Անդրե Աղասի
From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Քըրք Աղասի (անգլ.՝ Andre Kirk Agassi), ապրիլի 29, 1970(1970-04-29), Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), նախկինում վարկանիշով աշխարհի համար մեկ, պրոֆեսիոնալ թենիսիստ։ Աղասին իրանահայ, ասորական և ֆրանսիական ծագում ունի։ Հինգ տարեկանում նա արդեն պարապում էր Ջիմի Քոնորսի և Ռոսկո Թաների հետ։ Ավելի ուշ, Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ՝ աշխատելով Քըրքորյանի խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին դարձրեց իր միջանունը Քըրք։
Անդրե Աղասի անգլ.՝ Andre Kirk Agassi | |
---|---|
Սեռ | արական[1][2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Լաս Վեգաս |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 29, 1970(1970-04-29) (53 տարեկան) |
Ծննդավայր | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ |
Հասակ | 180 սանտիմետր սմ |
Քաշ | 74 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1986 |
Կարիերայի ավարտ | 2006 թվականի սեպտեմբերի 3 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Էմանուել Աղասի (1970–83) Նիկ Բոլեթիերի (1983–93)[3] Բրեդ Ջիլբերտ (1994–2002) Դարեն Կեհիլ (2002–2006) |
Պարգևավճար, USD | 31 152 975 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 870–274[4] |
Տիտղոսներ | 60 |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1995 թվականի ապրիլի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1995, 2000, 2001, 2003) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1999) |
ԱՄՆ | Հաղթանակ (1994, 1999) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 40–42[4] |
Տիտղոսներ | 1 |
Ամենաբարձր վարկանիշ | 123 (1992 թվականի օգոստոսի 17) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (1992) |
ԱՄՆ | 1 շրջան (1987) |
Ավարտել է կարիերան |
Տասնչորս տարեկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա՝ Նիկ Բոլետիերիի թենիսի ակադեմիայում սովորելու։ Պրոֆեսիոնալ թենիսիստ է դարձել տասնվեց տարեկանում, իսկ 19 տարեկանում վաստակեց ավելի քան 2 միլիոն դոլար և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում բարձրացավ երրորդ տեղ։ Հետագա կարիերայի ընթացքում հաղթեց 60 անհատական մրցաշարերում, այդ թվում՝ Մեծ սաղավարտի 8 մրցաշարերում և դարձավ պատմության մեջ «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիրը տղամարդկանց մեջ՝ տարբեր տարիներին հաղթելով Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը և Օլիմպիական խաղերը։ ԱՄՆ հավաքականի կազմում 3 անգամ նվաճել է Դևիսի գավաթը, որը համարվում է տղամարդ թենիսիստների ամենահեղինակավոր մրցանակը։ 1995-2003 թվականներին 101 շաբաթների ընթացքում եղել է աշխարհի առաջին ռակետը՝ 2003 թվականին դառնալով պատմության մեջ առաջին թենիսիստը, ով հասուն տարիքում գլխավորում էր Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան։
Մարզական հաջողություններից զատ՝ Աղասին հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։ Նա Անդրե Աղասի Կրթական հիմնադրամի, տղաների և աղջիկների սպորտային ակումբի և Անդրե Աղասի քոլեջի նախապատրաստական ակադեմիայի հիմնադիրն է և «Մարզիկները հանուն հույսի» կազմակերպության համահիմնադիրը։ Մարդասիրական ոլորտում նրա ծավալած գործունեությունը 2 անգամ արժանացել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի Արթուր Էշի անվան մրցանակին՝ «Բարեգործության և մարդասիրության» համար։ 2011 թվականին Անդրե Աղասու անունը ներառվեց թենիսի փառքի միջազգային ցուցակում՝ չնայած դրանից 2 տարի առաջ նրա մոտ հայտնաբերված մեթամֆետամինի ընդունման փաստին։
Անդրե Աղասին հաջողակ գործարար է, ում հետաքրքրությունների մեջ մտնում է շինարարական, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը, անշարժ գույքի առք ու վաճառքը, մարզական և գիշերային ակումբներ։ Առաջին կնոջ՝ դերասանուհի և մոդել Բրուք Շիլդսի հետ ամուսնալուծությունից հետո, 2001 թվականին ամուսնացավ հանրահայտ թենիսիստուհի, դասական Ոսկե սաղավարտի մրցանակակիր Շտեֆի Գրաֆի հետ, ում հետ այժ ունի 2 երեխա։