Արհմիություն
From Wikipedia, the free encyclopedia
Արհմիությունը (կամ՝ արհեստակցական միությունը) որոշակի ոլորտի, արդյունաբերության կամ կազմակերպության աշխատողների միավորում է, որը ստեղծված է արհմիության անդամների շահերի (վարձատրության, աշխատանքային պայմանների, սոցիալական երաշխիքների և քաղաքական ստատուսի բարելավման) ներկայացման ու առաջխաղացման համար՝ հիմնականում կոլեկտիվ բանակցությունների միջոցով[1]։
Աշխատողների առաջին միավորումները ստեղծվել են 18-րդ դարում՝ Բրիտանիայում, երբ արդյունաբերությունը արագ զարգացում էր ապրում՝ ներգրավելով մեծ թվով աշխատուժ։ Հենց այդ ժամանակ միևնույն արհեստով զբաղվող աշխատողները սկսեցին ստեղծել միավորումներ։ Առաջին աշխատանքային խոշոր կազմակերպությունները ձևավորվեցին 1810թ.-ին և սկզբում գործում էին քողարկված անվանումներով, քանի որ արհմիություները դեռ օրենքով արգելված էին[2]։
ԱՄՆ-ում արհմիությունների օրինականացումը տեղի ունեցավ բազմաթիվ դատական որոշումների ու օրենսդրական բարեփոխումների արդյունքում։ 1866թ.-ին Ազգային աշխատանքային միավորման (National Labor Union – NLU) ստեղծումը արհմիությունների ձևավորման առաջին փորձն էր։ Այդ միավորումը դեմ էր գործադուլներին, և նպատակ էր դրել, ճնշում գործադրելով ԱՄՆ կոնգրեսի վրա, հասնել 8 ժամ տևողությամբ աշխատանքային օրվա։ Քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով միությունը վերաձևավորվեց Աշխատանքային բարեփոխումների ազգային կուսակցության և նույնիսկ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրեց, սակայն կուսակցությունը հաջողություն չունեցավ և շուտով դադարեց գոյություն ունենալուց։ Հիմնական արհմիութենական գործունեությունը ԱՄՆ-ում ծավալվեց Ամերիկյան Աշխատանքի Ֆեդերացիան (AFL) հիմնադրելուց հետո[1]։
Գերմանիայում արհմիությունները ձևավորվեցին 1848 թվականի հեղափոխության ընթացքում, երբ աշխատավորները նույնպես միացան համընդհանուր հեղափոխական շարժմանը։ Արդյունքում ձևավորվեցին տարբեր արհեստներ ներկայացնող աշխատողների միավորումներ։ Գերմանիայում Հեղափոխության ձախողման պատճառով արհմիութենական շարժումը անկում ապրեց և նույնիսկ որոշ ժամանակով արգելվեց։ Միայն 1892 թվականին արհմիութենական շարժումը նոր շունչ առավ․ տարբեր արհմիություններ, ունենալով տարբեր գաղափարախոսություն, իրենց աջակցությունն էին հայտնում համապատասխան կուսակցություններին։ Սակայն արհմիությունների գործունեությունը արգելվեց 20-րդ դարի երեսունական թվականներին՝ ազգային-սոցիալիստական (նացիստական) կուսակցության առաջխաղացման և դիկտատուրայի հաստատման հետևանքով[3]։
Ժամանակակից աշխարհում արհմիությունները քաղհասարակության ամբաժանելի մասն են կազմում և բացի կոլեկտիվ բանակցություններ վարելուց, մասնակցում են քաղաքականության մշակման պրոցեսին և բանակցում են կառավարությունների ու գործատուների հետ՝ առաջխաղացնելով աշխատողների ու քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, ժողովրդավարությունը, հավասարությունը, կեսնակայուն զարգացումը[4][5]։