Ատելության խոսք
From Wikipedia, the free encyclopedia
Ատելության խոսք, հանրային (հասարակական) խոսքի դրսևորում, որն արտահայտում է ատելություն կամ խրախուսում է բռնություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ պայմանավորված այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսին են անձի ռասան, սեռը, կրոնական պատկանելությունը, էթնիկական խումբը, գենդերային ինքնությունը, մաշկի գույնը, սեռական կողմնորոշումը, հաշմանդամությունը և այլն[1]։ Այն ընդգրկում է արտահայտությունների բազմաթիվ ձևեր, որոնք տարբեր պատճառներով տարածում, դրդում, խթանում կամ արդարացնում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելությունը, բռնությունը և խտրականությունը[2]։ Ատելության խոսքը լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման տեսանկյունից։ Վերջինիս նկատմամբ անտարբերության դրսևորումները կարող են հանգեցնել բռնությունների և բախումների լայն մասշտաբների։ Այս իմաստով ատելության խոսքն անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում է, որը նպաստում է ատելության հողի վրա հանցագործությունների առաջացմանը։
Պատմությունը ցույց է տվել, որ ատելության խոսքը կարող է հանգեցնել ինքնասպանությունների, պատերազմների, զանգվածային հանցագործությունների և ցեղասպանության գործընթացների, ինչպիսին էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում իրագործված Հայոց ցեղասպանությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված Հոլոքոստը, 20-րդ դարի 90-ական թվականներին իրականացված Ռուանդայի ցեղասպանությունը և այլն։