From Wikipedia, the free encyclopedia
Ալլահ Ռակհա Ռահման կամ Ա. Ս. Դիլիպ Կումար (անգլ.՝ Allah Rakha Rahman, թամիլերեն՝ ஏ.ஆர்.ரகுமான், հունվարի 6, 1966[1][2], Չեննայ, Հնդկաստան[3]), հնդիկ կինոկոմպոզիտոր, երգիչ և երաժշտական պրոդյուսեր։ Նա մեծամասամբ երաժշտություն է գրել Հնդկաստանի երեք խոշորագույն կինոարտադրության՝ Կոլիվուդի (թամիլերեն ֆիլմեր), Տոլիվուդի (տելուգու լեզվով ֆիլմեր) և Բոլիվուդի (հինդի լեզվով ֆիլմեր) համար։ Հնդկաստանի սահմաններից դուրս առավել հայտնի է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմը իր երաժշտությամբ։
Ալլահ Ռակհա Ռահմանը ծնվել է Չեննայում 1966 թվականին։ Ծննդյան ժամանակ կոչվել է Ա. Ս. Դիլիպ Կումար, սակայն 22 տարեկանում նրա ամբողջ ընտանիքն իսլամ է ընդունել, և նա իր համար նոր անուն է ընտրել։ Ալլայի հայրը եղել է կոմպոզիտոր և դիրիժոր, և երաժշտություններ է գրել ֆիլմերի համար։ Տղան չորս տարեկանից զբաղվել է երաժշտությամբ, իսկ 11 տարեկանում սկսել է նվագել վաստակավոր կոմպոզիտոր Իլայյարաջիի նվագախմբում։ Պատանեկության տարիներին Ռահմանը մասնակցել է նաև ինքնագործ խմբերին, որոնք նա ստեղծել է ընկերների հետ՝ նվագել է դաշնամուրով, սինթեզատորով, ֆիսհարմոնիայով և կիթառով։ Ամենամեծ հակումը նա, այնուամենայնիվ, ունեցել է սինթեզատորի նկատմամբ, քանի որ, ըստ նրա, «դա երաժշտության և տեխնոլոգիայի կատարյալ համադրություն է»։ Նա նվագել է նաև Մ. Ս. Վիսվանաթան և Ռամեշ Նաիդու նվագախմբերում, իրենց համաշխարհային շրջագայության ընթացքում նվագակցել է այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Զաքիր Հուսեյնը, Կուննակուդի Վայդյանատանը և Լ․ Շանքարը։ Մոտավորապես նույն տարիներին Ա. Ռ. Ռահմանն ընդունվել Է Լոնդոնի Թրինիթի երաժշտական քոլեջ, ավարտել արևմտյան դասական երաժշտության բաժինը[8]։
1992 թվականին նա սեփական տանը հիմնել է ձայնագրման ստուդիա, որը ժամանակի ընթացքում դարձել է Հնդկաստանի առավել բարձր սարքավորված ստուդիաներից մեկը[9]։ Սկզբում նա մեղեդիներ է գրել գովազդային հոլովակների, հեռուստատեսային հաղորդումների, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի համար։ Նա ստեղծել է ջինգլներ ( jingle) և ավելի քան երեք հարյուր գովազդային հոլովակներ[10][11][12]։
Առաջին կինոֆիլմը, որի երաժշտությունը գրել է Ռահմանը, 1992 թվականի թամիլական ֆիլմն է, որը կոչվել է «Ռոզա»։ Այս դեբյուտային աշխատանքը նրան բերել է Ազգային կինոմրցանակ լավագույն երաժշտության համար։ Հետագայում նա Հնդկաստանում այդ ամենանշանակալի կինոմրցանակի դափնեկիր Է դարձել ևս երեք անգամ[13]։ 2005 թվականին, Time ամսագրի վարկածով «Ռոզա» ֆիլմի սաունդթրեքը ներառվել է բոլոր ժամանակների 100 լավագույն սաունդթրեքերի ցանկում[14]։
Նման հաջող դեբյուտից հետո Ռահմանը շարունակել է երաժշտություն գրել հնդկական ֆիլմերի համար՝ հաջող և արդյունավետ (նրա կոմպոզիտորական աշխատանքների մեջ՝ ավելի քան հարյուր ֆիլմ)։ Նրա ստուդիան սկսել է աճել, և Ռահմանը սկսել է ստեղծել իր սեփական ձայնասկավառակը՝ KM Music-ը։
1997 թվականին, Հնդկաստանի անկախության 50-րդ տարեդարձի կապակցությամբ, նա ձայնագրել է «Vande Mataram» ալբոմը։ Դրան հաջորդել է Հնդկաստանի օրհներգը՝ «Jana Gana Mana»֊ը կատարողների և հնդիկ առաջատար երաժիշտների ավանդական ոճի ձայնագրությամբ։ Նախագծի շրջանակներում նկարահանվել է երկու տեսանյութ՝ օրհներգի գործիքային տարբերակը և վոկալ տարբերակը[15]։
2002 թվականին Էնդրու Լոյդ Ուեբերի պրոդյուսերական մեկնարկի ներքո Ա.Ռ. Ռահմանը բանաստեղծ Դոն Բլեքի հետ միասին ստեղծել է «Բոմբեյական երազներ» մյուզիքլը, որը մեծ հաջողություն է ունեցել Լոնդոնում։ Ֆիննական Värttinä ֆոլկ խմբի և կոմպոզիտոր Քրիստոֆեր Նայտինգեյլի հետ 2004 թվականին Ռահմանն աշխատել է «Մատանիների տիրակալը» թատերական ներկայացման երաժշտության վրա։
Բացի այդ, Ռահմանը հեղինակել է Վանեսա Մեյի «Choreography» ալբոմի «Raga’s Dance» կոմպոզիցիան։
2008 թվականին Ռահմանը պերկուսիոնիստ Սիվամանիի հետ միասին ձայնագրել է «Jiya Se Jiya» երգը, որը ոգեշնչված է «Ազատ գրկախառնություններ» (Free Hugs) համաշխարհային շարժմամբ։ Այս երգի տեսահոլովակում Հնդկաստանի տարբեր քաղաքների օրինակով կարելի է հասկանալ այդ ակցիայի իմաստը[16]։
Վերջին վեց տարիների ընթացքում Ռահմանն անցկացրել է երեք հաջող համաշխարհային շրջագայություններ, վերահրատարակել հնդկական ֆիլմի համար գրված իր լավագույն աշխատանքները, իսկ 2008 թվականի դեկտեմբերին լույս է տեսել նրա նոր՝ «Connections» ալբոմը։ Նույն 2008 թվականին Ռ. Ռահմանը բացել է իր սեփական կոնսերվատորիան (KM Music Conservatory), որպեսզի տաղանդավոր, երաժշտական շնորհալի մարդկանց հնարավորություն տա ստանալ համապատասխան կրթություն՝ ոչ միայն անմիջականորեն երաժշտական, այլև գործիքավորման և ձայնագրման տեխնոլոգիաների ոլորտում։
Ռահմանն ամուսնացած է եղել, եղել է երեք երեխաների հայր, որոնցից երկուսը գնացել են հոր հետքերով, որպես անդրկուլիսյան կատարողներ։
Ռահմանի ստեղծագործությունը նրան բազմաթիվ մրցանակներ է բերել հայրենիքում, որոնցից առավել զգալի է մնացել «Պադմա Շրի» հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանը, որով նրան 2000 թվականին պարգևատրել է Հնդկաստանի կառավարությունը։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նա առաջադրվել է Լոուրենս Օլիվիեի անվան մրցանակի՝ Ուեսթ Էնդում իր առաջին բեմադրության համար։ 2006 թվականին նա Սթենֆորդի համալսարան պատվավոր մրցանակ է ստացել երաժշտության համաշխարհային նվաճումների համար։ 2008 թվականին Ա. Ռ. Ռահմանը երաժշտական անվանակարգեր է ստացել «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար։ Այդ սաունդթրեքի ամենանշանակալից նվաճումները եղել են «Ոսկե գլոբուս» մրցանակը և երկու «Օսկար» մրցանակները լավագույն ինքնատիպ երաժշտության և երգերի համար, «127 ժամ» ֆիլմի լավագույն օրիգինալ երաժշտության և երգի համար կրկին «Օսկար» մրցանակի հավակնորդ լինելու նպատակով կոմպոզիտորն առաջադրել է իր թեկնածությունը[17][18][19]։ 2009 թվականին Միդլսեքս համալսարանը Ա. Ռ. Ռահմանին շնորհել է գիտությունների դոկտորի պատվավոր կոչում[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.