հայ բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Արշակ Հովհաննեսի Չոպանյան (հուլիսի 15, 1872[1], Բեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունիսի 8, 1954[2][3], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ է։
Արշակ Չոպանյանը ծնվել է 1872 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895 թվականին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։ Մահացել է 1954 թ. հունիսի 8-ին Փարիզում։
1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը[12]։ Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ։
Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը։ Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902 թվականին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» 1910 թվականին, «Հայ էջեր» 1912 թվականին, «Հայրեններու բուրաստանը» 1940 թվականին և այլ ուսուսմնասիրություններ։ Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ։ Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։ Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը։ Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին։
Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ։ Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածուում։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.