From Wikipedia, the free encyclopedia
Արեգակնային համակարգության մոդել (անգլ.՝ Plate with a symbolic model of the solar system), Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդելը պատկերող դրվագված թիթեղ, որի ստորին մասի կենտրոնում պատկերված է Երկիր մոլորակը (խաչաձև հիմքով և կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով)։ Թվագրվում է մ.թ.ա. 12-11-րդ դարերին։ Այն շրջապատված է ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով։ Գլխավերևի սկավառակը խորհրդանշում է Արեգակը։ Արեգակի և Երկրի միջև են գտնվում հինգ մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը և Լուսինը[1]։
Արեգակնային համակարգության մոդել | |
---|---|
նյութ | բրոնզ |
ստեղծվել է | մ. թ. ա. 12-11-րդ դար |
Հայտնաբերվել է Սևանի ավազանում (Լճաշեն), հայտնաբերողը Երվանդ Լալայանն է։ Արեգակնային համակարգության մոդելը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում[2]։
Երկրակենտրոն համակարգի այսպիսի դասավորությունը հանդիպում է նաև հայկական միջնադարյան ձեռագրերում։ Արեգակնային համակարգության մոդելը կապված է Հայկական լեռնաշխարհում Բրոնզե դարում տարածված արևի պաշտամունքի հետ։ Բրոնզեդարյան Հայաստանի բնիկներն արևին պաշտել են որպես կենսահաստատ զորության՝ զարթոնքի, պտղաբերության և բոլոր բարիքները ստեղծող գերբնական ուժ և այն պատկերել են երկրաչափական մարմինների, տարբեր կենդանիների տեսքով։ Ավելի ուշ արևը ներկայացվել է նաև անտրոպոմորֆ կամ մարդկային կերպարանքով։
Հայկական լեռնաշխարհին բնորոշ է արևի կապը ճառագայթավոր անիվի հետ, ուստի անվաձև, բազմաթիվ ճառագայթներով սկավառակները հաճախ են հանդիպում Հայաստանի բրոնզեդարյան արվեստի հուշարձաններում[3]։
Հեթանոսական պաշտամունքի մեկնաբանման օրինակներ ենք հանդիպում Եզնիկ Կողբացու մոտ.
Եւ այնու կենդանութեամբ, ասեն, ամենայն արարածք զնորա բնութենէն կախեալ կան, որպէս ճառագայթք արեգական զանուէն կախեալ կան։ Եւ ինքն մի է եւ բազում, եւ բազում է եւ մի. որպէս արեգակն մի է եւ բազում, զի մի անիւ է եւ բազում ճառագայթք[4]։ |
Արեգակնային համակարգության մոդելի ստորին հատվածում համեմատաբար ավելի մեծ պատկերված է Երկիր մոլորակը, որը շրջապատված է երկու՝ ջրային և մթնոլորտային շերտերով։ Երկիր մոլորակից վեր պատկերված են յոթ լուսատուները։ Այս լուսատուներից ամենավերինը ունի ամենամեծ ճառագայթող սկավառակը և, ենթադրաբար, խորհրդանշում է Արեգակը։ Մյուս լուսատուներից Երկրին ամենամոտ գտնվողը, երևի թե Լուսինն է, քանի որ այդ շրջանում համարվում էր, որ Երկրին գտնվող ամենամոտ լուսատուն՝ Լուսինն է։ Մնացած հինգ լուսատուները՝ դրանք այն ժամանակ հայտնի հինգ մոլորակներն են։ Երկնային լուսատուների մեջ ներգծված են ցուլի կամ եզան գլուխներ։
Արեգակը, Լուսինն ու հինգ մոլորակները, Երկրի շուրջը բոլոր կողմերում չեն դասավորված, քանի որ Բրոնզե դարում մարդիկ պատկերացում չունեին լուսատուների շարժման մասին։ Արեգակնային համակարգության այս մոդելը ստեղծված է երկրակենտրոն համակարգի հիման վրա, նման դասավորությամբ պատկերներ են հանդիպում նաև հայկական ձեռագրերում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.