Անաֆիլաքսիա
From Wikipedia, the free encyclopedia
Անաֆիլաքսիա (հուն․՝ ἀνά - հակառակ և հուն․՝ φύλαξις - պաշտպանություն բառերից)[1], ծանր ալերգիկ ռեակցիա, որն ունի արագ սկիզբ և կարող է բերել մահվան[2]։ Այն առաջանում է որոշ նյութերի՝ ալերգենների, օրգանիզմ կրկնակի մուտք գործելու դեպքում։ Բնորոշ ախտանիշներից են քորվող ցանը, ըմպանի կամ լեզվի այտուցը, հևոցը, փսխումը, գլխապտույտը և ցածր արյան ճնշումը։ Ախտանիշները զարգանում են րոպեների կամ ժամերի ընթացքում։ Ամենատարածված պատճառներից են միջատների խայթոցները, սննդամթերքը և դեղորայքը[3]։ Այլ պատճառներից են լատեքսի հետ շփումը և ֆիզիկական մարզանքը[3]։ Կարող են լինել դեպքեր՝ առանց ակնհայտ պատճառի[3]։
Անաֆիլաքսիա | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն և Իմունոլոգիա |
ՀՄԴ-9 | 995.0 |
ՀՄԴ-10 | T78.2 |
Anaphylaxis Վիքիպահեստում |
Անաֆիլաքսիայի մեխանիզմի հիմքում ընկած է արյան սպիտակ բջիջների որոշ տեսակներից միջնորդանյութերի (մեդիատորներ) ձերբազատումը․ վերջինիս թողարկման մեխանիզմները կարող են լինել իմունաբանական կամ ոչ իմունաբանական[4]։ Այն ախտորոշվում է առկա ախտանիշների և նշանների հիման վրա, որոնք զարգացել են հավանական ալերգենի հետ շփման արդյունքում[3]։ Առաջնային բուժումը էպինեֆրինի (ադրենալին) ներարկումն է, ներերակային հեղուկները և հիվանդին հորիզոնական դիրքում պառկեցնելը[3][5]։ Կարող են անհրաժեշտ լինել էպինեֆրինի լրացուցիչ դեղաչափեր[3]։ Լրացուցիչ բուժական միջոցառումների մեջ են մտնում հակահիստամինային դեղամիջոցները և ստերոիդները[3]։ Անաֆիլաքսիայի կրկնակի դեպքերի կանխարգելման համար պացիենտը կրթվում է ախտանիշների ճանաչման վերաբերյալ և պահում է իր մոտ էպինեֆրինի ինքնաներարկիչ[3]։
Ամբողջ աշխարհում անաֆիլաքսիան հանդիպում է մարդկանց 0․05-1 %-ի մոտ՝ կյանքի որոշակի փուլում և այդ ցուցանիշներն, ըստ ամենայնի, աճում են[6]։ Այն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների և կանանց մոտ[5][7]։ Միացյալ Նահանգներում անաֆիլաքսիայով հինանդանոց ընդունվածների մահացությունը կազմում է 0․3 %[8]: