Անապատ (աշխարագրություն)
From Wikipedia, the free encyclopedia
Անապատ, ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։ Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն կմ² է[1]։ Անապատները, բացառությամբ սառցային անապատների, առաջացել են խոնավության պակասի պատճառով։ Բնութագրվում են աննշան տեղումներով, շոգ ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, հողի և օդի ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջրերի մշտական հոսքի (բացառությամբ «տարանցիկ» գետերի) բացակայությամբ, հողի վերին շերտում աղերի կուտակումով, բուսածածկույթի նոսրությամբ կամ բացակայությամբ։ Կլիման չորային է։ Ամռանը խոնավությունն իջնում է մինչև 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Արևոտ օրերի թիվը բարեխառն գոտու անապատներում հասնում է 197 (Կուշկա), արևադարձայիններում՝ 295 օրվա, առավելագույն ջերմաստիճանը համապատասխանաբար հասնում է 49,5 °C և 58 °C։ Արևի տակ ավազի մակերևույթը տաքանում է մինչև 90 °C։ Ջերմաստիճանի տարեկան տատանումը 90 °C է, օրականը՝ 30 °C։ Տեղումների տարեկան միջին քանակը Միջին Ասիայի անապատներում 60–175 մմ է, Կենտրոնական Ասիայում՝ 9 մմ (Տակլա–Մական), արևադարձային անապատներում 100 մմ–ից պակաս։ Հյուսիսային և Հարավ– Արևմտյան Աֆրիկայի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի արևմուտքի անապատներում տարիներ շարունակ անձրևներ չեն տեղում, սակայն հազվադեպ լինում են տեղատարափներ։ Մակերեսային ջրերը (բացառությամբ «տարանցիկ» գետերի) գոյանում են մթնոլորտային տեղումներից և մնում մի քանի ժամ կամ առավելագույնը՝ մի քանի օր։ Ստորերկրյա ջրեր կան բոլոր անապատներում, գտնվում են փոքր խորություններում և աղի են։ Անուշահամ ջրերն առաջանում են գետերի կամ տեղումների ծծանցումից։ Բուսականության թույլ զարգացումն ու նոսր ծածկույթը, հիմնահողերի մերկությունն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նպաստում են ինտենսիվ հողմահարմանը՝ ընդհուպ ավազի և փոշու առաջացումը։