Աննան կանաչ կտուրներից
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Աննան Կանաչ կտուրներից (անգլ.՝ Anne of Green Gables), կամ «Աննան Կանաչ կտուրներ ագարակից», կանադացի գրող Լյուսի Մոդ Մոնտգոմերիի 1908 թվականին գրած վեպ, որը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար և քսաններորդ դարի կեսերից սկսած համարվում է մանկական վեպ։ Այն պատմում է 11֊ամյա որբ աղջկա՝ Աննա Շիրլիի արկածների մասին։ Նրան սխալմամբ ուղարկում են Մեթյու և Մարիլա Քատբերտների մոտ, որոնք միջին տարիքի քույր և եղբայր էին և ցանկանում էին տղա որդեգրել, ով կօգներ նրանց ագարակում Արքայազն Էդվարդ կղզում գտնվող Էյվոնլի մտացածին քաղաքում։ Վեպը պատմում է Աննայի և Մեթյուի անցած ուղին, թե ինչպես է Աննան սովորում դպրոցում և ինչպիսի արկածներ է ունենում քաղաքում։
Հրապարակման օրվանից սկսած «Աննան Կանաչ կտուրներից» վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակ և թարգմանվել է առնվազն 36 լեզուներով։ Լ.Մ.Մոնտգոմերին գրել է բազմաթիվ շարունակություններ, և նրա մահից հետո հրապարակվել է մեկ այլ տարբերակ։ Բնօրինակ գիրքը դասավանդվում է ուսանողներին աշխարհի տարբեր երկրներում[4]։
Գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, հեռուստատեսային կինոնկարներ, անիմացիոն և կենդանի հեռուստատեսային սերիալներ։ Ստեղծվել են երաժշտական ներկայացումներ և պիեսներ Կանադայում, որոնք 1964 թվականից շրջագայել են Կանադայում, ԱՄՆ֊ում, Եվրոպայում և Ճապոնիայում[5]։