From Wikipedia, the free encyclopedia
Ար բրյուտ (ֆր.՝ Art Brut` կոպիտ արվեստ, այստեղ` չմշակված, չհղկված արվեստ), ֆրանսիացի նկարիչ Ժան Դյուբյուֆֆեի (1945) կողմից կիրառված տերմին, որով արտահայտվում է նկարների և քանդակների հավաքածուի ամբողջականությունը, որ ստեղծվել է ոչ պրոֆեսիոնալ վարպետների կողմից, որոնք թե՛ հասարակական, թե՛ հոգեկան տեսանկյունից համարվում են մարգինալներ (հոգեկան հիվանդներ, հաշմանդամներ, կալանավորներ, տարօրինակ-միայնակներ և այլն)։ Նրանց աշխատանքները կրում են բարձր կարգի ինքնաբերական բնույթ և պրակտիկապես կախված չեն մշակութային կաղապարներից։ Մասնավորապես, Ար բրյուտը հաշվի չի նստում պայմանական արժանահավատության, գեղարվեստի հեռանկարների և պայմանական չափագծերի հետ, չի ճանաչում նյութերի հիերարխիայի իրական և ֆանտաստիկ սահմանազատումները և այլն։
Որպես համարժեք, անգլալեզու գրականության մեջ օգտագործվում է աուտսայդերների արվեստ տերմինը, անգլ. outsider art (տես նաև` Մարգինալների արվեստ), որը 1972 թվականին կիրառեց արվեստագետ Ռոջեր Կարդինալը։ Մոտակա դրսևորումներից են մարգինալ արվեստը, նաիվ արվեստը, երազատեսական կամ ինտուիտիվ արվեստը, ֆոլկ-արվեստը, նոր երևակայություն (ֆր.՝ Neuve Invention), պրիմիտիվիզմ։
Ար բրյուտ կոնցեպցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի հոգեբույժ Հանս Պրինցհորնի «Հոգեկան հիվանդների գեղարվեստական ստեղծագործությունները» (1920) և շվեյցարացի հոգեբույժ Վալտեր Մորգենտալերի «Հոգեկան հիվանդը որպես նկարիչ» (1921) մենագրությունները։ Նրանք գրավեցին սյուրռեալիստների և Դյուբյուֆֆեի ուշադրությունը, վերջինս հավաքել էր Ար բրյուտ ստեղծագործությունների մեծ կոլեկցիա, 1976 թվականից գտնվելով Լոզանում (Շատո դե Բոլյո, առաջին գլխավոր պահապանը 1976-2001 թվականներին, Միշել Տեվոզ)։ 20-րդ դարի ավանգարդիստական արվեստը (դադաիզմ, սյուրռեալիզմ, ֆուտուրիզմ և այլն) ակտիվորեն անդրադառնում է Ար բրյուտի փորձին։
Ար բրյուտի առավել ճանաչված հեղինակներից են` Էուգենիո Սանտորոն, Ֆերդինանդ Շևալը, Ֆրիդրիխ Շրյոդեր-Զոննենշտերնը, Ադոլֆ Վյոլֆլին, Ալոիզան (Ալոիզա Կորբազ), Օգյուստեն Լեսաժը, Լուի Սուտերը, Ավգուստ Վալլան, Իոհան Հաուզերը, Հենրի Դարջերը, Մաջ Հիլը, Ջովանի Բատիստա Պոդեստան, Ժաննա Տրիպյեն, Մարտին Ռամիրեսը, Ջուդիտ Սկոտտը, Ռաֆայել Լոննեն և մյուսները։ Այս շարքում արժանի տեղ են գրավում Ալեքսանդր Լոբանովը և Ռոզա Ժարկիխը։ Նրանց աշխատանքները ցուցադրվում են Ար բրյուտի Լոզանի և մյուս խոշորագույն հավաքածուներում։
Ար բրյուտի թանգարաններ և հավաքածուներ կան Բեռնում, Լոզանում, Վիեննայում, Սանկտ Գալլենում, Հայդելբերգում, Չիկագոյում, Բալթիմորում, Մոսկվայում և այլուր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ար բրյուտ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.