Ատամնաբուժություն
From Wikipedia, the free encyclopedia
Ատամնաբուժություն, հայտնի նաև որպես ատամնային բժշկություն կամ բերանի խոռոչի բժշկություն, բժշկության ճյուղ, որը կազմված է ուսման, ախտորոշման, կանխարգելման և հիվանդությունների բուժման բաժիններից, բերանի խոռոչի ախտահարումներից և վիճակներից, որոնք սովորաբար կապված են ատամների, ինչպես նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի, հարևան կառույցների և հյուսվածքների, մասնավորապես դիմածնոտային (դեմքի և ծնոտի) շրջանի հետ[1]։ Չնայած հանրության լայն շրջանում այն գլխավորապես ասոցացվում է ատամների հետ, այնուամենայնիվ ատամնաբուժության ոլորտը չի սահմանափակվում միայն ատամներով, այլ ներառում է նաև դիմածնոտային համալիրի այլ ասպեկտներ, ներառյալ քունքստործնոտային հոդը և այլ օժանդակ, մկանային, ավշային, նյարդային, անոթային և անատոմիական կառույցներ։
Ատամնաբուժությունը հաճախ կիրառվում է նաև ներկայումս լայն տարածում ունեցող ստոմատոլոգիական բժշկական մասնագիտությունը նշելու համար (գիտություն բերանի, նրա հիվանդությունների և ախտահարումների մասին), այդ պատճառով էլ երկու տերմիններն էլ յուրաքանչյուր շրջանում կիրառվում են՝ փոխարինելով միմյանց։
Ատամների բուժումն անցկացվում է ատամնաբույժների թիմի շնորհիվ, որի հիմնական կազմի մեջ են մտնում ատամնաբույժը և անձնակազմը (ասիստենտը, հիգիենիստը, ատամնատեխնիկները, ինչպես նաև թերապևտները)։ Բժիշկների մեծ մասը կամ մասնավոր գործունեություն են ծավալում (առաջնային բուժօգնություն), կամ աշխատում են ատամնաբուժարաններում կամ այլ հաստատություններում (կալանավայրերում, զինված ուժերում և այլն)։
Ատամնաբուժության պատմությունը արդեն մարդկության և քաղաքակրթության պատմության վաղեմություն ունի, իսկ նրա ամենավաղ վկայությունները տրվել են մ․թ․ա 7000 թվականից։ Հին Հարապպայի քաղաքակրթության ժամանակաշրջանի մնացորդները վկայում են այն մասին, որ ատամների հյուսվածքները սկսել են մշակել դեռ 9000 տարի առաջ[2]։ Կարծիք կա, որ այդ ատամնային վիրաբուժությունը եղել է բժշկական առաջին մասնագիտացումը[3]։ Ապացուցողական ատամնաբուժության ժամանակակից շարժումը կոչված է բարձրորակ գիտական ապացույցների կիրառմանը որոշումներ կայացնելիս։