Անդրեյ Չիկատիլո
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլո (հոկտեմբերի 16, 1936(1936-10-16)[1][2][3], Յաբլոչնոե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 14, 1994(1994-02-14)[1][2][3], Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան[4][5]), խորհրդային սերիական մարդասպան, պեդոֆիլ, նեկրոսադիստ, նեկրոֆիլ և մարդակեր։ Մականուններն են «Կատաղած գազան»[6], «Կարմիր պարտիզան»[7], «Ռոստովյան փորաթափ»[7][8], «Կարմիր փորաթափ», «Մարդասպան անտառաշերտից», «Քաղաքացի իքս», «Սատանա»[7], «Սովետական Ջեկ փորաթափ»[9]։
Անդրեյ Չիկատիլո ռուս.՝ Андрей Романович Чикатило և ուկրաիներեն՝ Андрій Романович Чикатило | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1936(1936-10-16)[1][2][3] |
Ծննդավայր | Յաբլոչնոե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 14, 1994(1994-02-14)[1][2][3] (57 տարեկան) |
Մահվան վայր | Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Նովոչերկասկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ, Ռոստովի պետական համալսարան և Մարքսիզմ-լենինիզմի համալսարան (1970) |
Մասնագիտություն | սերիական մարդասպան, ռազմական գործիչ, դպրոցի ուսուցիչ և serial rapist |
Զբաղեցրած պաշտոններ | deputy head teacher? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Andrei Chikatilo Վիքիպահեստում |
Առկա փաստերի համաձայն, 1978- 1990 թվականներին[8] իրագործել է 53 ապացուցված սպանություններ՝ 7-16 տարեկան 21 պատանիների, 9-17 տարեկան 14 աղջիկների, 17-ից բարձր 18 աղջիկների և կանանց[10][11]։ Հանցագործը խոստովանել է, որ կատարել է 56 սպանություններ[10], իսկ օպերատիվ տվյալների համաձայն, Չիկատիլոյի գործողությունների զոհ է դարձել 65 մարդ։ Չիկատիլոյի կատարած հանցագործությունների համար սխալմամբ գնդակահարվել է Ալեքսանդր Կրավչենկոն, ով նույնպես մարդասպան է եղել, սակայն ժամանակին չի գնդակահարվել՝ անչափահաս լինելու պատճառով[12]։
Անդրեյ Չիկատիլոն ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 16-ին Ուկրաինական ԽՍՀ-ի Խարկովի մարզի Յաբլոչնոե գյուղում։ Ներկայումս գյուղը գտնվում է Սումիի մարզում[7][13]։ Կան տվյալներ, համաձայն որի Չիկատիլոն ծնվել է գլխուղեղի ջրակալման ախտանշանով։ Մինչ 12 տարեկանը տառապել է գիշերամիզությամբ, ինչի համար մշտապես ծեծվել է մոր կողմից[14][15]։ Չիկատիլոյի խոսքերով՝ նրա պապը եղել է միջակ կալվածատեր, ով կոլեկտիվացման ժամանակ կուլակաթափ է արվել։ Նրա հայրը եղել է պարտիզանական դասակի հրամանատար, ով գերի է ընկել։ Ամերիկացիների կողմից ազատվելուց հետո վերադարձել է ԽՍՀՄ, ենթարկվել ճնշումների՝ աքսորվելով Կոմի երկրամաս[16]։
1943 թվականին ծնվում է Չիկատիլոյի քույրը։ 1944 թվականին Չիկատիլոն գնացել է առաջին դասարան[17][18]։ Երբ 1946 թվականին ԽՍՀՄ-ում սով է սկսվել, նա դուրս չի եկել տնից՝ վախենալով, որ նրան կարող են բռնել և ուտել։ Մայրը նրան պատմել է, որ 1932-1933 թվականներին Ուկրաինական ԽՍՀ-ում տեղի ունեցած սովի ժամանակ նրա ավագ եղբորը` Ստեփանին, իբր թե, գողացել են և կերել[8][19][20][21]: Կա վարկած նաև այն մասին, որ ավագ եղբորը կերել են նրա ծնողները՝ սովի ժամանակ։ Չիկատիլոյի կենսագիրները հաճախ նշում են, որ ավագ եղբոր հետ կապված պատմությունը շատ վիճարկելի է, քանի որ չկան վստահելի և բավարար աղբյուրներ՝ տեղեկատվությունը հաստատելու համար։ Այսպես, ամերիկացի դատական հոգեբան Քեթրին Ռամսլենդը կարծում էր, որ ուսումնասիրությունների արդյուքնում Ստեփանի ծնունդը կամ մահը վկայող որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել[22]: Ռուս լրագրողներ Միխայիլ Գուրևիչը և Օլգերտ Լիբկինը ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ.[7]
Հետաքննիչները, այնուհետ նաև լրագրողները, լսելով, իբր թե կերված եղբոր մասին, սկսեցին ուսումնասիրել պատմությունը, սակայն որևէ արդյունքի չհասան։ Պահպանված փաստաթղթերում տեղեկություն չկա սրա մասին։ Համագյուղացիները նույնպես չեն խոսել այս փաստի մասին։ Ստեփանի մասին անգամ՝ ոչ ոք չի խոսել։ Պարզել, թե ընդհանրապես գոյություն է ունեցել Չիկատիլոյի ավագ եղբայրը, թե սրանով Չիկատիլոն փորձել է որոշակի առումով մեղմել իր հանցանքները, պարզել այլևս հնարավոր չէ։ Կարելի է ընդունել, որ Չիկատիլոն մասամբ է ստել։ Նրա ծնողները, ովքեր առավոտից երեկո անդադար աշխատել են, երեխաներին մշտապես թողել են տանը մենակ։ Նրանք կարող էին արգելել նրանց դուրս գալ հյուղակից, չհեռանալ բակից, թե չէ ինչ-որ մեկը կգողանար և կուտեր նրանց։ Վախեցնելու համար երեխաներին՝ Անդրեյի ծնողները կարող էին ստեղծել կերված ավագ եղբոր պատմությունը։ Մանկավարժության տեսանկյունից այս մեթոդը հիմարություն է, սակայն փորձը ցույց է տալիս, որ այն գործում է…
Իր հերթին ռուս լրագրող և գրող Ալեքսանդր Մասալովը նշում է, որ սա Չիկատիլոյի մասին երկու առասպելներից մեկն է, քանի որ «դրա մասին որևէ հստակ տեղեկատվություն գոյություն չունի»[19]։ Ըստ լրագրողի երկրորդ այն առասպելն է, համաձայն որի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիները գնդակահարման են ուղարկել Յաբլոչնոյե գյուղի մի քանի բնակիչների։ Հետաքրքրությունից դրդված գյուղի երեխաները վազել են դիտելու երևույթը։ Նրանց թվում է եղել նաև 16-ամյա Անդրեյը։ Ոճրագործները, ավարտելով իրենց գործը, սկսել են կրակել երեխաների վրա, որոնք վախից սկսել էին անկանոն փախչել։ Փախչելու ժամանակ Չիկատիլոն ընկել է՝ վնասելով գլուխը։ Արդյունքում նրան անգիտակից վիճակում գտել են գերմանացիները և մտածելով, թե մեռած է, գցել են գնդակահարվածների մարմինների հետ։ Մի քանի ժամ անց Անդրեյը ուշքի է եկել, սակայն վախեցել է դուրս գալ դիակների փոսից՝ ամբողջ գիշերը անցկացնելով այնտեղ։ Տունը է վերադարձել միայն արշալույսին։ Իբր այս դեպքը խիստ բացասաբար է ազդել նրա հոգեկանի վրա[19]։ Իր հերթին պատմաբան Ջոն Ֆիլիպ Ջենքինսը նշում է, որ «պատմությունը, որը հնարավոր չէ ճշտել, մոտիվացրել է Չիկատիլոյին ուտել իր զոհերից մի քանիսին»։
1954 թվականին Անդրեյը ավարտել է միջնակարգ դպրոցը և փորձել ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն մրցույթի արդյունքում չի անցել[7][23][24]։ Սակայն, ըստ Չիկատիլոյի, իրեն չեն ընդունել համալսարան հոր պատճառով, ով «հայրենիքի դավաճան» էր[7][23]։
1955 թվականին Չիկատիլոն ավարտել է Ախտըրսկի կապի տեխնիկական ուսումնարանը[7][25]։ Աշխատել է Նիժնի Տագիլի էլեկտրափոխանցման համակարգում[7]։ Ուսումնարանից հետո հեռակա կարգով ընդունվել է Մոսկվայի հաղորդակցության ուղիների պետական համալսարան, որտեղ երկու տարի սովորելուց հետո՝ զորակոչվել է բանակ[7]։
1957-1960 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Միջին Ասիայի սահմանապահ զորքերում, այնուհետև ծառայել որպես կապավոր Բեռլինում[7]։
Ծառայությունից հետո տեղափոխվել է Դոնի Ռոստովից ոչ այնքան հեռու գտնվող Ռոդիոնովո-Նեսվետայսկայա բնակավայր, որտեղ աշխատել է որպես ինժեներ՝ ավտոմատ հեռախոսային կայանում[7]։ Նաև աշխատել է «Զնամյա» թերթում՝ որպես արտահաստիքային լրագրող։ Իր հոդվածներում անդրադարձել է նոր ուսումնական տարվա, մարդահամարի խնդիրներին, սպորտային առաջնություններին, համաքաղաքացիների աշխատանքային ձեռքբերումներին[7]։ Ավելի ուշ գրել է հոդվածներ երիտասարդության բարոյականության և հայրենասիրական դաստիարակության թեմաներով «Զնամյա շախտյորա» թերթում[7]։
1962 թվականին Չիկատիլոյի քույրը Տատյանան նրան ծանոթացրել է իր ընկերուհու Ֆաինա (Եվդոկիա) Օդնաչևայի հետ, ով 1963 թվականին ամուսնացել է Չիկատիլոյի հետ[7][8][25]։ Ամուսնությունից անմիջապես հետո, Չիկատիլոն հեռակա ուսումնական համակարգով ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետի «ռուսաց լեզու և գրականություն» բաժինը, որն ավարտել է 1970 թվականին[7][26]։ 1965 թվականին ունեցել է դստերը՝ Լյուդմիլային[7][25], իսկ 1969 թվականի օգոստոսի 15-ին՝ որդուն՝ Յուրիին[7][25]։ 1965 թվականի ապրիլին շրջանային կոմիտեն Չիկատիլոյին նշանակել է շրջխորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բաժնի ղեկավար[7][26][27]։ 1970 թվականին հեռակա ուսումնական համակարգով ավարտել է ԽՍՀՄ կոմկուսի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանը[28]։ 1970 թվականի օգոստոսի 15-ին որպես ուսմասվար աշխատանքի է անցել Նովոշախտինսկի N32 ինտերնատ դպրոցում, իսկ 1970 թվականի սեպտեմբերի 1-ից սկսել է դասավանդել ռուսաց լեզու և գրականություն[7][28]։ Բացի այդ Չիկատիլոն որոշ ժամանակ զբաղեցրել է նաև տնօրենի պաշտոնը[7]։ Իր աշակերտուհիներ Լյուբե Կոստինայի և Տոնե Գուլցեվայի նկատմամբ իրականացրած սեռական ոտնձգությունների պատճառով՝ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ «իր սեփական դիմումի հիման վրա»[7]։
1974 թվականին Չիկատիլոն սկսել է աշխատել Նովոշախտինսկի N39 նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ որպես արտադրական ուսուցման վարպետ։ Նա ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից՝ հաստիքների կրճատման համար[7][29]։
В 1978 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Շախտի, որտեղ սեպտեմբերից սկսել է աշխատել № 33 դաստիարակչական ՆՈՒՀ-ում[7][30]։ Այստեղ Չիկատիլոն փորձել է ոտնձգություններ կատարել Վոլոդյա Շերբակովի նկատմամբ, որի համար աշակերտները նրան հաճախ անվանել են «օնանիստ» և «համասեռամոլ»[7]։
Հոգեբույժ և հոգեվերլուծաբան Դմիտրի Վելտիշևը նշել է, որ.[7]
Չիկատիլոն ուսուցիչ աշխատելու տարիներին փոխել է իր սեռական կողմնորոշումը։ Ինքնասիրահարվածության (աուտոէրոտիզմ) հետ միասին, նա սեռական հաճույք է ստացել աղջիկների սանհանգույցներում գաղտնադիտելուց, աղջիկներին ձեռք տալուց, իսկ որոշ ժամանակ անց նույն հաճույքը նա զգացել է տղաներին դիպչելուց։ Նա նկատել է, որ իր սեռական գրգռվածությունը ավելի է ուժեղացել, երբ իր զուգընկերը ընդդիմացել կամ ճչոցներ է արձակել։ Սովորական սեռական հարաբերությունները նրան հաճույք չեն պատճառել։ Նկատվել է էրեկցիայի թուլացում, էյակուլյացիայի արագացում:Բացի այդ նկատվել է նաև սեռականության երկկողմանիություն՝ հետաքրքրություն, սեր և ատելություն, նվաստացման ձգտում, ցավի պատճառում, որն ուղեկցվել է սադիստական երանգներով։ Նրա սեռական գործողությունները աստիճանաբար ազատվել են մեղավորության զգացումից և մեղքից, աճել է էմոցիոնալ սառնությունը, անձի երկվությունը։ <…> Կյանքի հաջորդ շրջանը բնորոշվել է հետերոսեքսուալության աճմամբ, որն ուղեկցվել է ինքնասիրահարվածության սեռական հակումներով։ Այդպես, կարելի է խոսել շիզոիդ անձի ինքնասիրահարվածության կոնֆլիկտի մասին, համաձայն որի անձը սիրում է ինքն իրեն և ատելություն զգում շրջակա աշխարհի նկատմամբ, որը հոգեվերլուծաբանների կարծիքով, բերում է երկվության, երբ ձգտում է վերացնել այն, ինչ սիրում է։ Այն հանգեցնում է ագրեսիայի և ատելության։
1978 թվականի դեկտեմբերի 22-ին Չիկատիլոն սպանել է իր առաջին զոհին՝ իննամյա Ելենա Զակոտնովային[7][30]։ Սպանությունը տեղի է ունեցել Մեժեվոյ նրբանցքի N26 տանը, որը Չիկատիլոն ընտանիքից գաղտնի գնել էր 1500 ռուբլով։ Տունը նախատեսված էր անբարոյականների հետ սեռական հարաբերությունների համար[7][30]։
Դեկտեմբերի 24 Շախտիին և ողջ Ռոստովի մարզը ցնցեց լուրը, որ Գրուշեվկա գետի վրա կառուցված կամրջի մոտից գտնվել է N11 դպրոցի երկրորդ դասարանի աշակերտուհի իննամյա Ելենա Զակոտնովայի դին[7][31]։ Ինչպես ցույց տվեց փորձաքննությունը, անծանոթը աղջկա հետ զբաղվել էր հեշտոցային և անալ սեքսով՝ վնասելով նրա հեշտոցը և ուղիղ աղիքը։ Փորձաքննությունը ցույց տվեց նաև, որ որովայնի հատվածում կան դանակի երեք հարվածներ[7]։ Այնուամենայնիվ, մահը վրա էր հասել շնչահեղձության արդյունքում։ Այսինքն նրան խեղդել էին[7]։ Փորձագետը կարծում էր, որ Լենան սպանվել է անհետանալու օրը (ծնողները ոստիկանությունը են դիմել դեկտեմբերի 22-ին)՝ 18:00-ից ոչ շուտ։
Առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը, որն ուղեկցվել էր բռնաբարությամբ, անմիջապես պետք է բացահայտվեր։ Հետաքննության անցկացումը հանձնարարվեց տեղի ամենահմուտ հետաքննիչներից մեկին՝ արդարադատության ավագ հետաքննիչ Իժոգինին։ Իրականացվել է տեղաբնակների մանրակրկիտ ստուգում։
Ինչպես պարզվեց ավելի ուշ, Չիկատիլոն տարել է աղջկան հյուղակ՝ խոստանալով նրան տալ մաստակ[7][33] Ավելի ուշ հետաքննությանը նա պատմել է, որ ցանկացել է «զվարճանալ նրա հետ», սակայն երբ փորձել է մերկացնել աղջկան, վերջինս սկսել է ճչալ և փորձել փախչել։ Չիկատիլոն վախեցել է, որ նրա ճչոցները կարող են լսել հարևանները և ընկնելով երեխայի վրա, սկսել է խեղդել։ Նրա խոստովանությամբ՝ զոհի տանջանքները այնքան են գրգռել նրան, որ նա օրգազմ է ապրել[7][33][34]։
Աղջկա մարմինը և դպրոցական պայուսակը Չիկատիլոն նետել է Գրուշևկա գետը[7][35]։ Դեկտեմբերի 24-ին մարմինը գտնվել է, և նույն օրն էլ ձերբակալվել է կասկածյալ Ալեքսանդր Կրավչենկոն, ով նախկինում տասնամյա աղջկա բռնաբարության և սպանության համար դատապարտված է եղել 10 տարվա ազատազրկման։ Կրավչենկոյի կինը հանգամանալի փաստեր ներկայացրեց ամուսնու վերաբերյալ, որի արդյունքում նա դեկտեմբերի 27-ին ազատ արձակվեց։ Սակայն 1979 թվականի հունվարի 23-ին Կրավչենկոն գողություն արեց հարևանի տնից։ Հաջորդ առավոտյան, ոստիկանությունը ձերբակալեց նրան, իսկ գողոնը հայտնաբերեց ձեղնահարկից։ Կրավչենկոյի բանտախուց բերեցին մի մարդասպանի և թմրամոլի, ով ծեծում էր նրան՝ ստիպելով ընդունել Զակոտնովայի սպանության մեղքը։ Կրավչենկոյի կնոջը հայտնեցին, որ նրա ամուսինը ձերբակալվել է սպանության մեղադրանքով, իսկ կնոջն էլ մեղադրեցին հանցակից լինելու համար։ Վախեցած կինը ստորագրեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը[7][35][36]:
1979 թվականի փետրվարի 16-ին Կրավչենկոն խոստովանեց Զակոտնովայի սպանությունը[7][37]։ Սկզբում նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, բայց սպանված աղջկա ծնողները պնդեցին վերանայել գործը և մահապատժի դատապարտել[7][37]։ Արդյունքում, Կրավչենկոյի գործը երեք անգամ ուղարկվեց հետաքննության[7][38], որի արդյունքում որոշվեց Ալեքսանդր Կրավչենկոյին մահապատժի դատապարտել[7]։ 1983 թվականի հուլիսի 5-ին քսանիննամյա Կրավչենկոն գնդակահարվեց մի սպանության համար, որն իրականացրել էր Չիկատիլոն[7][39]։ 1990 թվականին Կրավչենկոյի գնդակահարման դատավճիռը հետմահու չեղարկվեց[7]։
Բացի այդ, սպանության մեջ կասկածվում էր ևս մեկ անձ։ 1979 թվականի հունվարի 8-ին Նովոչերկասկում հայտնվեց ոմն Անատոլի Գրիգորև։ Նա 50 տարեկան էր և ծնունդով Շախտիից։ Դեկտեմբերի 31-ին Գրիգորևը՝ տրամվայի պարկում, որտեղ նա աշխատում էր, խմած վիճակում պարծեցել է իր աշխատակիցների մոտ՝ նշելով, թե ինքն է սպանել «թերթերում գրված աղջկան»։ Բանվորները գիտեին, որ «միայն հարբած մարդկանց երևակայությունն է արթնանում», այդ իսկ պատճառով էլ ուշադրություն չդարձրեցին նրա խոսքերին։ Սակայն Գրիգորևը վստահ էր, որ իր ոչ սթափ վիճակում ասված խոսքերը դեռ կքննարկվեն հետագայում։ Գալով իր դստեր մոտ, ով բնակվում էր Նովոչերկասկում, Գրիգորև սկսեց խմել, ամենուր ասել, որ ինքը չի սպանել աղջնակին։ Սպասելով, որ իր աղջիկը գնա աշխատանքի, Գրիգորևը կախվել է տան զուգարանում[40]:
Առաջին սպանությունից հետո Չիկատիլոն մոտ երեք տարի ոչ մեկին չի սպանել։ 1981 թվականի մարտին նա աշխատանքի է անցել Շախտիի «Ռոստովներուդ» արտադրական միությունում՝ որպես ավագ ինժեներ, որտեղ ժամանակ առ ժամանակ կատարել է նաև բաժնի վարիչի պարտականությունները[7]։ 1981 թվականի սեպտեմբերի 3-ին Չիկատիլոն խեղդամահ է արել 17-ամյա մարմնավաճառ[41] Լարիսա Տկաչենկոյին՝ լցնելով նրա բերանը ցեխով[39]։ Դին գտնվել է Դոն գետի ձախ ափին՝ «Նաիրի» սրճարանի մոտ։ Զոհի կրծքերին ատամների հետքեր են եղել, ինչպես նաև փայտի մնացորդներ, որը Չիկատիլոն մտցրել էր զոհի հեշտոցը և հետույքը[7][39]։
Մեկ տարի անց, 1982 թվականի հունիսի 12-ին նա սպանել է տասներկուամյա Լյուբով Բիրյուկին[7][43]։ Այսպես սկսվեց սպանությունների շարքը։ Ընդհանուր առմամբ, 1982 թվականին Չիկատիլոն սպանել է 9- 16 տարեկան 7 երեխաների[43]։
Իր ապագա զոհերի հետ նա սովորաբար ծանոթացել է ավտոբուսների կանգառներում և կայարաններում։ Այնուհետև ինչ-որ պատրվակով (ցույց տալ կարճ ճանապարհը, օգնելու տանել ծանր պայուսակը, ցույց տալու դրոշմանիշների իր հավաքածուն, դիտելու ֆիլմ, լսելու երաժշտական ձայնագրություն և այլն) նրանց տարել է անտառ կամ էլ այլ գաղտնի վայր։ Երբեմն Չիկատիլոն իր զոհերի հետ քայլել է մի քանի կիլոմետր։ Ընդ որում, միշտ քայլել է զոհից առաջ և երբ հասել են արդեն նպատակակետին՝ դանակով հարձակվել է զոհի վրա։ Այլանդակված դիակների վրա հայտնաբերվել են դանակի մինչև 16 հարվածներ, շատերի մոտ կտրված կամ կծված են եղել քիթը, լեզուն, սեռական օրգանները, կրծքերը, հանված են եղել աչքերը[44][45][46]։ Առաջին զոհի աչքերը Չիկատիլոն կապել է շարֆով, իսկ մնացածների աչքերը հանել է՝ վախենալով, որ զոհի աչքերում կարող է մնացած լինել նրա պատկերը[47], կամ էլ վախեցել է երկար ժամանակ նայել իր զոհերի աչքերին[48]։ Հոգեբույժ Ալեքսանդր Բուխանովսկին Մարկ Դեյչին տված հարցազրույցում այն հարցին, թե ինչու է Չիկատիլոն հանել զոհերի աչքերը, պատասխանել է, որ. «Սերիական մարդասպանը թողնում է հետքեր, որը հետաքննիչը միայն ֆիքսում է։ Իսկ այդ հետքերը դատական բժիշկներին շատ բան են ասում։ Օրինակ, աչքերի նկատմամբ մանիպուլյացիան, երբ մարդասպանը վնասում կամ էլ հանում է իր զոհի աչքերը։ Պատահականություններ այստեղ չեն լինում։ Այն վկայում է հիվանդության զարգացման համապատասխան շրջափուլի մասին»[49]։
Հոգեբույժ և հոգեվերլուծաբան Դմիտրի Վելտիշևը նշել է[7].
1978 թվականից սկսած Չիկատիլոյի մոտ առաջանում է սադիստական առավել դաժան նկրտումներ։ Դրանք առաջանում են այն բանից հետո, երբ Չիկատիլոն օրգազմ է ապրում՝ տեսնելով իր զոհի արյունը։ Նախկին սեքսուալ ցանկությունները (Ֆրոտերիզմ, պեդոֆիլիա, մաստուրբացիա) նրան այդքան հաճույք չեն պատճառել։ Այլասերված սեքսուալ հետաքրքրությունները զուգակցվել են էմոցիոնալ տատանումների (երկմտությունների) հետ՝ ճնշում, չբավարարված սեռական ցանկությունների հետ կապված անհանգստություն, հոգեկան ճնշումներ։ Հենց այդ շրջափուլում էլ առաջանում են սեքսուալ հետաքրքրությունների ընդգծված շեղումները՝ այլասերվածություն, էմոցիոնալ սառնության և ապասոցիալականացման ֆոնին ինքնավերահսկողության և սեփական անձի նկատմամբ քննադատական վերաբերմունքի կորուստ։ Սեքսուալ այլասերվածությունները (սադիզմ, պեդոֆիլիա) իրականացվել են առանձնակի դաժանությամբ, վամպիրիզմի, մարդակերության և նեկրոֆիլիայի դրսևորումներով։ Անհրաժեշտ է նշել իրականացված հանցագործությունների ստերեոտիպային բնույթը զոհերի հատուկ ընտրությունն է՝ իրականացվող գործողությունների կրկնությամբ (դանակի հարվածներ, աչքերի հանում և այլն)։
Սրանց հետ զուգընթաց պահպանվել են այլասերված շիզոիդ զգայունության ախտանիշներ, ինչպես օրինակ՝ զոհի հայացքի անհանդուրժողականություն։ Աճող սոցիալական դիսադապտացիան, այդուհանդերձ, կապված չի եղել այսպիսի դեպքերին բնորոշ ագրեսիվության և դյուրագրգիռության հետ։ Այն ավելի շատ կապված է եղել աուտիզմի, շիզոտիպիկ խանգարումների, դատամոլական պահվածքի աճի հետ…:
1984 թվականին Անդրեյ Չիկատիլոն սպանել է ամենաշատ թվով մարդկանց։ Նրանց թիվը հասնում էր 15-ի[7][50]։ Արդյունքում զոհերի ընդհանուր թիվը կազմել է 32։
Հուլիսի 19-ին Չիկատիլոն սպանել է 19-ամյա Աննա Լեմեշևային, ով տուն էր վերադառնում ատամնաբուժարանից։ Չիկատիլոն աղջկան առաջարկել էր միասին լողանալ արհեստական լճակում, սակայն խոստացված լճակի փոխարեն նրան տարել էր անտառ։ Հարձակման ժամանակ Լեմեշևան ուժեղ դիմադրություն է ցույց տվել։ Չիկատիլոն կարողացել է հաղթել նրան, միայն դանակի օգնությամբ։ Լեմեշևայի դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածներ, որոնք հիմնականում հասցված են եղել զոհի զույգ ակնակապիճներին և ձախ քունքին։ Ոչ պակաս, քան 10 հարված է հասցվել ձախ ազդրին, կաթնագեղձերի և ցայլքի շրջաններին։ Մահացող Լեմեշևայի արյունը և ջղաձգումները Չիկատիլոյին գերագույն հաճույք են պատճառել։ Քրեական գործի նյութերում նշված է, որ. «Մարդասպանը կծելով պոկել է զոհի կրծքագեղձերի պտուկները և կուլ տվել։ Իր անլիարժեքության համար վրեժխնդիր լինելով՝ կտրել է սեռական օրգանները, այնուհետև դեն նետել, իսկ արգանդը՝ կրծել»[7]։
Օգոստոսի 1-ին Չիկատիլոն ընդունվել է աշխատանքի Ռոստովի արտադրական միավորման «Սպեցէներգոավտոմատիկայի» նյութատեխնիկական մատակարարման բաժնում[7][50]։ Աշխատանքի բերումով Չիկատիլոն անդընդհատ պետք է գործողումների մեկներ, ինչը նրա համար բավականին ձեռնտու էր։ Օգոստոսի 2-ին սպանվել է Նատալյա Գոլոսովսկայան[7]։ Օգոստոսի 7-ին անտառում՝ «Խաղաղ Դոն» հանգստյան տան մոտ սպանել է 17-ամյա Լյուդմիլա Ալեքսեևային՝ խոհանոցային դանակի 39 հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին։ Չիկատիլոն կտրել էր զոհի վերին շրթունքը և մտցրել բերանի խոռոչ, կուրծքը պատառոտված էր, իսկ որովայնի ստորին հատվածներում կային կտրվածքներ[7]։ Օգոստոսի 8-ին նա մեկնել է Տաշքենդ՝ առաջին գործուղման, որտեղ սպանել է երիտասարդ մի կնոջ, ով գտնվել է ոչ սթափ վիճակում։ Չիկատիլոն կտրել է նրա գլուխը և նետել թփերի մեջ։ Եգիպտացորենի դաշտում խոհանոցային դանակով սպանել է 10-ամյա Աքմարալ Սեյդալիևային (Սարդալիևա)։ Մարմինը թաղել է քարակույտի մեջ[7][50]։ Օգոստոսի 28-ին «Խաղաղ Դոն» հանգստյան տան մոտ սպանել է 11-ամյա Ալեքսանդր Չեպելին[7]։ Սեպտեմբերի 6-ին Դոնի Ռոստովի Օդաչուների այգու մոտ սպանել է Իրինա Լուչինսկայային[7]։ Չեպելը և Լուչինսկայան սպանվել են նույն դանակով, ինչ Ալեքսեևան[7]։
1984 թվականի սեպտեմբերի 14-ին Դոնի Ռոստովի կենտրոնական շուկայում Չիկատիլոյին կասկածելի պահվածքի համար ձերբակալել է տարածքային տեսուչ, ոստիկանության կապիտան Ալեքսանդր Զանոսովսկին՝ իր գործընկեր Շայխ Ահմեդ Ահմադհանովի հետ միասին[8][7][51]։ Չիկատիլոն փորձում էր ծանոթանալ աղջիկների հետ, տրանսպորտում անհանգստացնում էր ուղևորներին, ավտոկայարանում մարմնավաճառը նրա հետ զբաղվել է օրալ սեքսով[7][52]։ Նրա պայուսակի մեջ հայտնաբերվել է կեղտոտ սրբիչ, պլաստմասսե մուգ կոթով դանակ, վազելինի տարա, օճառի կտոր և պարանի երկու կապ[8][7]։ Այս իրերի առկայության հանգամանքը նա կարողացավ բացատրել իր աշխատանքային գործունեությամբ։ Պարանը օգտագործում է՝ կապելու ոչ ամուր տուփերը, դանակը՝ կտրելու պարանի ավելորդ մասերը, իսկ վազելինը գործուղման ժամանակ սափրվելու համար էր նախատեսված[53] : Բացի այդ, նրա պայուսակում գտնվել է ոստիկանության աշխատակցի կեղծ փաստաթուղթ[7]։ Ոստիկանությունում Չիկատիլոյի արյունը ուղարկել են անալիզի։ Պարզվեց, որ նրա արյունը երկրորդ խմբի է պատկանում[7] [52][54]: Իսկ սերմնահեղուկի խումբը, որը հայտնաբերվել էր Դիմա Պտաշնիկովի մարմնի վրայից, չորրորդ խմբի էր[7][52]։ Հետագայում այս հանգամանքը բացատրվեց նրանով, որ Չիկատիլոյի մոտ առկա է եղել, այսպես կոչված, «պարադոքսային արտազատումով»[55][56]։ Սա բացատրվում է նրանով, որ անձի արյան կարգը և սերմնահեղուկի խումբը կարող են չհամընկնել։ Նրա արյունը եղել է երկրորդ խմբի, իսկ օրգանիզմի արտաթորանքը՝ 4-րդ։ Այս հանգամանքը ալիբի է հանդիսացել Չիկատիլոյի համար։ Դատից հետո Չիկատիլոն ԶԼՄ-ների կողմից կանվանվի «պարադոքսային արտազատող»՝ մարդ, ով ունի խիստ հազվադեպ հանդիպող օրգանիզմի առանձնահատկություն («մի քանի միլիոնից մեկը»)։ Իրականում, հայտնաբերված սերմնահեղուկի ուսումնասիրությունը տվել է սխալ արդյունք՝ նյութի երկար ժամանակ բաց երկնքի տակ գտնվելու պատճառով (տղայի դին գտնվել էր երկու օր անց)։
Չիկատիլոյին բաց թողեցին՝ չիրականցնելով առավել մանրակրկիտ հետաքննություն և ուսումնասիրություններ[55]։ Ազատվելուց անմիջապես հետո, Չիկատիլոյին հեռացրեցին կոմունիստական կուսակցության շարքերից, որին անդամակցել էր 1960 թվականին[7][57] և ուղարկեցին մեկ տարի ուղղիչ աշխատանքային գաղութ՝ կուտակիչ (ակումուլյատոր) գողանալու համար (ՌԽՍՀ ՔՕ հոդված 92)[7][58]։ Չիկատիլոն նաև վերագրվեց լինոլեումի գողությունը, սակայն մեղադրանքը հանվեց՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով[7][59]։ Ուղղիչ աշխատանքային գաղութում մնացել է երեք ամիս[8][55], մինչ 1984 թվականի դեկտեմբերի 12-ը։
1985 թվականի հունվարին Չիկատիլոն ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Նովոչերկասկ, որտեղ աշխատանքի է անցել Նովոչերկասկի էլեկտրաքարշաշինության գործարանում՝ որպես ինժեներ։ Ավելի ուշ զբաղեցրել է մետաղների բաժնի ղեկավարի պաշտոնը[7][60][61]։ 1990 թվականին տեղափոխվել է Ռոստովի էլեկտրաքարշերի վերանորոգման գործարանի ներքին համագործակցության բաժին, որտեղ էլ աշխատել է մինչ ձերբակալությունը[62]։
Իր առաջին ձերբակալությունից հետո, Չիկատիլոն սպանել է ևս 21 մարդու։
1985 թվականի օգոստոսի 1-ին Վոստրյակովո-1 գյուղի մոտակա անտառում Չիկատիլոն սպանել է 18-ամյա Նատալյա Պոխլիստովային՝ հասցնելով դանակի 38 հարված[7]։ Օգոստոսի 27-ին Շախտինսկի ավտոկայարանի մոտ գտնվող անտառում սպանվել է 18 ամյա Ինեսա Գուլյաևան[7]։
Քանի որ անտառներում շարունակվում էին սպանությունները, 1985 թվականի դեկտեմբերին ԽՄԿԿ ԿԿ Նախագահության վերահսկողությամբ սկսվեց «Անտառաշերտ օպերացիան»։ Վերջինս ամենախոշոր և մասշտաբային օպերացիան էր, որն իրականացվել է խորհրդային և ռուսական իրավապապահ մարմինների կողմից[63][64]։ Օպերացիայի ամբողջ ընթացքում ստուգվել է ավելի քան 200 000 մարդ, ովքեր կասկածվում էին սպանությունների իրականացման մեջ։ Օպերացիայի ընթացքում բացահայտվել է 1062 հանցագործություններ (ներառյալ սպանության՝ 95, բռնաբարության՝ 245, մարմնական 140 վնասվածքի դեպքեր և 600 այլ հանցագործություններ), գրանցվել է սեռական շեղումներ ունեցող 48 հազար մարդ, 5845 քաղաքացի կանգնել է հատուկ հաշվառման, ստուգվել է 163 000 ավտովարորդ[65][66][7]։ Օպերացիայի ընթացքում կիրառվել են ռազմական ուղղաթիռներ, որոնք հերթապահել են երկաթագծերի և նրանց հարակից անտառաշերտերի հատվածներում[63]։ Մարդասպանի փնտրման աշխատանքները արժեցել են մոտ 10 միլիոն ռուբլի։ Ընդ որում, ծախսերի գինը արտացոլված է 1990 թվականին սահմանված գնարժեքով։
1987 թվականի ապրիլին Դոնի Ռոստովում մարզային դատախազության խորհրդակցությանը մասնակցել են ԽՍՀՄ գլխավոր դատախազության ղեկավարի տեղակալ Վ. Նենաշևը և ՌԽՍՀ գլխավոր դատախազի տեղակալ Իվան Զեմլյանուշինը։ Խորհրդակցությունը բացվել է հետևյալ խոսքերով. ««Անտառաշերտի» գործը գտնվում է վերադաս մարմինների վերահսկողության ներքո, այդ թվում նաև ԽՄԿԿ ԿԿ-ի։ Երկրում չկա առավել կարևոր գործ, քան «Անտառաշերտ»-ինը»։
Հատուկ օպերատիվ խումբը, որը զբաղվում էր մարդասպանի որոնումներով, գլխավորում էր Վիկտոր Բուրակովը, ով դիմել էր հոգեբույժ Ալեքսանդր Բուխանովսկիին՝ կազմելու հանցագործի հոգեբանական պատկերը[49]։ Բուխանովսկին անմիջապես մերժեց այն տեսակետը, համաձայն որի մարդասպանը հոգեկան հիվանդ է, ծայրահեղական կամ էլ համասեռամոլ[67]։ Նրա կարծիքով, հանցագործը եղել է խորհրդային սովորական, ոչնչով աչքի չընկնող քաղաքացի, ով ունի ընտանիք, երեխաներ և աշխատանք։ Հանցագործի մականուններից մեկը դարձավ «Քաղաքացի իքսը»։
Ոստիկանության աշխատակցուհիները, հագնելով քաղաքացիական հագուստներ, մշտապես հսկում և երթևեկում էին գնացքներով[68]։ Տագանրոգ- Դոնեցկ- Դոնի Ռոստով- Սալսկ ավտոմայրուղին ամբողջ երկայնքով հսկվել է ոստիկանության աշխատակիցների կողմից[68]։ Չիկատիլոն, լինելով դրուժինիկ, նույնպես մասնակցել է օպերացիայի աշխատանքներին։ Նա հերթապահել է կայարաններում՝ «օգնելով» ոստիկանությանը բռնելու ինքն իրեն[69]։ Տեսնելով, որ ուժեղանում է հսկողությունը, Չիկատիլոն ավելի զգույշ սկսեց գործել։ Հետաքննությունը ցույց է տալիս, որ 1986 թվականին Չիկատիլոն ոչ ոքի չի սպանել։ Այդ ժամանակ Չիկատիլոյի զոհերը թիվը կազմում էր 34[70]։
Սպանությունները շարունակվեցին 1987 թվականին, երբ մայիսի 16-ին Չիկատիլոն սպանեց 13-ամյա Օլեգ Մակարենկովին, որի մնացորդները հայտնաբերվել են միայն 1990 թվականին՝ Չիկատիլոյի ձերբակալությունից հետո[65]։ Երեխաների դիակներ միշտ են գտնվել, նույնիսկ Ռոստովի կենտրոնում, Օդաչուների և բուսաբանական այգիներում։ Նա սպանություններ է իրականացրել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, որտեղ գործուղման է ուղարկված եղել։ Նա սպանություններ է իրականացրել Զապորոժիեում, Գորլովկայում, Լենինգրադում, Մոսկվայում, Նիժնի Տագիլում[65]։ Հետաքննության ղեկավարումը իր ձեռքը վերցրեց Իսսա Կոստոևը, ով զբաղեցնում էր ՌԽՍՀ գլխավոր դատախազության հետաքննության վարչության պետի տեղակալի պաշտոնը[65]։
1989 թվականի սեպտեմբերին Կոստոևը այցելել է Նովոչերկասկի բանտը՝ հանդիպելու մահվան դատապարտված սերիական մարդասպան Անատոլի Սլիվկոյի հետ, որին իրավապահ մարմինները փնտրել են շուրջ 12 տարի՝ հույս ունենալով, որ դա կօգնի քննությանը։ Բայց Սլիվկոն, կրկնելով նախկին հետաքննիչների սխալները, ասել է, որ, հավանաբար, անտառաշերտում սպանությունները կատարել են երկու անձինք։ Մեկը, ըստ Սլիվկոյի, «կենտրոնացած է» տղաների վրա, մյուսը՝ կանանց և աղջիկների։ Վերջում Սլիվկոն ասել է, որ նրանց գտնելը անհնար է, քանի որ սեփական փորձից գիտի[62][71]։ Կոստոևի հետ հանդիպումից որոշ ժամանակ անց Սլիվկոյին գնդակահարել են։
Անտառաշերտի մարդասպանի հոգեբանական դիմանկարը (Բուխանովսկիի տերմինաբանությամբ՝ «հանցագործի ուրվագծային պատկեր»[49]), կազմվել է Ալեքսանդր Բուխանովսկիի կողմից։ Հոգեբանական դիմանկարն ունեցել է 85 տպագրական էջ ծավալ[7][63]։ Բուխանովսկին այն անվանել է «ուրվագծային»։
Համաձայն Բուխանովսկու կազմած հոգեբանական դիմանկարի, հանցագործը չի տառապել փսիխոզով կամ մտավոր հետամնացությամբ[63]։ Արտաքնապես կամ վարքածի առումով եղել է սովորական մարդ։ Զոհերը վստահել են նրան[63]։ Նա իրեն համարել է տաղանդավոր, չնայած որ չի ունեցել որևէ հատուկ կարողություններ։ Նա ունեցել է զոհերին հետևելու և գաղթակղելու հստակ մշակված ծրագիր, որը նա խստորեն պահպանել է[63]։ Նա եղել է հետերոսեքսուալ[72], իսկ տղաները նրա համար եղել են որպես «սիմվոլիկ օբյեկտներ», որոնց վրա կարելի է թափել վիրավորանքները և նվաստացումները, որոնք նա կրել է մանկության և պատանեկության տարիներին[73]։ Նա եղել է նեկրոսադիստ, որը սեռական հաճույք և բավարարվածություն էր ստանում մարդկային տանջանքներից և մահից[73]։ Որպեսզի զոհին հասցնի անօգնական վիճակի, սկզբից նա խփում է զոհի գլխին։ Նա ֆիզիկապես լավ պատրաստված էր, բարձրահասակ [73]։ Դանակի բազմաթիվ հարվածները, որոնք հասցրել է մարդասպանը, միջոց էին նրա համար «ներթափանցելու»[նշում 1][73]։ Դանակի շեղբն ունեցել է առնանդամի դեր, որով նա հարվածներ է հասցրել կանանց հեշտոցին՝ ամբողջովին չհանելով դանակը[73]։ Սա կարող է խոսել այն մասին, որ հանցագործը, հավանական է, եղել է իմպոտենտ[7][73]։ Նա կուրացրել է իր զոհերին, որովհետև վախեցել է նրանց հայացքներից[73]։ Մարմնի կտրտված հատվածները նա պահել է որպես «ռազմավար»[73]։ Կտրելով տղա երեխաների սեռական օրգանները, նա փորձել է նրանց դարձնել կնոջ նման կամ էլ փորձել է դրանով վրեժ լուծել՝ իր սեռական չկայացվածության համար[73]։ Նրա տարիքը՝ 25-50 տարեկան։ Ավելի հավանական է, որ նա 45-50 տարեկան էր, ում մոտ ամենից հաճախն է արթնանում սեռական դևիացիան[73]։ Եթե նա եղել է ամուսնացած, ապա նրա կինը բավարար պահանջկոտ չի եղել և թույլատրել է՝ նրան հաճախակի և երկարատև բացակայելու տնից։ Հավանական է, որ ունեցել է անձնական ավտոմեքենա[նշում 2], կամ էլ նրա աշխատանքը կապված է եղել գործուղումների հետ[73]։ Նա կարող էր ժամանակավորապես դադարել սպանել, երբ զգում էր վտանգ, սակայն կանգ չէր առնի, եթե չբռնվեր կամ էլ չմահանար[73]։
1990 թվականին Չիկատիլոն սպանել է 8 մարդու։ Իր վերջին սպանությունը իրականացրել է նոյեմբերի 6-ին։ Զոհը դարձավ 22 ամյա մարմնավաճառ Սվետլանա Կորոստիկը։ Սպանելով նրան, Չիկատիլոն դուրս եկավ անտառից, և «Դոնլեսխոզ» կայարանի մոտ նրան կանգնեցրեց սերժանտ Իգոր Ռիբակովը։ Նա խնդրեց Չիկատիլոյին ցույց տալ փաստաթղթերը, քանի որ Չիկատիլոյի հագուստը նրան մոտ կասկած առաջացրեց։ Այսպես, այդ վայրերում մարդիկ սունկ են հավաքում, իսկ կոստյումով և փողկապով սունկ հավաքելու գնալը՝ չափից դուրս տարօրինակ է։ Քանի որ ոստիկանը որևէ հիմք չուներ նրան ձերբակալելու՝ գրանցելով նրա ազգանունը, բաց է թողել[7][74][75]։
Մի քանի օր անց, այդ կայարանի մոտ հայտնաբերվել է Կորոստիկի դին[7][74]։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզեց սպանության ժամանակը։ Այն տեղի էր ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ[76]։ Ստուգելով հերթապահ ոստիկանների զեկուցագրերը, Կոստոևը ուշադրություն դարձրեց Չիկատիլոյի ազգանվան վրա, ով արդեն ձերբակալվել էր 1984 թվականին՝ անտառաշերտի սպանությունների կատարման մեջ կասկածվելու համար[7][77]։ Նոյեմբերի 17-ին Չիկատիլոյի նկատմամբ սկսեց իրականացվել հսկողություն, որի ընթացքում պարզվեց, որ նա կասկածելի վարք ունի։ Մասնավորապես, նա փորձում էր ծանոթանալ տարբեր տարիքի տղաների և աղջիկների հետ, հայտնվում էր այնպիսի վայրերում, որտեղից նախկինում դիակներ են գտել[7][78]։ Բացի այդ պարզվեց, որ Չիկատիլոն այնքան էր զայրացել չհաջողված ծանոթությունից հետո (երիտասարդ աղջիկը չէր ցանկացել նրա հետ շփվել), որ փողոցն անցնելիս, քիչ էր մնացել ընկներ ավտոմեքենայի տակ[78]։
Չիկատիլոն ձերբակալվել է 1990 թվականի նոյեմբերի 20-ին[7][78]։ Այդ օրը, աշխատանքից շուտ դուրս գալու թույլտվություն ստանալով, նա մեկնեց պոլիկլինիկա՝ մատի ռենտգեն հետազոտություն իրականացնելու համար։ Նրա մատը կծել էր նախկին զոհերից մեկը՝ Վիկտոր Տիշենկոն[7][79]։ Ռենտգեն հետազոտության արդյուքնում պարզվեց, որ մատը ջարդվել է[80]։ Չիկատիլոն վերադարձավ տուն, հետո գնաց կրպակ՝ գարեջուր գնելու (այլ տվյալների համաձայն, նա կվաս է գնել[78])[7][80]: Գարեջուրը տուն է բերել բանջարեղենի համար նախատեսված ցանցատոպրակով։ Տուն վերադարձի ճանապարհին, փորձել է ծանոթանալ անչափահաս տղայի հետ։ Ծանոթության պահին ձերբակալվել է օպերատիվ խմբի կողմից, որի կազմում էր գտնվում ձերբակալման խմբի ղեկավար Վլադիմիր Կոլեսնիկովը[7][80]։ Օպերլիազորներից մեկի խոսքերով, Չիկատիլոյի ձերբակալման օպերացիայի մասնակիցները զարմացած են եղել, որ «Չիկատիլոն, կարծես, այնքան առողջ տղամարդ է, որ գարեջուր շատ քիչ է գնել (երեք լիտրանոց շշում եղել է կես լիտր գարեջուր)»։ Տան խուզարկման արդյունքում հայտնաբերվել են խոհանոցային 23 դանակներ[նշում 3], մուրճ, որով Չիկատիլոն տանջամահ է արել զոհերին, կոշիկ, որի չափսերը և նկարը համընկել են ոտնահետքի հետ, ինչպես նաև հայտնի պայուսակը, որտեղ առկա էր պարան, դանակ և վազելին[7][81]։ Գ. Գ. Բոնդարենկոն, ով 1984 թվականին աշխատել է ՆԳՆ Պերվոմայսկի բաժնում, որպես քրեական հետախուզության բաժնի ղեկավար (հետագայում հանդես է եկել որպես վկա), ճանաչեց դանակը, որը գտնվել էր Չիկատիլոյի պայուսակում, երբ նրան Կենտրոնական շուկայից տեղափոխել են Պերվոմայսկի բաժին[7]։
Չիկատիլոյին հարցաքննել են տասն օր։ Այդ ընթացքում նա իր հանցանքը չի ընդունել[7][81]։ Նրա դեմ առկա ուղղակի հանցանշան չի եղել։ Արդեն լրանում էր ԽՍՀՄ քրեական օրենսգրքով սահմանված ձերբակալման եռօրյա ժամկետը[7][81]։ Կոստաևը դիմեց հոգեբույժ Ալեքսանդր Բուխանովսկու օգնությանը։ Վերջինս համաձայնվեց խոսել կասկածյալի հետ։ Նոյեմբերի 28-ին, Բուխանովսկու հետ ունեցած զրույցներից հետո, որի ժամանակ Բուխանովսկին Չիկատիլոյին էր ցույց տալիս նրա հոգեբանական դիմանկարի առանձնահատուկ մասերը, Չիկատիլոն պոռթկաց և սկսեց տալ ինքնախոստովանական ցուցմունքներ[7][82][83]։ Մարկ Դեյչին տված հարցազրույցի ժամանակ Բուխանովսկին նշել է, որ միանգամից է հասկացել, որ իր առջև նստած է սերիական մարդասպան։ Նա հասկացել էր, թե ինչի համար Չիկատիլոն չի ցանկանում համագործակցել հետաքննության հետ։ Ըստ նրա Չիկատիլոն ցանկանում էր թաքցնել իր սեփական երևակայությունը։ Ըստ Չիկատիլոյի այն եզակի է և միայն ինքն է ունակ իրականացնելու այդպիսի սպանություններ[84]։ Բացի այդ, Բուխանովսկին նշել է, որ ինքը չի դիմել հիպնոսի, քանի որ նա առաջին մարդն էր, ում Չիկատիլոյն խոստովանել է կատարած հանցագործությունները[85]։
Դատավարությունը, որը սկսվել է 1992 թվականի ապրիլի 14-ին, տեղի է ունեցել Ռոստովի արդարադատության տան № 5 սրահում[7][86][7]։ № 18/59639-85 քրեական գործի նյութերի ծավալը եղել է 220 հատոր[86]։ Նրան մեղադրում էին 56 սպանությունների մեջ, սակայն կարողացել էին ապացուցել միայն 53-ը[10], չնայած, որ խոսվում էր 52 սպանությունների մասին։ Դրանցից մեկի վերաբերյալ արձակված դատավճռի մեջ նշվում էր, որ ապացույցները բավական չեն՝ Չիկատիլոյին վերագրելու համար։ Բացի այդ, Չիկատիլոյին էին վերագրվում նաև մի քանի անչափահասների բռնաբարության մեղադրանքները։ Դատավարության սկզբում Չիկատիլոն փորձեց հրաժարվել իր ցուցմունքներից՝ հայտարարելով, որ այդ ցուցմունքները հետաքննության ժամանակ դրել են իր առջև՝ այլ թղթերի հետ միասին, իսկ ինքը անգիտակցաբար ստորագրել է[7][87]։ Սակայն դատահոգեբուժական փորձաքննությունը, որն իրականացվել երեք անգամ, ցույց է տվել նրա մեղսագիտակցությունը[88][89]։ Չիկատիլոյի փաստաբանը փորձեց «ստեղծել» պաշտպանական գիծ, համաձայն որի իր պաշտպանյակը դժբախտ և հիվանդ մարդ է, ով բժշկական օգնության կարիք ունի[7][10]։ Որպեսզի խուսափեն զոհերի հարազատների կողմից Չիկատիլոյի վրա հարձակումներից, նրան տեղավորեցին երկաթե մեծ վանդակում[7][86][6][7]։ Դատական նիստերի ժամանակ նա փորձել է խենթություններ անել. բարձր գոռացել է, վիրավորել է դատավորներին, պետական մեղադրողին, ցույց է տվել ներկաներին իր սեռական օրգանները, պնդել է, որ հղի է և իր մյուս երեխային պետք է կրծքով կերակրի[10][7]։ Այն հարցին, թե որն էր մոտիվացիան, որ Չիկատիլոն կատարել է այդ հանցագործությունները, պատասխանել է. «Ես դրանք չեմ արել սեռական բավարարվածության համար։ Ավելի շուտ, դրանք իմ հոգին խաղաղեցնում էին»[6]։ Հոկտեմբերի 15-ին նրան դատապարտեցին մահապատժի (բազմաէջ դատավճիռը սկսել են կարդալ հոկտեմբերի 14-ին)[10][7]։ Լրագրող և գրող Ալեքսանդր Մասալովը, այս փաստի վերաբերյալ, նշել է, որ. « «Գնդակահարություն» բառը լսելով, դահլիճը սկսեց ծափահարել…»[10]:
Գտնվելով մահվան դատապարտվածների խցում, Չիկատիլոն հետևել է իր առողջությանը. չի ծխել[90], նախավարժանքներ է կատարել[90][91], ախորժակով կերել է։ Բացի այդ, նա բողոքներ է ուղարկել ԽՄԿԿ ԿԿ Նախագահություն և կենտրոնական թերթի խմբագրություններ, որոնք ուղղված էին դատարանի և հետաքննական մարմինների դեմ։ Նա համաներման դիմում է ուղարկել նաև Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին[92]։ 1994 թվականի հունվարի 4-ին մերժվել է նրա վերջին այդպիսի խնդրանքը, որտեղ նշված էր, որ 40 տարի Չիկատիլոն ծառայել է երկրի բարօրությանը, ապրել է աշխատանքային դժվար կյանք՝ «Կոմունիստական բռնապետությունում» և երազում է ապրել նոր և ազատ Ռուսաստանում։ Նա նաև նշում էր, որ քրեական գործը, որտեղ իրեն բնորոշում են որպես բռնաբարողի, մարդասպանի և մարդակերի, ամբողջովին սարքված է և չկան բավարար փաստեր, որոնք ապացուցում են հանցագործությունների մեջ նրա մասնակցությունը։ Նա նշում էր, որ ունի շիզոիդ անձնային խանգարում, որոնք ուղկեցվում են սեքսուալ շեղումներով, գանգուղեղային ճնշման արդյունքում առաջացած գլխացավեր, անքնություն, մղձավանջներ, սրտի առիթմիա։ Ի հակասումն իր խոսքերի, նշել է, որ համարվում է միակ իրական կոմունիստը՝ «կոմունիստ № 1»: Նա խնդրել է վերականգնել իր հոր և պապի իրավունքները, ովքեր դարձել են վարչակարգի զոհը, ինչպես նաև չեղարկել 1984 թվականին իր նկատմամբ ընդունված մեղադրական դատավճիռը[նշում 4]։ Նա պահանջեց, որ իրեն Նովոչերկասկից տեղափոխեն Մոսկվայի բանտ, նրա համար, որ. «Ասեմ ճշմարտությունը այս երկրի, սենսացիոն գործի մասին։ Ես պետք է գրեմ հիշողություններ իմ ողբերգական կյանքի մասին, որպեսզի հանդիպեմ մասնագետների՝ իրավաբանների, սեքսոպաթոլոգների, հոգեբույժների հետ…»: Վերջին տողում Չիկատիլոն գրել է. «Խնդրում եմ մի զրկեք ինձ կյանքից».[93]:
Փետրվարի 13-ին Նովոչերկասկի բանտում, որտեղ Չիկատիլոն տեղափոխվել էր դատավարությունից հետո, նրան հայտնեցին, որ գիշերային թռիչքով նրան կտեղափոխեն Մոսկվա՝ նոր հետազոտություններ իրականացնելու համար[94]։ Փետրվարի 14-ին Չիկատիլոն ՈՒԱԶ մակնիշի մեքենայով տարվել է գնդակահարության վայր, որտեղ էլ գնդակահարվել է ծոծրակի հատվածից[4][5]։ Թաղվել է անանուն համարի ներքո՝ Նովոչերկասկի գերեզմանատանը[95]։