Անտոն Չեխով
From Wikipedia, the free encyclopedia
Անտոն Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Антон Павлович Чехов, հունվարի 29, 1860(1860-01-29)[1][2][3][…], Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2][…] - հուլիսի 15, 1904(1904-07-15)[3][1][5][…], Բադենվայլեր, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][6][7]), ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից։ Նրա կարճ պատմվածքներն արժանացել են գրողների և քննադատների բարձր գնահատականին[11][12]։ Հենրիկ Իբսենի և Յուհան Ավգուստ Ստրինդբերգի հետ Չեխովը հաճախ համարվում է թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանը սկզբնավորած երեք ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը[13]։ Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս», - ասել է նա[14]։
1896 թվականին «Ճայը» պիեսի «տապալումից» հետո Չեխովը հրաժարվել է թատրոնից, սակայն 1898 թվականին այն բեմադրվել է Մոսկվայի՝ Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարած արվեստի թատրոնում, որտեղ հետագայում բեմադրվել է նաև Չեխովի «Քեռի Վանյան», ներկայացվել են նաև վերջին երկու թատերգությունների՝ «Երեք քույր»-ի և «Բալենու այգու» պրեմիերաները։ Այս չորս աշխատանքները մարտահրավեր են դրանք բեմադրող դերասանական խմբի[15], ինչպես նաև հանդիսատեսի համար, քանի որ Չեխովը պայմանական գործողության փոխարեն առաջարկում է «տրամադրության թատրոն» և «տեքստում խորասուզված կյանք»[16]։
Գրել է շուրջ 900 ստեղծագործություն՝ բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույր» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն[17]։
Չեխովը սկզբում գրել է միայն հանուն ֆինանսական շահի, սակայն աստիճանաբար նրա մեջ գերակշռել է արվեստագետի ամբիցիան, և նա գեղարվեստական ձևի բնագավառում հեղինակել է նորարարություններ, որոնք ներգործել են ժամանակակից կարճ պատմվածքի էվոլյուցիայի վրա[18]։ Դրանց պատճառով թեկուզև ընթերցողների համար դժվարություններ են առաջացել, այդուհանդերձ նա հարկ չի համարել հայցել նրանց ներողամտությունը` պնդելով, որ արվեստագետի դերը հարցեր առաջադրելն է, այլ ոչ թե դրանց պատասխանելը[19]։
Անտոն Չեխովի անունն է կրում Երևանի դպրոցներից մեկը։