Ացիդոզ
From Wikipedia, the free encyclopedia
Ացիդոզ (լատին․՝ acidus – թթու), թթվահիմնային հավասարակշռության տեղաշարժ, երբ նյութափոխանակության խանգարման հետևանքով օրգանիզմում կուտակվում են թթու նյութեր (փոքրանում է արյան ջրածնային ցուցիչը)։ Բնականոն պայմաններում այդ արգասիքներն արագորեն հեռանում են, իսկ տենդային հիվանդությունների, ստամոքսաղիքային համակարգի խանգարումների, հղիության, քաղցի և այլ դեպքերում կարող են կուտակվել օրգանիզմում։ Հիվանդության թեթև ընթացքի դեպքում նշված նյութերն օրգանիզմից հեռանում են մեզի հետ (ացետոնուրիա), իսկ ծանր ընթացքի դեպքում կարող են առաջացնել կոմա։ Ըստ առաջացման բնույթի տարբերվում է ացիդոզի երկու տեսակ՝ նյութափոխանակային և շնչառական։ Առաջինը շաքարախտի զարգացման կամ երիկամների ախտահարման հետևանք է, երկրորդը՝ շնչառության խանգարման։