Աղիքային անանցանելիություն
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Աղիքային անանցանելիություն, աղիքի լուսանցքի մեխանիկական կամ ֆունկցիոնալ խցանում, ինչը բերում է մարսողական զանգվածի նորմալ շարժման խոչընդոտմանը[1][5]։ Կարող են խցանվել ինչպես բարակ, այնպես էլ հաստ աղիները[2]։ Նշաններն ու ախտանիշներն են՝ որովայնային ցավ, փսխում, վքնածություն և գազերի դուրս բերման անհնարինություն[2]։ Մեխանիկական խցանումը հանդիսանում է հանկարծակի առաջացող սուր որովայնային ցավերի 5-ից 15%-ի պատճառը, ինչը պահանջում է շտապ հոսպիտալացում[1][2]։
Աղիքային անանցանելիություն | |
---|---|
Որովային ռենտգեն պատկեր բարակ աղիքային անանցանելիության դեպքում։ Երևում են բազմաթիվ գազի և հեղուկի մակարդակները։ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Կպումներ, ճողվածքներ, ոլորում, էնդոմետրիոզ, աղիների բորբոքային հիվանդություն, ապենդիցիտ, ուռուցքներ, դիվերտիկուլիտ, իշեմիկ կոլիտ, տուբերկուլյոզ, ինվագինացիա[1][2] |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնային ցավ, փսխում, վքնածություն, գազերի արտաբերման անհնարինություն[2] |
Բժշկական մասնագիտություն | Ընդհանուր վիրաբուժություն |
Ախտորոշում | Ռենտգեն հետազոտություն[2] |
Բուժում | Պահպանողական թերապիա, վիրահատություն[1] |
Բարդություններ | Սեպսիս, աղիքի իշեմիա, աղիքի թափածակում[2] |
Հանդիպման հաճախականություն | 3.2 միլիոն (2015)[3] |
Մահերի քանակ | 264,000 (2015)[4] |
Intestinal obstruction Վիքիպահեստում |
Աղիքային անանցանելիության պատճառներն են՝ կպումներ, ճողվածքներ, ոլորում, էնդոմետրիոզ, աղիքների բորբոքային հիվանդություն, ապենդիցիտ, ուռուցքներ, դիվերտիկուլիտ, իշեմիկ կոլիտ, տուբերկուլյոզ, ինվագինացիա[1][2]։ Բարակ աղիքային անանցանելիության հիմնական պատճառը կպումներն ու ճողվածքներն են, մինչդեռ հաստ աղիքի խցանում հաճախ լինում է ուռուցքների և ոլորման դեպքում[1][2]։ Ախտորոշումը հնարավոր է որովայնի ռենտգեն նկարի միջոցով, չնայած համակարգչային շերտագրումը ավելի ճշգրիտ տարբերակ է[2]։ Ուլտրաձայնային հետազոտությունը և մագնիսառեզոնանսային շերտագրությունը կարող են օգնել ախտորոշել անանցանելիությունը հղիների և երեխաների մոտ։
Այս վիճակը հնարավոր է բուժել ինչպես պահպանողական եղանակով, այնպես ել վիրահատության միջոցով[1]։ Սովորաբար տալիս են ներերակային հեղուկներ, տեղադրում են խողովակ՝ քթի միջով դեպի ստամոքս (նազոգաստրալ զոնդ), որպեսզի դեկոմպրեսիայի ենթարկեն աղիները, և տալիս են ցավազրկող դեղամիջոցներ[1]։ Հաճախ տալիս են նաև հակաբիոտիկներ[1]։ Բարակ աղիքային անանցանելիությունների 25%-ը պահանջում է վիրահատական բուժում[6]։ Բարդություններց են՝ սեպսիսը, աղիքի իշեմիան և աղիքային թափածակումը[2]։
2015 թվականին գրանցվել է աղիքային անանցանելիության մոտ 3,2 միլիոն դեպք, որոնցից 264.000-ը հանգեցրել են մահվան[3][4]։ Հանդիպման հաճախականությունը երկու սեռերի մոտ էլ հավասար է, այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում[6]։ Դեռ հին ժամանակներից կան նկարագրված աղիքային անանցանելիության դեպքեր՝ մ․ թ․ ա․ 1550 թվականին Էբերի պապիրուսում և Հիպոկրատի կողմից[7]։