Աղվանք
From Wikipedia, the free encyclopedia
Աղվանք, Բուն Աղվանք կամ Կովկասյան Ալբանիա (չշփոթել Արևելից կողմանք Հայոցի հետ), հնագույն երկիր Կուր գետի և Կովկասյան լեռների միջև։ Մեծ Հայքին սահմանակցում էր Կուր գետով։ (Տե՛ս Հայք-Աղվանք սահմանի հարցը)։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը։
| ||||
Քարտեզ | ||||
Քարտեզ2 | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կապաղակ, Պարտավ | |||
Մակերես | 35.000 կմ2(387 թ. առաջ) | |||
Մակերես | 80.000 կմ2(387 թ. հետո) | |||
Լեզու | աղվաներեն,հայերեն միջին պարսկերեն | |||
Կրոն | Հեթանոսություն Քրիստոնեություն Զրադաշտականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Առանշահեր Արշակունիներ Մազքութներ Միհրանիներ | |||
Պետության գլուխ | թագավոր | |||
Պատմություն | ||||
- Աղվանքը ընդունեց քրիստոնեություն | 370 թ. | |||
- Հայաստանի առաջին բաժանում, Աղվանքի տարածքի ընդարձակում | 387 թ. | |||
- Աղվանքի թագավորության վերացում․ Աղվանից մարզպանություն | 468 թ. |
Հելլենիստական ժամանակաշրջանում նախնադարյան-համայնական հասարակարգը քայքայվելով՝ տեղի տվեց դասակարգային հասարակարգին։ Զարգացան շահագործման կիսանահապետական-կիսաստրկատիրական ձևերը։ Շուրջ 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. I դարի 1-ին կեսին առաջացավ վաղ ստրկատիրական պետություն՝ Աղվանքի թագավորությունը։ Այն դաշնակցային սերտ կապերի մեջ էր Հայաստանի հետ և կրում էր նրա քաղաքական ու մշակութային ազդեցությունը։ Աղվանքի թագավորության զորքերը (62000 հետևակային, 22000 հեծյալ) իրենց կառուցվածքով և զենքով նմանվել են հայկականին։ Տիգրան Բ Մեծի բանակում նրանք կռվել են հռոմեական նվաճողների դեմ։
Աղվանքի Օրոյզես թագավորը մ.թ.ա. 65-ին շարունակեց պայքարը նաև Պոմպեոսի լեգեոնների դեմ՝ նրանց պատճառելով զգալի կորուստներ։ Ի վերջո, Օրոյզեսը նույն թվականին հարկադրական հաշտություն կնքեց Պոմպեոսի հետ՝ դառնալով «հռոմեական ժողովրդի դաշնակիցը և բարեկամը»։ Մ.թ.ա. 36-ին Աղվանք խուժեց Կանիդիոս Կրասոս զորավարը և Աղվանից Զոբիրա թագավորին ստիպեց վերստին ճանաչել մ.թ.ա. 65-ի պայմանագիրը։ Մ.թ.ա. 20-ին, Մեծ Հայքում Հռոմի դեմ ուղղված ապստամբությունից հետո, Աղվանքը փաստորեն անկախացավ։ Մ.թ. I դ. 2-րդ կեսին Աղվանքից արևմուտք արդեն գոյություն ուներ Մազքթաց Արշակունիների թագավորությունը, որի գահանիստն էր Չող քաղաքը։ Ի տարբերություն հայ Արշակունիների, որոնք սկզբից ևեթ ջանում էին իրենց երկիրը պահել Պարսկաստանից անկախ վիճակում, Աղվանքի Արշակունի թագավորները, IV դ. սկսած, սովորաբար ենթակա էին Պարսից արքունիքի քաղաքական ազդեցությանը և հաճախ նրա հրահրումով ասպատակում էին սահմանամերձ հայկական գավառները։ Սանեսան և Ուռնայր թագավորների նման փորձերը ձախողվեցին։ 370-ական թթ. Ուռնայր թագավորն ընդունեց քրիստոնեություն, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը, որը սերտ բարեկամական կապերի մեջ էր Հայաստանի հետ, ընդունեց Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը, օգնեց նրան ստեղծելու աղվանական գիրը։ Մեծ Հայքի թագավորության բաժանումից (387) հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Իրանը միացրեց Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։ Այնուհետև «Աղվանք» անունը դարձավ աշխարհագրական-տերիտորիալ հասկացություն։ Նրանում հզոր ուժ էր հայ նախարարական ավագանին։ Ի տարբերություն մարզպանական Աղվանքի, Աղվանից թագավորության նախկին տերիտորիան հայկական աղբյուրներում անվանվում է «Բուն Աղվանք»։ Մարզպանական Աղվանքի կազմում մտած հայկական գավառներում շարունակում էին գոյատևել հայ իշխանները, որոնց թվում նաև տեղական թագավորական դինաստիան՝ «Առանշահիկ» տիտղոսով։ Անդրկուրյան կամ Բուն Աղվանքում գլուխ բարձրացրեց տեղական ֆեոդալականացող ավագանին։ V դ. վերջերից հաճախակի դարձան խազիրների ներխուժումները Անդրկովկաս, ուստի Խոսրով I Անուշիրվանը (531 - 579) նվաճեց ծովափնյա Չող, Դարբանդ և Հարավային Դաղստանի մի շարք «ազգագավառներ», կառուցեց Դարբանդի սահմանամերձ պարիսպները։ Սասանյանների օգնությամբ, Լփնաց, Չողա, Բաղասական և այլ երկրամասերի ցեղապետները, որոնք աղբյուրներում (Եղիշե, Բուզանդ ևն) կոչվում են նաև թագավորներ, ամրապնդեցին իրենց իշխանությունը։ Առանշահիկներից Վաչե Բ 462-ին հիմնեց Պարտավ քաղաքը, որը դարձավ երկրի մայրաքաղաք։
Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում էր խալիֆայության Արմինիա վարչական միավորման մեջ։ Աղվանքի քաղաքներում՝ Պարտավում, Դարբանդում, Չողում, Շամախիում հաստատվեցին արաբական զորամասեր ու նրանց հետ եկած իսլամադավան քոչվոր ցեղեր։ Խուրրամյանների շարժման ժամանակ (809 - 937) խալիֆայությունը կորցրեց իր հեղինակությունը։ Շարժումը ճնշելուց և Բաբեկին ձերբակալելուց (837) հետո Աղվանքի տեր ճանաչվեց Խաչենի իշխան Սահլ–Սմբատ Առանշահիկը՝ «Բատրիկ առ-Ռանի» տիտղոսով։ Հետզհետե բարձրացան Գտիչի ե Բելուկանի (Բայլական), Փառիսոսի և Գարդմանի տեղական իշխանությունները։ IX դ. 2-րդ կեսին, երբ քայքայվող խալիֆայությունը հարկադրված եղավ ճանաչել հայ Բագրատունիների թագավորությունը, Խաչենի, Փառիսոսի, Գարդմանի, Բայլականի, Դիգակի իշխանությունները մտան նրա մեջ։ Սահլ-Սմբատ Առանշահիկի թոռ Գրիգոր-Համամը իր իշխանության սահմանները հյուսիսում հասցրեց մինչև Կովկասյան լեռնաշղթան՝ տիրելով Շաքիին և Ծանարաց աշխարհին, իսկ 893-ին իրեն հռչակեց «թագավոր Աղվանից»։ X դ. սկզբին Շիրակի Բագրատունիները ձեռք բերեցին սյուզերենական իրավունքներ, և նախկին Արցախ, Ուտիք նահանգների տերիտորիաները մտան նրանց թագավորության կազմի մեջ։ Գրիգոր-Համամի մահից հետո նրա թագավորությունը մասնատվեց, Կուր գետից հարավ, մինչև Մռավի լեռները, Փառիսոս (այժմ՝ Ղալաքենդ) կենտրոնով անցավ Գրիգոր-Համամի որդուն՝ Սահակ-Սևադային։ Այս թագավորությունը իբրև վասալ Անիի Բագրատունիների գոյատևեց մինչև XI դ. կեսը՝ Գրիգորի որդի Փիլիպպեի ուխտադրաժ սպանությունը Գանձակի ամիրա Փադլունի կողմից։ «Թագավոր Աղվանից» տիտղոսը այնուհետև կրում էին Լոռու Կյուրիկյանները։ Անդրկուրյան և Ծանարաց աշխարհում 897 - 950-ին թագավորեց Գրիգոր-Համամի թոռ Ատրներսեհը՝ նույնպես «Թագավոր Աղվանից» տիտղոսով։ Սրա հաջորդը՝ Սևադա-Իշխանիկը (շուրջ 950 - 960), կապվելով վրաց Բագրատունիների հետ, դարձավ քաղկեդոնական։ Հետագայում՝ 1104-ին Դավիթ Շինարարը այդ թագավորությունը միացրեց Վրաստանին։ Արաբական խալիֆայության տիրապետության մնացորդներն էին Պարտավի և Գանձակի ամիրայությունները։ Պարտավը ավերվեց 913 և 944-ին, իսկ Գանձակը ապրեց իր վերելքը՝ անցնելով Շադդադյան քրդական դինաստիայի իշխանության ներքո։ Կուրից դեպի հյուսիս-արևելք գտնվող Աղվանքիի մասում Շամախիի ամիրան ընդարձակեց իր իշխանությունը մինչև Բաքու, Դերբենդ և հհմնադրեց Շիրվանշահերի թագավորությունը։ Հետզհետե Շադդադյանները, ապա մյուս մուսուլման իշխանները գրավեցին Դաշտային Ղարաբաղը։ XI դ. կեսերից սկսվեցին թուրք-սելջուկների արշավանքները և Միջին Ասիայից նրանց հետևող թուրքական քոչվոր ցեղերի գաղթերը, որոնց համար ամառային արոտավայրեր դարձան Կուր և Արաքս գետերի ներքին հոսանքներն ընդգրկող դաշտավայրերը։ Սելջուկ-թուրքերի, այնուհետև թաթար-մոնղոլների ասպատակությունները խափանեցին Աղվանքի վերընթաց զարգացումը, փոխեցին Ուտիքի դաշտային մասի էթնիկական կազմը։ Աստիճանաբար տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա-թուրքմենական ցեղերը, իսկ Աղվանք անունը մնաց իբրև Գանձասարի եկեղեցական թեմի անուն, որը դարձավ Ղարաբաղի հայ մելիքությունների հոգևոր կենտրոնը։ Աղուանք (գրաբար՝ Աղուանք, ժամանակակից ուղղագրությամբ՝ Աղվանք), նաև Հայոց արևելից կողմանք, օտար լեզուներով՝ Առան. պատմական երկրամասի անվանում միջնադարյան հայ մատենագիրների մոտ։