Առողջապահական քաղաքականություն
From Wikipedia, the free encyclopedia
Առողջապահական քաղաքականություն, սահմանվում է որպես որոշումների, նախագծերի և գործողությունների ամբողջություն, որոնք ձեռնարկվում են հասարակության շրջանում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ մատուցումն ապահովելուն ուղղված նպատակին հասնելու համար[1]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ առողջապահության բացահայտ և թափանցիկ քաղաքականությունը կարող է հասնել մի քանի արդյունքների՝
- այն սահմանում է ապագայի տեսլականը
- այն ընդգծում է առաջնահերթությունները և հասարակության տարբեր շերտերի կողմից ակնկալվող արդյունքները
- այն ստեղծում է փոխհամաձայնության մթնոլորտ և իրազեկում անձանց[1]։
Տեսության մեջ առկա են առողջապահական քաղաքականության մի քանի կատեգորիաներ, ներառյալ գլոբալ առողջապահական քաղաքականություն, հանրային առողջապահության քաղաքականություն, հոգեկան առողջության քաղաքականություն, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման քաղաքականություն, ապահովագրության քաղաքականություն, անհատական բժշկական ծառայությունների տրամադրման քաղաքականություն, դեղագործական քաղաքականություն և քաղաքականության այնպիսի ուղղություններ, որոնք առնչվում են հանրային առողջապահությանը, ինչպիսիք են իմունիզացիոն քաղաքականություն, հակածխախոտային քաղաքականություն կամ կրծքով կերակրման բարելավման քաղաքականություն։ Վերջիններս ծածկում են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են բժշկական ծառայությունների մատուցումն ու ֆինանսավորումը, բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, որակը և առողջության իրավունքից օգտվելու հավասարությունը և սոցիալական արդարությունը[2]։