Ալերգիա
From Wikipedia, the free encyclopedia
Ալերգիաներ կամ ալերգիկ հիվանդություններ, վիճակներ, որոնք հետևանքն են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝ ուղղված արտաքին միջավայրի սովորաբար անվնաս նյութերին[1]։ Այս հիվանդություններն են ալերգիկ քթաբորբը (հարդախոտի տենդ), սննդային ալերգիան, ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ ասթման և անաֆիլաքսիան[2]։ Ախտանիշները կարող են լինել հետևյալները․ աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն կամ այտուցվածություն[3]։ Սննդային անտանելիությունը և սննդային թունավորումը առանձին, տարբեր վիճակներ են[4][5]։
Ալերգիա | |
---|---|
Տեսակ | գիտական բնագավառ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ալերգեն |
Հետևանք | քթահոսություն և allergic response? |
Բժշկական մասնագիտություն | Իմունոլոգիա |
ՀՄԴ-9 | 995.3 |
ՀՄԴ-10 | T78.4 |
Allergies Վիքիպահեստում |
Հաճախ հանդիպող ալերգեններն են ծաղկափոշիներն ու որոշակի սննդամթերքները[1]։ Մետաղներն ու այլ նյութերը ևս կարող են առաջացնել խնդիրներ[1]։ Սնունդը, միջատների խայթոցները և դեղորայքը սուր ռեակցիաների առաջացման հաճախակի պատճառներն են[6]։ Նման վիճակների առաջացումը պայմանավորված է և ժառանգական, և շրջակա միջավայրի գործոններով[6]։ Այս ռեակցիաների հիմքում են իմունոգլոբուլին Е տեսակի հակամարմինների միացումը ալերգենի հետ, որը տեղի է ունենում պարարտ բջիջների և բազոֆիլների մակերեսին։ Այս բջիջների վրա կան ընկալիչներ իմունոգլոբուլին Е համար։ Ալերգենի կողմից միաժամանակ երկու իմունոգլոբուլինի Е խթանումը բերում է նշված բջիջների կողմից այնպիսի բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, ինչպիսին է հիստամինը[7]։ Ախտորոշումը սովորաբար կայացվում է բժշկական պատմության հիման վրա[4]։ Հետագա մաշկային թեսթերը և լաբորատոր քննությունները կարող են օգտակար լինել որոշ դեպքերում[4]։ Այնուամենայնիվ, միայն դրական արդյունքների հիման վրա հնարավոր չէ ախտորոշել ալերգիա տրված նյութի հանդեպ[8]։
Ալերգենի վաղ ներկայացումը կարող է ունենալ պաշտպանիչ նշանակություն[9]։ Բուժումը ներառում է ալերգենի հետ կոնտակտի բացառում, հակահիսատամինային, կենսաբանական, հորմոնալ դեղեր[10]։ Ծանր վիճակներում խորհուրդ է տրվում ադրենալինի (էպինեֆրինի) ներարկում[11]։ Ալերգեն իմունթերապիան, որի դեպքում օրգանիզմին ներկայացվում է աստիճանաբար աճող քանակով ալերգենը, կիրառելի է միայն որոշակի ալերգիաների համար, օրինակ` ալերգիկ քթաբորբ և/կամ շաղկապենու բորբոքումով, միջատների խայթոցների ալերգիա[10]։ Ալերգեն իմունոթերապիայի կիրռումը սննդային ալերգիաների ժամանակ դեռ հետազոտվում է[10]։
Ալերգիաները հաճախ հանդիպող են[12]։ Զարգացած երկրներում բնակչության մինչև 20% տոկոսի մոտ ախտորոշվում է ալերգիկ քթաբորբ[13], 6%-ը գոնե մեկ սննդային ալերգիա[4][9], և մոտ 20% ունի ատոպիկ մաշկաբորբ կյանքի ինչ-որ հատվծում[14]։ Կախված երկրից, 1-18% բնակչության մոտ ախտորոշվում է ասթմա[15][16]։ Անաֆիլաքսիա առաջանում է 0.05-2% մոտ[17]։ Շատ ալերգիկ հիվանդություններ միտում ունեն հաճախ հանդիպելու[11][18]։ «Ալերգիա» բառն առաջին անգամ կիրառել է Կլեմենս ֆոն Պիրքեն՝ 1906 թվականին[6]։