հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ամո Ղևոնդի Խարազյան (Համազասպ, ապրիլի 8 (20), 1880[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 6, 1957[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)։
Ամո Խարազյան | |
---|---|
Ամո Խարազյանի դիմանկարը, հեղինակ Մարտիրոս Սարյան | |
Ծնվել է | ապրիլի 8 (20), 1880[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 6, 1957[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | թատերական գործիչ, ռեժիսոր և դերասան |
Պարգևներ |
Ամո Խարազյանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և վաղ հասակից հրապուրվել թատրոնով։ 1896 թվականին մեկնում է Մոսկվա, որտեղ հոր կամքին հակառակ, ընդունվում է Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ֆիլհարմոնիան, որտեղ և սովորում է 2 տարի (1896-1898 թթ.)։ Այստեղ Խարազյանը ծանոթանում է Գեղարվեստական թատրոնի ապագա ռեժիսոր Գևորգ Բուրջալովի հետ, ով ցանկանում էր ժողովրդական թատրոն ստեղծել։
1899 թվականին վերադառնում է Թիֆլիս և սկսում է ներկայացումներ բեմադրել Ավճալայի բանվորական աուդիտորիայում՝ դնելով հայ ժողովրդական թատրոնի հիմքը։ Այնուհետև ներկայացումներ է բեմադրում Հավլաբարի լսարանում՝ քաղաքի այն հատվածում, որտեղ շատ հայեր էին ապրում։
Գնալով Բաքու՝ Խարազյանը, Ստեփան Շահումյանի խորհրդով, ներկայացումներ է բեմադրում նավթարդյունաբերության բանվորների համար։
1906 թվականին մեկնել է Փարիզ, հետևել Ժ. Մունե Սյուլիի, Ս. Բեռնարի, Ա. Անտուանի և Գ. Ռեժանի արվեստին, աշակերտել Պ. Մունեին։
Ամո Խարազյանը կյանքի ընթացքում բազմաթիվ թատրոններ ու թատերախմբեր է ստեղծել և 1909 թվականին հիմնադրում է «Նոր դրամա» թատրոնը, որտեղ իբրև ռեժիսոր մեծ ուշադրություն է դարձնում ներկայացումների գեղարվեստական կատարելությանը։ Այս թատրոնում բեմադրությունները ձևավորում էր նկարիչը, իսկ երաժշտական ձևավորման համար երաժիշտներ էին հրավիրվում։ Այս ամենը նորություն էր հայ թատրոնում։ Թատրոնը գոյատևում է 6 տարի և 1914 թվականին փակվում։ «Նոր դրամայի» փակվելուց հետո Խարազյանը տեղափոխվում է Զուբալովի ժողովրդական տան թատերական սեկցիա, որտեղ ներկայացումներ է բեմադրում աշխատավոր հանդիսականի համար։ 1915-1918 թվականներին ղեկավարել է «Աշակերտա-ուսանողական դրամատիկ ընկերության» թատերախումբը, 1918 թվականին՝ Կաշեգործների միության բոլշևիկյան թևի հիմնած՝ «Պրոլետկուլտ» գրական-գեղարվեստական խմբակի (նախագահ՝ Ա. Վարդանյան) բանվորական թատերախումբը։
Հայաստանում քաղաքացիական կռվի տարիներին Ամո-Խարազյանը դառնում է հեղափոխական թատրոնի ղեկավարը, 1921 թվականի փետրվարին կազմակերպում է Երևանի Գավգործկոմի, 1922-ին՝ ՀԽՄՀ Քաղլուսվարի, 1925 թվականին՝ «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատերախմբերը Ղարաքիլիսայում (Վանաձոր) և շրջագայում Հայաստանի ամբողջ տարածքով։ Վերջինս 1926 թվականից կոչվել է Գյուղշրջիկ թատրոն, 1928 թվականին վերանվանվել Պետական շրջիկ թատրոն (1933 թվականից Խարազյանի անվան, տե՛ս Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն)։ 1949 թվականից աշխատել է Էջմիածնում (թատրոնը փակվել է 1952 թվականին)[4][5][6]։
1955 թվականի դեկտեմբերի 26-ից Խարազյանի անունով է կոչվել Արտաշատի պետական թատրոնը։ Խարազյանն իր ղեկավարած տարբեր թատրոններում բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 300 դեր։ Բեմականացումների («Փոստակայանի վերակացուն», ըստ Պուշկինի, «Հացի խնդիր», ըստ Պ. Պռոշյանի, «Փոթորկածիններ», ըստ Ն. Օստրովսկու), պիեսների թարգմանությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.