ռուս գրող, բանաստեղծ, դեկաբրիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Բեստուժև (ռուս.՝ Алекса́ндр Алекса́ндрович Бесту́жев, հայտնի է նաև Մարլինսկի կեղծանվամբ, նոյեմբերի 3, 1797[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 7, 1837[1][4], Holy Spirit Fort, Ադլեր[1]), ռուս գրող, դեկաբրիստ։ 1824 թվականին անդամագրվել է Հյուսիսային ընկերությանը։ Գործուն մասնակցություն է ունեցել դեկաբրիստների ապստամբությանը (1825)։ Դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է տաժանակրությամբ, վերջինս էլ՝ աքսորով։ Առաջին խոշոր ստեղծագործությունն է «Ուղևորություն դեպի Ռևել» (1821)։ Աքսորի տարիներին գրել է «Փորձություն» (1830), «Հույս» Ֆրեգատը» (1833), «Ամմալաթ–Բեկ» (1832), «Մոլլա-Նուր» (1836) վիպակներր։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Նյութերը տպագրվել են Մարլինսկի կեղծանվան տակ։ Բեստուժևի «Նեյգաուզենի ամրոց» վեպի հիման վրա նկարահանվել է Ասպետների բերդ ֆիլմը։ 1823-1825 թվականներին Կոնդրատի Ռիլեևի հետ համատեղ թողարկել է «Դեկաբրիստների հյուսիսային աստղը» ալմանախը։
Ալեքսանդր Բեստուժև ռուս.՝ Александр Александрович Бестужев | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1797[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 7, 1837[1][4] (39 տարեկան) |
Մահվան վայր | Holy Spirit Fort, Ադլեր[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրական քննադատ, քննադատ, ռազմական գործիչ, հրապարակախոս և արձակագիր |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Ֆեդոսեևիչ Բեստուժև[1] |
Aleksandr Bestuzhev Վիքիպահեստում |
Սպանվել է Ադլերում, լեռնցիների հետ տեղի ունեցած ընդհարման ժամանակ։
Ալեքսանդր Ֆեդոսեևիչ Բեստուժևի (1761-1810) որդին, ով Իվան Պնինի հետ 1798 թվականին հրատարակել է «Սանկտ Պետերբուրգյան ամսագիրը» և կազմել «Ազնվական երիտասարդության ռազմական կրթության փորձի վերաբերյալ» ձեռնարկը։ Կրթություն ստացել է Լեռնային կորպուսում, այնուհետև եղել կապի ուղիների գլխավոր հրամանատար գեներալ Բետանկուրի և դուքս Վյուրթեմբերգցու համհարզը և վերջապես, շտաբս կապիտանի կոչումով տեղափոխվել է լեյբգվարդիայի Դրագոնյան գունդ[5]։
1824 թվականի մայիսի 7-ին Բեստուժևը Պյոտր Վյազեմսկուն գրել է[6]․
1824 թվականին Կոնդրատի Ռիլեևը Բեստուժևին ընդունել է «Հյուսիսային միություն»։ 1825 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Դեկաբրիստների ապստամբության ժամանակ, Բեստուժևը Մոսկվայի գնդի գումարիտակը բերել է Սենատի հրապարակ և այնտեղ եղել գլխավոր գործող անձանցից մեկը։ Երբ ապստամբները ցրվել են, Բեստուժևին հաջողվել է թաքնվել, բայց հաջորդ օրը նա ինքն է հայտնվել Ձմեռային պալատի զինվորական կալանատանը և իր մեղքը խոստովանել։
Ապստամբությանը մասնակցելու համար նա աքսորվել է Յակուտսկ, որտեղից 1829 թվականին որպես զինվոր տեղափոխվել է Կովկաս (Սևծովյան թիվ 10-րդ գումարտակ, շարքայինի կարգավիճակով)։ Մասնակցելով Կովկասյան պատերազմի բազմաթիվ մարտերի՝ ստացել է ենթասպայի կոչում և Գեորգիևյան խաչ, իսկ հետո նրան շնորհվել է պրապորշչիկի կոչում։ Զոհվել է Ադլերի հրվանդանի անտառում ադիգեյցի լեռնականների հետ փոխհրաձգության ժամանակ, նրա մարմինը չի հայտնաբերվել։
Եղբայրները՝
Հասցեներ Սանկտ Պետերբուրգում՝ 1824-1825 - Ռուս-ամերիկյան ընկերության տուն, Մոյկա գետի առափնյա փողոց, 72։
Գրական ասպարեզ է մտել 1819 թվականին «Հայրենիքի որդի» և «Լուսավորության մրցակից» հրատարակչություններում տպագրված բանաստեղծություններով և պատմվածքներով, իսկ 1820 թվականին ընտրվել է Պետերբուրգի ռուսական բանահյուսության սիրահարների ընկերության անդամ։ 1821 թվականին որպես առանձին գիրք լույս է տեսնում նրա «Ճանապարհորդություն դեպի Ռեվել»[7], 1823-1825 թվականներին Կոնդրատի Ռիլեևի հետ միասին հրատարակել է «Բևեռային աստղ» ալմանախը։
Այդ ալմանախը, որն այդ ժամանակաշրջանում շատ ուշագրավ գրական երևույթ է եղել, ընդունվել ընդհանուր համակրանքով, երիտասարդ, տաղանդավոր ու սիրելի խմբագիրների շուրջ համախմբվել են այդ ժամանակվա գրականության գրեթե բոլոր առաջատար ներկայացուցիչները, այդ թվում՝ Պուշկինը, ով Օդեսայից, ապա իր պսկովյան գյուղից աշխույժ նամակագրություն է վարել Բեստուժևի հետ գրական հարցերի շուրջ և նրան ուղարկել իր բանաստեղծությունները։ «Բևեռային աստղում» Բեստուժևը հանդես է եկել ոչ միայն որպես վիպասան («Նեյհաուզեն ամրոց», «Վեպ յոթ նամակով», «Ռևելյան մրցաշար», «Դավաճան»), այլ նաև որպես գրաքննադատ, հին և ժամանակակից գրականության և լրագրության վերաբերյալ նրա ակնարկները ընդհանուր ուշադրության են արժանացել և բուռն բանավեճեր առաջացրել։
Ռուս գրականության մեջ, մասնավորապես Պուշկինի ստեղծագործությունների շնորհիվ, բարձրացվել են գեղարվեստական ստեղծագործության ձևի և բովանդակության վերաբերյալ այսպես կոչված «կլասիցիզմի» և «ռոմանտիզմի» հարցերը։ Բոլոր երիտասարդ և թարմ գրական ուժերը, հետևելով Պուշկինին, հայտնվել են նոր ուղղության դրոշի ներքո, որը կոչվել է «ռոմանտիզմ» և որն, ըստ էության, գեղարվեստական ոգեշնչման ազատության, ճանաչված գրական հեղինակություններից անկախության գործնական քարոզ էր բանաստեղծական ստեղծագործությունների բովանդակության և դրանց մշակման եղանակների ընտրության հարցում։ Բեստուժևը նույնպես համարվել է այդ ուղղության ջերմեռանդ ու նախանձախնդիր պաշտպան։
Նա կտրուկ և միևնույն ժամանակ խելամտորեն հարձակվել է հին կեղծ դասականության պաշտպանների վրա՝ ապացուցելով, որ այդ շարժման դարաշրջանը, ինչպես այն ստեղծած փոշոտ պարիկների դարաշրջանը անդառնալիորեն անցել է և որ գրական հին հավատացյալները շարունակում են բանահյուսությունը խեղաթյուրել այդ դիակով միայն վնասելով և խանգարելով տաղանդների ազատ զարգացումը։ Դասական կանոնների և տեխնիկայի ժխտումը, բանաստեղծական ստեղծագործության համար լիակատար, անկաշկանդ ազատության պահանջը Բեստուժևի քննադատության հիմնական դրույթներն էին։ Շեքսպիրին, Շիլլերին և հատկապես Բայրոնին և (հետագայում) Վիկտոր Հյուգոյին համարել է բանաստեղծների և գրականագետների իդեալական տեսակներ։ Բեստուժևի քննադատական հոդվածները, չտարբերվելով իրենց հայացքների խորությամբ, ուժեղ տպավորություն են թողել իրենց բոցավառությամբ, աշխուժությամբ և ինքնատիպությամբ. դրանք միշտ կարծիքների քիչ թե շատ աշխույժ փոխանակություն են առաջացրել, բոլորը կարդացել ու քննարկվել են և, այդպիսով, քննադատական միտք է արթնացել գրականության մեջ այն ժամանակ, երբ գրաքննադատությունը, կարելի է ասել, դեռ սաղմնային վիճակում է եղել։ Վիսարիոն Բելինսկին Բեստուժևի հոդվածները ճանաչել է որպես «անգնահատելի և կարևոր ներդրում ռուսական գրականության և ռուս հասարակության գրական կրթության մեջ»՝ դրան ավելացնելով, որ Բեստուժևն «առաջինն է, որ շատ նոր բաներ ասաց մեր գրականության մեջ», ուստի 1820-ականների երկրորդ կեսի քննադատությունը շատ առումներով միայն «Բևեռային աստղի» գրական ակնարկների կրկնությունն է։
1825 թվականի դեկտեմբերյան իրադարձությունները ժամանակավորապես ընդհատել են Բեստուժևի գրական գործունեությունը։ «Բևեռային աստղի» 1826 թվականի արդեն տպագրված թերթերը նրա հոդվածով ոչնչացվել են։ Նրան սկզբում տարել են Շլիսելբուրգյան ամրոց, իսկ հետո աքսորել Յակուտսկ։ Այստեղ նա նախանձախնդրորեն ուսումնասիրել է օտար լեզուներ, ինչպես նաև ծանոթացել տեղի բնակիչների տարածաշրջանին, բարքերին ու սովորություններին, ինչն էլ բովանդակություն է տվել Սիբիրի մասին նրա մի շարք ազգագրական հոդվածներին։ Այստեղ նա սկսել է գրել «Անդրեյը, իշխան Պերեյասլավսկին» վերնագրով չափածո վիպակը, որի առաջին գլուխը, առանց հեղինակի անվան կամ համաձայնության, տպագրվել է Սանկտ Պետերբուրգում (1828)։
Հաջորդ տարի Բեստուժևին, որպես շարքային, տեղափոխել են Կովկաս՝ ծառայելու իրավունքով։ Տեղափոխվելուց հետո սկզբում նա անընդհատ մասնակցել է տարբեր ռազմական արշավների ու լեռնաբնակների հետ ընդհարումներին և գրականություն վերադառնալու հնարավորություն է ստացել միայն 1830 թվականին։ Աշխատել և բնակվել է Դաղստանի Դերբենդ քաղաքում։ 1830 թվականից ի վեր, նախ առանց անվան, իսկ հետո Մարլինսկի կեղծանունով, նրա վեպերն ու պատմվածքները ավելի ու ավելի հաճախ են հայտնվել ամսագրերում («Փորձություն», «Ասպատակություններ», «Լեյտենանտ Բելոզոր», «Սարսափելի գուշակություն», «Ամմալաթ- Բեկ», «Ֆրեգատ Նադեժդա» և այլն), որոնք հրատարակվել են 1832 թվականին հինգ հատորով՝ «Ռուսական վիպակներ և պատմվածքներ» վերնագրով (առանց հեղինակի անվան)։ Շուտով անհրաժեշտ է եղել այդ վիպակների երկրորդ հրատարակությունը (1835 թվականից՝ Ա. Մարլինսկու անունով), այնուհետև ամեն տարի հրատարակվել են նոր հատորներ՝ 1839 թվականին լույս է տեսել երրորդ հրատարակությունը՝ 12 մասից, 1847 թվականին՝ չորրորդը։ Մարլինսկու ամենակարևոր վիպակները վերահրատարակվել են 1880-ական թվականներին Ալեքսեյ Սուվորինի «Էժան գրադարանում»։ 1835 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին բուժվել է Պյատիգորսկում[8]։
Բեստուժև-Մարլինսկին իր ստեղծագործություններով կարճ ժամանակում հսկայական համբավ և ժողովրդականություն է ձեռք բերել ռուս ընթերցող հասարակության շրջանում։ Նրա յուրաքանչյուր նոր վիպակին անհամբերությամբ են սպասել, արագ ձեռքից ձեռք է անցել և կարդացվել մինչև վերջին էջը, նրա ստեղծագործություններով ամսագրերը դարձել են հանրության սեփականություն, ուստի նրա վիպակները ամենահուսալի խայծն են դարձել ամսագրի բաժանորդների և ալմանախի գնորդների համար։ Նրա ստեղծագործությունները վաճառվել են մեծ պահանջարկով և որ շատ ավելի կարևոր է, դրանք ոչ միայն կարդացել են բոլորը, այլև անգիր են արել։ 1830-ականներին Մարլինսկուն անվանել են «Պուշկինյան արձակ», առաջին կարգի հանճար, ով գրականության մեջ մրցակիցներ չուներ... Այդ արտասովոր հաջողության պատճառն այն է, որ Մարլինսկին առաջին ռուս արձակագիրն է, ով ստանձնել է ռուսական հասարակության կյանքը պատկերելու գործը, իր վիպակներում պատկերել է սովորական ռուս մարդկանց՝ տալով ռուսական բնության նկարագրությունը և միևնույն ժամանակ աչքի ընկնելով մեծ հնարամտությամբ, տարբեր տեսակի տպավորություններն արտահայտել է հատուկ ձևով, չափազանց ծաղկուն լեզվով, որը լի է առավել նուրբ համեմատություններով և հռետորական երանգավորումներով։ Նրա ստեղծագործությունների այդ հատկությունները բոլորովին նոր էին այն ժամանակվա գրականության մեջ և էլ ավելի ուժեղ տպավորություն են թողել, քանի որ ռուս հանրությունը, իսկապես, դեռ լավ բան չի կարդացել (Պուշկինի և Գոգոլի վիպակները հայտնվեցին ավելի ուշ)։
Իր վեպերում և վիպակներում Մարլինսկին իսկական «ռոմանտիկ» է։ Դրանցում տեսանելի են այնպիսի ոճ և գործելաձև, որոնք շատ սերտորեն հիշեցնում էին 18-րդ դարի 70-ականների գերմանական Sturm und Drang-ը և Վիկտոր Հյուգոյի դպրոցի ֆրանսիական «մոլեգին» արձակագրությունը (որով Մարլինսկին ավելի շատ էր հետաքրքրվում)։ Ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ՝ լավի և չարի իդեալական բնույթը նկարագրելու ցանկությունը, խորը զգացմունքները, ուժեղ և բուռն կրքերը, որոնց համար չկա այլ արտահայտչաձև, բացի ամենահուզումնալիից վեհի և գռեհիկի, համեմատություններով և հակադրություններով խաղից, դասական տեսությունների և կանոնների հանդեպ արհամարհանքից գեղեցիկ, օրիգինալ արտահայտությունից, սրամտությունից, մի խոսքով այն ամենից, ինչը Շիլլերի և Գյոթեի դարաշրջանի գերմաներենով կոչվել է «հանճարեղություն», իսկ Մարլինսկու երկրպագուների և քննադատների լեզվով հեգնական ստացել է «Բեստուժևյան կաթիլներ» անվանումը։
Մարլինսկու հերոսներն արտահայտում են իրենց հուզական փոթորիկը փայլուն, հռետորական լեզվով, թատերականորեն նրբաճաշակ դիրքորոշմամբ, դրանում «այն ամենն է, ինչի մասին սիրում են շաղակրատել բանաստեղծները, որին այնքան թեթևամտորեն են վերաբերվում կանայք, այն, ինչ սիրահարներն այդքան ջանում են ձևացնել, հալած պղնձի պես եռում է, որի վերևում բոցավառվում են գոլորշիները, աղբյուր չգտնելով... Բոցավառ, հզոր կիրքը գլորվում է, ինչպես լավան. այն գրավում և այրում է այն ամենը, ինչին հանդիպում է, մոխրացնում խոչընդոտները, և նույնիսկ մի պահ սառը ծովը վերածում եռացող կաթսայի... «Բնությունը,- ասում է Մարլինսկու հերոսներից մեկը, ինձ պատժել է խելահեղ կրքերով, որին չի կարող զսպել ո՛չ կրթությունը, ո՛չ էլ հմտությունը , հրեղեն արյունն է հոսում իմ երակներում»... «Ես պատրաստ եմ,- ասում է մեկ ուրիշը,- կաթիլ առ կաթիլ արյունահոսել ու սիրտս պատառ-պատառ անել»...
Բելինսկին Մարլինսկուն համարել է արտաքին տաղանդ՝ դրանով իսկ նշելով գրականության մեջ նրա արագ վերելքի և նույնիսկ ավելի արագ անկման հիմնական պատճառը։
19-րդ դարի վերջին՝ ռեալիզմի և գրականության նկատմամբ լրագրողական մոտեցման դարաշրջանում, գերակշռել է քննադատական վերաբերմունքը Մարլինսկու արձակի նկատմամբ։ Բրոքհաուզի և Էֆրոնի բառարանը նրա ստեղծագործությունը գնահատել է հետևյալ կերպ․
Մարլինսկու վիպակներից լավագույններն են՝ «Ֆրեգատ Նադեժդա», «Ամմալաթ-բեկ» (նվիրված է Կովկասյան պատերազմի հերոս, լեռնականների առաջնորդ Ումալաթ-բեկ Բույնակսկուն), «Մուլլա-Նուր» և «Սարսափելի գուշակություն»։ Կովկասյան կյանքից նրա վիպակներում ուշադրության են արժանի բնության և բարքերի հետաքրքիր պատկերները, սակայն այդ միջավայրում գործող դաղստանցիները (լեռնականները և հարթավայրային թուրքերը) օժտված են բայրոնյան չափազանց «բուռն» զգացմունքներով։
Մարլինսկու ոճն ու բնավորությունը ժամանակին մեծ ազդեցություն են ունեցել մեր գրականության վրա։ Էլ չենք խոսում կույր հետևորդների ամբոխի մասին (գրելու տաղանդ չունեցող նմանակողներ), որոնց ստեղծագործություններն իրականում Մարլինսկու վիպակների ծաղրանկարներն էին, չի կարելի չնկատել, որ նրա ոճը որոշակիորեն արտացոլվել է Պուշկինի վիպակներում («Կրակոց») և Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» և առավել ևս վերջինիս դրամաներում։ «Մարլինսկու ստեղծագործությունը կարևոր դեր է խաղացել ռուս գրականության պատմության մեջ։ Այն մեծ ազդեցություն է թողել 1850-ականների ազնվականական գրականության արիստոկրատական մասի և մի շարք գրողների ստեղծագործության վրա, ովքեր նոր էին սկսում իրենց գրական գործունեությունը։ Այդ առումով աչքի են ընկնում մի կողմից Վոնլյարլյարսկու արկածային վիպակները, (1850-ական թվականներ), Մարկևիչի «Մարինան կարմիր եղջյուրից» (1872), մյուս կողմից՝ Իվ. Պանաևի «Աշխարհիկ կնոջ ննջասենյակը» (1832), Գոնչարովի «Երջանիկ սխալը» (1839) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.