Աղձնիք
From Wikipedia, the free encyclopedia
Աղձնիք, «Աշխարհացոյց»-ում հիշատակվող Մեծ Հայքի երրորդ աշխարհը[1]։ Ի տարբերություն նախորդող երկու նահանգների (Բարձր Հայքի ու Ծոփքի) Աղձնիքի տարածքը քանիցս ենթարկվել է տարածքային վերափոխումների։ Այն հյուսիսում սահմանակից է Ծոփքին և Տուրուբերանին, արևելքում Մոկքին և Կորճայքին, իսկ հարավում Հյուսիսային Միջագետքում գտնվող՝ Հայոց Միջագետքին[2]։ Նահանգը գտնվում էր Տիգրիսի ավազանում, որն էլ կազմում էր նրա հարավային եզրագիծը։ Աղձնիքի հյուսիսարևելյան հատվածը Հայկական Տավրոսի լեռնաբազուկների վրա էր և ցրտաշունչ ձմեռներ էր ունենում։ Իսկ հարավարևմտյան հատվածը հարթավայրային էր և կիսաանապատային կլիմա ուներ։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 10 գավառ |
Գլխավոր քաղաք | Տիգրանակերտ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ներկայիս երկրներ | Թուրքիա |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր |
Ներկա | Քրդեր, թուրքեր, ազերիներ, պարսիկներ, փոքրաթիվ հայեր |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Իսլամ |
«Աշխարհացոյց»-ում խոսվում է Աղձնիքի բնական հարստությունների և կենդանական աշխարհի մասին, մասնավորապես՝ նավթի, երկաթի, պղնձի պաշարների մասին, որոնք ըստ այլ աղբյուրների գտնվում են գերազանցապես Արղանայի շրջանում։ Առհասարակ սկսած հնագույն սկզբնաղբյուրներից Աղձնիքը եղել է պղնձագործության և երկաթի բարձր մշակման կարևոր կենտրոն[3]։
Աղձնիքի տարածքում դեռևս Ք․ ա․ 2-րդ հազարամյակից հիշատակվում են վաղ պետական կազմավորումներ, իսկ հունահռոմեական սկզբնաղբյուրներում Անձիտ գավառի անվան մասին խոսում են ավելի մեծ վարչական միավորի մասին։ Ինչպես նշված է «Աշխարհացոյց»-ում Անձիտը Ծոփքի մեծագուն գավառն էր, մինչդեռ Պտղմեոսի ժամանակ «Աշխարհացոյց»-յան Աղձնիքը և Մոկքը Անձիտ գավառի հետ կազմել են մեկ նահանգ՝ Անձիտենե անունով[4]։
3-րդ դարում Սասանյանների վարած քաղաքականությամբ սկսվել է Աղձնիքի քայքայումը։ Իսկ 387 թվականի բաժանումից հետո Աղձնիքի մի մասը անցել է Հռոմին, իսկ գերակշիռ մասը անցել է Սասանյաններին, որոնք էլ վերացրել են Աղձնիքում եղած հայկական բդեշխությունը և դուրս բերել այն Արշակունիների Մեծ Հայքի թագավորությունից։ 7-րդ դարում աշխարհը նվաճվել է արաբների կողմից, ինչից հետո այստեղ հաստատվել են արաբական ցեղեր։ Դարեր շարունակ հայերից բացի այստեղ բնակվող ասորիների կողքին նկատելի է դարձել մուսուլման բնակչությունը, և ձևավորվել են երկու ամիրայություններ։ Սրանց գոյությունն էլ հետագայում խանգարել է բագրատունիներին իրենց թագավորության մեջ ընդգրկելու նահանգի հարթավայրային շրջանը[3]։
16-րդ դարի սկզբին Աղձնիքի տարածքը ամբողջությամբ նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։ Այստեղից ձևավորվել է Դիարբեքիրի նահանգը, իսկ հյուսիս-արևելյան մի փոքր հատվածը նախ ընդգրկվել է Վանի նահանգի մեջ, այնուհետև մտցվել է նորաստեղծ Բիթլիսի նահանգի մեջ։ Օսմանյան տիրապետության հենց սկզբից նկատելի է դարձել նահանգի տարածքում քրդական տարրի ավելացումը, իսկ հայ բնակչությունը վերջնականապես բնաջնջվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։
«Աշխարհացոյց»-ում հիշատակվում է Աղձնիքի տարածքում թվով տաս գավառ։ Աղձնիքի գավառների մեջ անհամեմատ ավելի նշանավոր են Նփրկերտը, Արզնը, Սանասուն(ք)ը և Երխեթքը[4]։