Արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ
From Wikipedia, the free encyclopedia
Արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ, քրեական իրավունքի տեսության մեջ հայտնի է որպես արդարադատության խոչընդոտում, քրեաիրավական հանցագործություն, որն իր օրենսդրական ամրագրումն ունի ՀՀ քրեական օրենսգրքում։ Մասնավորապես, արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական հատկանիշները և դրանց որակման առանձնահատկությունները շարադրված են ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ գլխում՝ նույնանուն վերտառությամբ։
Արդարադատության խոչընդոտման կոնցեպցիայում հասկանում ենք ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը, անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը, դատական գործի լուծմանը միջամտելը, դատավորին կամ ժողովրդական ատենակալին սպառնալը կամ վիրավորանք հասցնելը, դատարանի ելքային ակտը չկատարելը, ապօրինի ձերբակալությունը կամ կալանավորումը, սուտ մատնությունը, նախաքննության և հետաքննության տվյալների հրապարակումը, կալանքից փախուստը, հանցագործությունը պարտակելը և այլն։ Արդարադատության խոչընդոտմանը նվիրված են 190-ից 206 հոդվածները[1]։
Արդարադատության դեմ հանցագործողությունների հիմնախնդիրը դասվում է քրեական իրավունքի, քրեագիտության և քրեակատարողական իրավունքի գիտության ու իրավակիրառական պրակտիկայի առաջնային հարցերի շարքում։ Հանցավոր այդ դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը եղել և մնում է խիստ արդիական ցանկացած պետության, այդ թվում` Հայաստանի համար։ Արդարադատության խոչընդոտման վտանգավորության աստիճանը կայանում է նրանում, որ սույն իրավախախտումների արդյունքում կարող է էական վնաս հասցվել պետությանը։ Այն անուղղակիորեն կարող է նպաստել նաև դատական իշխանության անկախության, անաչառության ու անկողմնակալության միանշանակ սկզբունքի բացառմանը։ Արդարադատության դեմ ուղղված մասշտաբային հանցանքները կարող է հաջորդել անցումային արդարադատության կիրառումը։ Վեթինգի ինստիտուտը ինքնին կարող է նպաստել նմանօրինակ հանցագործությունների մասնավոր դեպքերի ծավալային կրճատմանը։
Արդարադատության դեմ հանցավոր գործողությունների կանխարգելմանն են նվիրված ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, ինչպես նաև միջազգային իրավունքի բազմաթիվ իրավական ակտեր։ Հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ցանկացած ֆիզիկական անձ։