Ալեքսանդրապոլի պաշարում
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրապոլի պաշարում (թուրքերեն՝ Gümrü Muharebesi), ռազմական ընդհարում 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմի շրջանակներում, որի ժամանակ թուրքական բանակը բռնազավթում է Հայաստանի հանրապետության Ալեքսանդրապոլ քաղաքը։ 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվում է Հանրապետական Հայաստանի վրա։ Քեմալական բանակի գլուխ կանգնած էր Մուստաֆա Աթաթուրքի զորավարներից Քյազըմ Կարաբեքիրը, ում բանակում կռվում էին 75 թնդանոթով և 204 գնդացիրներով համալրված 50-60 հազար զորական։ Բացի այդ՝ թուրքական ուժերին օժդանակում էր նաև Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «Թուրքիայի բարեկամ» հորջորջվող Սոցիալիստական Ռուսաստանն ու Հայաստանի արևելյան հարևան Մուսավաթական Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։ Թուրքերի դեմ կռվում էր 20 հազար զինվորից, 40 թնդանոթից և 250 գնդացիրից կազմված հայկական զորախումբը՝ նշանավոր զորավար և ռազմական նախարար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ։ Ռազմական գործողությունները ծավալվում էին Հայաստանի արևմուտքում՝ Շիրակի երկրամասում (մերօրյա Գյումրի քաղաքի տարածքում)։
Թվական | նոյեմբերի 7, 1920 |
---|---|
Մասն է | Հայ-թուրքական պատերազմ |
Վայր | Ալեքսանդրապոլ, Հայաստանի Հանրապետություն |
Արդյունք | Թուրքերի հաղթանակ և քաղաքի պաշարում, Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքում |
Հակառակորդներ | |
Հայաստանի Հանրապետություն | Թուրքիայի ազգային շարժում Աջակիցներ՝ |
Հրամանատարներ | |
Դրաստամատ Կանայան | Քյազըմ Կարաբեքիր |
Կողմերի ուժեր | |
20 հազար զինվոր 40 թնդանոթ 250 գնդացիր | 50-60 հազար զինվոր 75 թնդանոթ 204 գնդացիր |
Ռազմական կորուստներ | |
Ամբողջ պատերազմի ընթացքում՝ 198-205 հազար զոհ | անհայտ |
Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, երբեմնի մարտական և զորեղ հայկական բանակը չդիմադրելով թուրքական հարձակմանը ստիպված է լինում նահանջել։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմում է Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնություն ցուցաբերելու խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերություններից մերժում է ստանում։ արդյունքում՝ սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավում են Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին վերջնականապես պաշարում Ալեքսանդրապոլը[1]։ Նրանք թրի և սրի են մատնում տեղի հայ բնակչությանը՝ մի մասին գերեվարում, մյուս մասին անարգաբար սպանում։ Բացի այդ, գրավված Ալեքսանդրապոլից վերջիններս Թուրքիա են տեղափոխում հափշտակված ավարն ու մեծաթիվ լծկան անասուններ։ Հետագա առաջխաղացումը կանխելու համար՝ Հայաստանի կառավարությունը ստիպված է լինում համաձայնության գալ թշնամու հետ։ Ալեքսանդրապոլի պաշարումն ու հայ-թուրքական պատերազմն ավարտվում է դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով[2]։ Թուրքիայի կողմից այն ստորագրում է տաճկական բանակի հրամանատար Քյազըմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը[3]։ Պայմանագրի պայմանները ստորացուցիչ էին Հայաստանի համար և հարցականի տակ էին դնում հայոց ինքնիշխան պետականությունը, քանզի այն Հայաստանի տարածքը սահմանափակում էր Սևանա լճի հարակից տարածքներով և Երևանով։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը սահմանափակում էր նաև հայկական բանակի ռազմական ներուժը։ Սակայն ամեն ինչ շրջադարձային է լինում, քանզի Սիմոն Վրացյանի հրաժարականով նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետությունն անկում է ապրում։ Խորհրդային կառավարության ձեռնարկած միջոցների շնորհիվ 1921 թվականին թուրքերը դուրս են մղվում Ալեքսանդրապոլից, իսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը հայտարարվում է առ ոչինչ։