենում։
Նինոկ, մարդիկ այնքան ծանր են ապրում, թող գոնե ծիծաղեն։