Անիտտա (երգչուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Լարիսա դե Մասեդո Մաչադո (պորտ.՝ Larissa de Macedo Machado, մարտի 30, 1993(1993-03-30)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)[10], առավել հայտնի է որպես Անիտտա (պորտ.՝ Anitta), բրազիլացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, պարուհի և գործարար։ Միջազգային հարթակում նրա պրոդյուսերը Shots Studios ստուդիայի հիմնադիր պրոդյուսեր Ջոն Շահիդին է։
Անիտտա | |
---|---|
Ի ծնե անուն | բրազ.-պորտ.՝ Larissa de Macedo |
Նաև հայտնի է որպես | Anitta |
Ծնվել է | մարտի 30, 1993(1993-03-30)[1][2] (31 տարեկան) Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Երկիր | Բրազիլիա |
Ժանրեր | funk carioca?[3], ռեգետոն[4], լատինական փոփ[5], փոփ և funk melody? |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Warner Music Brazil?, Warner Records Inc.?[6], Republic Records[7][8] և Universal Music Latino?[9][8] |
Ամուսին | Thiago Magalhães? |
Կայք | anitta.com.br anitta.com.br/en/ anitta.com.br/es/ |
Anitta (vocalist) Վիքիպահեստում |
Լարիսան սկսել է երգել 8 տարեկան հասակում՝ Օնորիո Գուրգելի կաթոլիկ եկեղեցու երգչախմբում (Ռիո դե Ժանեյրոյի շրջան)։ 16 տարեկան հասակում ավարտել է տեխնիկական դպրոցը և սկսել աշխատել «Vale» ընկերությունում։ 2010 թվականին, Youtube-ում նրա տեսանյութը տեղադրելուց հետո, Ռենատո Ազեվեդոն, որը Furacão 2000 անկախ ձայնագրման ընկերության այն ժամանակվա պրոդյուսերն էր, նրան զանգահարել է՝ լեյբլի համար պայմանագիր կնքելու առաջարկով։ 2012 թվականին «Meiga e Abusada» երգի հաջողության շնորհիվ Անիտտան հաջորդ տարի պայմանագիր է կնքել Warner Music Group-ի հետ։
Անիտտան համաշխարհային համբավ է ձեռք բերել 2013 թվականին՝ «Show das Poderosas» սինգլի թողարկումից հետո, որը հասել է Brasil Hot 100 Airplay հիթ-շքերթի վերին հորիզոնականին[11][12][13]։ Այս երգի տեսահոլովակը դիտվել է ավելի քան 130 միլիոն անգամ YouTube-ում[14]։ Նույն թվականի հուլիսին նա թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը ստացել է եռակի ոսկե, ինչպես նաև պլատինե հավաստագիր Բրազիլական երաժշտական պրոդյուսերների ասոցիացիայի կողմից (ABPD)[11]։ Ալբոմը վաճառվել է ավելի քան 170 000 օրինակով, որոնք թողարկվել են նաև Պորտուգալիայում։ Նրա երկրորդ «Ritmo Perfeito» (2014) ստուդիական ալբոմը, թողարկվելուց մեկ ամիս անց, վաճառվել է 45 000 օրինակով[15]։ Նույն օրը նա թողարկել է իր առաջին «Meu Lugar» համերգային ալբոմը[15][16]։ 2014 թվականի նոյեմբերին նա ելույթ է ունեցել Լատինական Գրեմմի մրցանակի հանձնման արարողությանը՝ դառնալով ամենաերիտասարդ բրազիլացի երգչուհին, որը երբևէ ելույթ է ունեցել այդ միջոցառմանը[17]։ 2015 թվականին նա թողարկել է իր երրորդ «Bang» ստուդիական ալբոմը, որը դարձել է պլատինե, ինչպես նաև «Deixa Ele Sofrer», «Bang», «Essa Mina é Louca» և «Cravo e Canela» սինգլները։
Անիտտան եղել է 2013 թվականին iTunes Brazil-ի առաջին հորիզոնականում ամենաշատը մնացած երգչուհին, որն ընտրվել է Տարվա արտիստ[11]։ Նա նաև Associação Paulista de Críticos de Arte-ի (APCA) կողմից ճանաչվել է 2013 թվականին երաժշտության տարվա հայտնություն։ Անիտտան «Լավագույն բրազիլացի արտիստ» անվանակարգում MTV Europe Music Awards մրցանակի հնգակի հաղթող է, դարձել է առաջին բրազիլացի արտիստը, որը հաղթել է նույն մրցանակի «Լավագույն լատինաամերիկյան արտիստ» անվանակարգում[18]։
2017 թվականին Անիտտան Billboard հանդեսի կողմից ներառվել է սոցիալական ցանցերում աշխարհի 15 ամենաազդեցիկ արտիստների ցուցակում՝ առաջ անցնելով Լեդի Գագայից, Շակիրայից և Ռիհաննայից[19][20]։