Արճիս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Արճիս | ||
Արճիսի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Մակերես | 13,72 կմ² | |
ԲԾՄ | 740 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1 109[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արճիսցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Արճիս (Արճես,Առճիս, Արչիկ, Արջիս) գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 63 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետից արևելք, նրա փոքրիկ վտակի ափին,թաղված է այգիների մեջ,շրջակայքում կան անտառներ:Կլիման մեղմ է,լեռնային[2][3]
Բնակչություն
Արճիսի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1841 | 1844 | 1897 | 1926 | 1959 | 1964 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 178 | 304 | 143 | 530 | 842 | 1193 | 1500 | 1333 | 1220 | 1519 | 1287 | 1143 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և ծխախոտի մշակությամբ։
Հիմնադրման պատմություն
Արճիս գյուղի ներկայիս տարածքում, մինչև Արճիս գյուղի հիմնադրվելը, դարեր առաջ մի քանի անգամ բնակավայր է հիմնադրվել: Այդ է վկայում շրջակայքում հայտնաբերված դեռևս 8-րդ դարի գերեզմանների հետքերը, գյուղի «Աղաքարի ղաշ »կոչվող վայրում և «Մատուռի ձոր» մառուռի ճանապարհի վրա հայտնաբերված ձուլարանները, գերեզմանները և բրուտագործության հետքերը: Հայտնի են պաշտպանական ամրոցներ, բերդատեղեր և նույնիսկ կիկլոպյան ոճի կառուցված ամրոց «Ռսի քարհանք» կոչվող տարածքում:Գյուղի ծայրամասում՝ 1.5 կմ-ի վրա են պահպանված կիկլոպյան հսկայական ամրոցի հետքերը:
Պատմական ակնարկ
Հայաստանում ամեն մի մասնագիտություն ուներ և այժմ էլ ունի իր անունը: Օրինակ սև մետաղ մշակող վարպետին անվանում էին «դարբին», պղինձ մշակող վարպետին` «միսկար», ոսկի մշակող վարպետին` «ոսկերիչ» և այլն:
Ըստ ավանդազրույցի Արճիս գյուղը հիմնադրող նահապետը ծնվել է Վանա լճի մոտ գտնվող Արճեշ քաղաքում և այնտեղ մասնագիտացել է պղնձագործության մեջ:
Արճեշը հայտնի եղել իր բարձրորակ և ստեղծագործ վարպետներով, որտեղ Արճիս գյուղի հիմնադիր նահապետը, որի անունը հայտնի չէ, երիտասարդ հասակում սովորել է միսկարի մասնագիտությունը և դարձել հանրահայտ վարպետ միսկար: Ներկայիս Ալավերդու պղնձամշակման գործարանը մոտ 250 տարի առաջ գտնվում էր Վրաստանի Հերակլ II թագավորի իշխանության տակ: Հերակլ II թագավորը բարձր վարձատրությունով այս գործարանում աշխատանքի է հրավիրում երիտասարդ պղնձագործ վարպետների (միսկարների): Արճիս գյուղի հիմնադիր նահապետը, երիտասարդ միսկարը, Վանի Արճեշ քաղաքից տեղափոխվում է Սանահին և աշխատանքի անցնում Մանեսի պղնձամշակման գործարանում: Մանեսի պղնձամշակման գործարանում նա իր վարպետության, միսկարի բազմազան գաղտնիքների գիտակության շնորհիվ դառնում է առաջատար, բոլորի կողմից հարգված արժանապատիվ վարպետ միսկար: Արճիս գյուղի հիմնադիր նահապետին Սանահինում, գործարանում և ամենուր անվանում են ուղղակի Արճեշցի Վարպետ Միսկար, որը դառնում է նրա համար անուն: Վարպետի իրական անունը մոռացության է տրվում:
Երկար տարիներ աշխատելով Մանեսի պղնձամշակման գործարանում վարպետի գիտակությունը պղնձագործության մեջ և աշխատասիրությունը հայտնի է դառնում Հերակլ II թագավորին: Նա այցելում է պղնձամշակման գործարան ու շրջագայության ժամանակ ձուլարանի մոտ հանդիպում է Արճեշցի Միսկարին և գովեստի խոսքերով զրուցում նրա հետ: ՀերակլII թագավորը որպես երախտագիտություն հարցնում է, թե Միսկարը ինչ կցանկանար թագավորից: Արճեշցի Միսկարը թագավորին խնդրանքով դիմում է, որ մեծացել է, երկարատև աշխատանքից հոգնել և ցանկանում է հողատարածք ունենալ ու ընտանիքով զբաղվել իր տնտեսությամբ: Թագավորը վաստակաշատ աշխատանքի դիմաց Արճեշցի Միսկարին հատկացնում է ներկայիս Արճիս գյուղի տարածքը, որը եղել է թագավորական տարածք և հողի հարկը եղել է ավելի ցածր, քան կալվածատիրական հողերի հարկը: Հողատարածքը հատկացնում է Դեբեդ գետի աջ ափին կից հովիտում:
Երբ Հերակլ II թագավորը մոտենում է ձուլարանի մոտ գտնվող վարպետ Միսկարին, նա մեծ արագությամբ մատը մտցնում է հալված պղնձի մեջ, օդում պտտելով մատանի է պատրաստում և նվիրում թագավորին, որի համար որպես պարգև թագավորը նրան հողատարածք է նվիրում:
Արճեշցի Միսկարը ընտանիքով իր 3 տղաների հետ տեղափոխվում է ներկայիս Արճիս գյուղի տարածքը և բնակություն հաստատում անտառի մեջ գտնվող մի գեղատեսիլ աղբյուրի մոտ, որը գտնվել է ներկայիս Գիրագոսանց կոչվող տների տեղում: Վարպետը նոր բնակավայրում նորից զբաղվում է միսկարությամբ, իսկ տղաները հողագործությամբ: Արճեշցի միսկարի անունը հայտնի լինելով տարածաշրջանում, մարդիկ տարբեր պղնձե իրերի պատվերներով գալով վարպետի մոտ, բնակատեղն անվանում են Արճեշ, իսկ որոշ մարդիկ տեղափոխվում են ընտանիքով և հիմնական բնակություն հաստատում այդ տարածքում, հիմնականում /Արցախից տեղափոխված ընտանիքներ/:
Մինչև 1900թ-ը բնակավայրը կոչվել է Արճեշ: Ցարական արխիվներում եկեղեցու շինարարության թույլտվության փաստաթղթերում գրված է գյուղ Արճեշ: Հետագայում գյուղի Արճեշ անվանումը տարածքի ժողովրդի խոսակցական լեզվի առանձնահատկություններից ելնելով, ձևափոխվում է Արճիս անվամբ և այդպես անվանվում է առ այսօր:
Արճեշցի Վարպետ Միսկարը, որի անունը և հայրանունը հայտնի չէ, ունեցել է 3 տղա, աղջիկների մասին տեղեկություն չկա:
Միսկարենց Ստեփանը
Միսկարենց Վերանը
Միսկարենց, անունը հայտնի չէ
Առաջին տղան՝ Ստեփանը, մնացել և իր սերունդը շարունակել է հայրական տանը: Միսկարենց Վերանը , ամուսնանալով, առանձին տուն է կառուցում հայրական տնից մոտ 100մ հեռավորության վրա և բաժանվելով հորից, ապրում է առանձին: 3-րդ տղան, որի անունը հայտնի չէ, տեղափոխվել է Վրաստանի ներկայիս Մարնեուլի տարածաշրջան, ամուսնանում, ընտանիքավորվում և հիմնավորվում այնտեղ: Այս տղայի հետագա սերունդների կապը Արճեշի եղբայրների սերունդների հետ տարիների ընթացքում կտրվում է:
Հայաստանում ազգանվան յան վերջավորությունը դեռ մինչև 1800-ական թվականները չի եղել: Մարդկանց ճանաչում էին հոր կամ պապի անվամբ( ցեղերով): Ինչպես վերը նշվում է օրինակ` Միսկարենց Ստեփանը կամ Միսկարենց Վերանը: 1800թ-ներին պետականորեն առաջ է քաշվում ազգանվան հարցը: Մարդիկ հոր կամ պապի անվանման վերջում ավելացնելով յան վերջավորությունը ստանում էին իրենց ազգանունը: Օրինակ Միսկարենցը դարձավ Միսկարյան, Վերանենցը` Վերանյան և այլն: Միսկարենց Ստեփանը ունեցել է 2 տղա` Կիրակոսը և Արզումանը: Արզումանը սերունդ չի տվել, իսկ Կիրակոսը ունեցել է 10 երեխա, 6 տղա, 4 աղջիկ, որոնց սերունդները բոլորը պահպանել են Միսկարենց, հետագայում Միսկարյան ազգանունը, հաճախ այս սերունդին ի պատիվ Կիրակոս պապի աղավաղված անվանում են Գիրագոսանց:
Միսկարենց Վերանը նույնպես ունեցել է 2 տղա, Մինասը և Անդրեասը, աղջիկների մասին տեղեկություն չկա: Քանի որ Միսկարանց Վերանը ապրում էր /Միսկարից/ բաժան, հետևաբար նրա տղաներին անվանում էին Վերանենց Մինասը, Վերանենց Անդրեասը: Վերանենց Մինասը ունեցել է 8 երեխա, 6 տղա, 2 աղջիկ, որոնք հետա•այում ստացել են Վերանյան ազ•անունը իրենց հոր անվան պատվին:
Վերանյան Ռոստոմի սերունդը /7 տղա/ հետագայում Վերանյան ազգանունը փոխել է Միսկարյանով` ի պատիվ իրենց պապի պապ վարպետ Միսկարի, հաշվի չառնելով, որ միսկարը Արճիս գյուղի հիմնադիր պապի մասնագիտությունն է, ոչ թե անունը կամ հայրանունը: Վերանյան Ռոստոմի սերունդում դրսևորվել է վարպետ Միսկարից եկող մասնագիտական գենը: Ռոստոմի տղան` Եղիշեն, եղել է դարբին, նրա տղան, Վերանյան Վոլոդյան, եղել է Ալավերդու պղնձամշակման գործարանում որպես գլխավոր տեխնոլոգ /գլխավոր միսկար/:
Եղիշեի տղաները ի պատիվ Վերան պապի պահպանել են Վերանյան ազգանունը:
Միսկարենց Վերանի տղա Անդրեասը ունեցել է 5 երեխա, որոնք կոչվել են Անդրեասենց և հետագայում ի պատիվ Անդրեասի, իրենք և իրենց սերունդները գրվել են Անդրեասյան ազգանունով: Անդրեասի թոռներից Հովհաննեսը և Վասիլը նույնպես փոխել են ազգանունները` ի պատիվ նահապետ վարպետ Միսկարի, և իրենց սերունդներն էլ առ այսօր գրվում են Միսկարյան ազգանունով:
Արճիս սովխոզի բարգավաճման, վերելքի տարիներին Արճիսի չորագետի տարածքում գտնվող 2-րդ տեղամասում կառուցվում է բնակարաններ, որոնք բնակեցվում են Վրաստանի Ծալկայի շրջանից տեղափոխված հայ ընտանիքներով և 1978թ-ին ստեղծվում է Դեղձավան գյուղը:
Պատմամշակութային կառույցներ
Գյուղում կա XVIII-XIX դարերի եկեղեցի, գերեզմանոց և մատուռ։ Գյուղից 1 կմ հարավում պահպանվել է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Արճիս” դամբարանադաշտը։
Կրթություն
Արճիս գյուղն ունի մեկ դպրոց։ 2016 թվականին դպրոցում վերանորոգվել է ճաշարանը, որտեղ տարրական դասարանների երեխաներն ամեն օր թարմ սնունդ են ստանում։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով ճաշարանին կից կառուցվել է նաև ատամնակայան, որտեղ ամեն օր երեխաները լվանում են ատամները՝ դա դարձնելով առողջ սովորություն։
Պատկերասրահ
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 33
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 463 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 35»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 22
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.