Անիտա Նյուքոմ Մաքգի
ամերիկացի բժշկուհի / From Wikipedia, the free encyclopedia
Անիտա Ռոզալի Նյուքոմ Մաքգի (անգլ.՝ Anita Rosalie Newcomb McGee, նոյեմբերի 4, 1864(1864-11-04)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - հոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, բուժքույրերի կորպուսի հիմնադիր, 1898 թվականի օգոստոսի 29-ից մինչև 1900 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ԱՄՆ բանակի գլխավոր վիրաբույժի օգնական։ Աշխարհում միակ կինն է, որը զբաղեցրել է այդ պաշտոնը և կրել սպայական համազգեստ՝ առաջին լեյտենանտի պաշտոնին և կոչմանը համապատասխան։
Անիտա Նյուքոմ Մաքգի անգլ.՝ Anita Rosalie Newcomb McGee | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1864(1864-11-04)[1][2] |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջորջ Վաշինգտոն համալսարան |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ և բժիշկ |
Ամուսին | William John McGee? |
Ծնողներ | հայր՝ Սայմոն Նյուքոմ, մայր՝ Mary Caroline Newcomb?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր |
Ստորագրություն | |
Anita Newcomb McGee Վիքիպահեստում |
Ծնվել է Վաշինգտոնում՝ հայտնի աստղագետ Սայմոն Նյուքոմի ընտանիքում։ Ստանալով տնային կրթություն՝ 1884 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, ապա՝ Ժնևի համալսարանը։ Վարել է գիտական աշխատանք, զբաղվել է ծագումնաբանության, մարդաբանության և պատմության հարցերով, մասնավորապես, ուսումնասիրել շեյքերների համայնքները։ 1888 թվականին ամուսնացել է և ունեցել երեք երեխա։ Ամուսնու առաջարկությամբ շարունակել է կրթություն ստանալ՝ 1892 թվականին ավարտելով Կոլումբիայի համալսարանը։ Զբաղվել է գինեկոլոգիայի ոլորտում մասնավոր բժշկական աշխատանքով, եղել է մի շարք գիտական կազմակերպությունների անդամ, այդ թվում՝ «Ամերիկյան հեղափոխության դուստրերի» (ԱՀԴ) ընկերության։ Ռազմական բուժքույրերի բացակայության պայմաններում իսպանա-ամերիկյան պատերազմի սկսվելուց հետո նա հանդես է եկել «ԱՀԴ» հոսպիտալային կորպուսի ստեղծման գաղափարով՝ դառնալով նրա տնօրենը։ 1898 թվականին նշանակվել է Միացյալ Նահանգների բանակի գլխավոր վիրաբույժի օգնական, պարգևատրվել է առաջին լեյտենանտի կոչումով և ստացել սպայական ուսադիրներ ու համազգեստ կրելու իրավունք՝ Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում դառնալով առաջին կինն այդ պաշտոնում։ Անձամբ մասնակցել է բուժքույրերի ընտրությանը և պատրաստմանը, համապատասխան ծրագրերի մշակմանը, քանի դեռ այդ գործառույթները չեն փոխանցվել ռազմական նախարարության տնօրինությանը։ Դրանից հետո ջանքեր է գործադրել առկա աշխատանքները պահպանելու համար, ինչը վերածվել է 1901 թվականին ԱՄՆ նախագահի հրամանագրով բուժքույրերի բանակային կորպուսի հիմնադրմանը։ Ավելի ուշ զբաղվել է զինվորական բուժքույրերի սոցիալական պաշտպանության հարցերով։ Ռուս-ճապոնական պատերազմի սկսվելուց հետո սեփական նախաձեռնությամբ 9 բուժքույրերից բաղկացած թիմ է հավաքել և մեկնել Ճապոնիա, այնուհետև՝ Մանջուրիա և Կորեա, որտեղ օգնություն է ցուցաբերել հակամարտության երկու կողմերի վիրավորներին։ Ճապոնացիներին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Թանկարժեք թագի» շքանշանով, Ճապոնական «Կարմիր Խաչ»-ի մեդալով և «Պատվո» ռազմական մեդալներով, ինչպես նաև ստացել է «բուժքույրերի պետ» կոչումը, որը հավասարազոր է ճապոնական բանակի սպայի կոչմանը։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ վերսկսել է գիտական աշխատանքները։ Հոր և ամուսնու մահից հետո կենտրոնացել է որդու կրթության վրա, որը 1930 թվականին դժբախտ պատահարի հետևանքով մահացել է։ Այդպես էլ ուշքի չգալով կորստից՝ բժիշկը մահացել է Վաշինգտոնում 75 տարեկան հասակում և զինվորական պատիվներով թաղվել Արլինգտոնի ազգային գերեզմանատանը։