Աորտալ ստենոզ
From Wikipedia, the free encyclopedia
Աորտալ ստենոզ, աորտայի նեղացումն այն հատվածում, որտեղ ավարտվում է ձախ փորոքը[1]։ Այն կարող է առաջանալ ինչպես աորտալ փականից վեր, այնպես էլ` ներքև[1]։ Դրան բնորոշ է վիճակի վատացումը ժամանակի ընթացքում[1]։ Ժամանակի ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլեռանտությունը սկսումը վատանալ[1]։ Եթե աորտալ ստենոզի պատճառով առաջանում է սրտային անբավարարություն, գիտակցության կորուստ կամ սրտային ծագման կրծքավանդակի ցավ, ապա հիվանդության կանխատեսումը վատն է[1]։ Գիտակցության կորուստը կարող է պատահել կանգնած դիրքում կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ[1]։ Սրտային անբավարարության նշաններն են հևոցը հորիզոնական դիրքում, գիշերը, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ և ոտքերի այտուցը[1]։ Փականի հաստացումը առանց նեղացման կոչվում է աորտալ կարծրացում (սկլերոզ)[1]։
Աորտալ ստենոզ Aortic stenosis | |
---|---|
Կենտրոնում աորտալ փականի ծանր ստենոզ է` առաջացած ռևմատիզմի պատճառով։ Ստորին աջ հատվածում պատկերված է թոքային զարկերակացողունը։ Ստորին ձախ հատվածում աջ պսակաձև զարկերակի կտրվածքն է տեղակայված։ Աջ կողմում երևում է ձախ պսակաձև զարկերակը։ | |
Տեսակ | սաղմի զարգացման արատներ, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | բնածին երկփեղկ փական, ռևմատիկ տենդ |
Հիվանդության ախտանշաններ | ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տանելիության իջեցում, հևոց, գիտակցության կորուստ, կրծքավանդակի ցավ, վերջույթների այտուցներ |
Բժշկական մասնագիտություն | սրտային վիրաբուժություն |
Ռիսկի գործոններ | ծխախոտ, գերճնշում, խոլեստերինի բարձր քանակ, շաքարային դիաբետ, արական սեռ |
Ախտորոշում | էխոսրտագրություն |
Բուժում | փականի փոխում, բալոնային վալվուլոպլաստիկա |
Բարդություններ | սրտային անբավարարություն |
Հաճախություն | 65 տարեկանից մեծ մարդկանց 2%-ի շրջանում |
Սկիզբը | աստիճանաբար |
Կանխատեսում | բուժման բացակայության դեպքում հնգամյա ապրելիությունը 50% է |
Aortic valve stenosis Վիքիպահեստում |
Պատճառներից են բնածին երկփեղկ աորտալ փականը և ռևմատիկ տենդը[1]։ Բնածին երկփեղկ փական ունի բնակչության 1-2%[1]։ Նորմալ փականը կարող է կարծրանալ տասնամյակների ընթացքում[1]։ Ռիսկի գործոնները նման են սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոններին և ներառում են ծխելը, գերճնշումը, խոլեստերինի բարձր քանակը, դիաբետը, արական սեռը[1]։ Աորտալ փականը սովորաբար 3 փեղկ ունի և տեղակայված է ձախ փորոքի և աորտայի միջև[1]։ Աորտալ ստենոզը բերում է սրտային աղմուկի առաջացման[1]։ Ըստ ծանրության այն լինում է թեթև, միջին, սուր, շատ սուր աստիճանի։ Վերջինները կարելի է տարբերակել էխոսրտագրության միջոցով[1]։
Աորտալ ստենոզը հայտնաբերվում և հսկվում է էխոսրտագրության միջոցով[1]։ Եթե այն դառնում է սուր, ապա բուժումը պետք է ներառի փականի վիրահատությունը կամ աորտալ փականի տրանսկաթետրային փոխարինումը[1]։ Փականները կարող են լինել մեխանիկական կամ բիոպրոսթետիկ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները[1]։ Այլ պակաս ինվազիվ միջամտության տարբերակ է բալոնային վալվուլոպլաստիկան, որը կարող է լավացնել հիվանդի վիճակը մի քանի ամսով[1]։ Սրտային անբավարարությունը բուժվում է նույն կերպ և' թեթև, և' միջին ծանրության ստենոզի դեպքում[1]։ Ծանր աորտալ ստենոզի առկայության դեպքում կան դեղեր որոնցից պետք է խուսափել։ Դրանցից են ԱՓՖ պաշարիչները, նիտրոգլիցերինը, բետա պաշարիչները[1]։ Նիտրոպրուսիդը կամ ֆենիլէֆրինը կախված արյան ճնշումից կարող են օգտագործվել դեկոմպենսացված սրտային անբավարարության ժամանակ[1][2]։
Աորտալ ստենոզը աշխարհում ամենամեծ տարածում ունեցող փականային հիվանդությունն է[3]։ Այն հանդիպում է 65 տարեկանից բարձր մարդկանց 2% շրջանում[1]։ Կլինիկայի առկայության դեպքում հնգամյա մահացությունը բուժման բացակայության դեպքում 50% է իսկ տասնամյան` 90%.[1] Աորտալ ստենոզը առաջին անգամ նկարագրվել է ֆրանսիացի բժիշկ Լազար Րիվիեի կողմից 1663 թվականին[4]։