Բազմացում
From Wikipedia, the free encyclopedia
Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերընդեսերունդ կոչվում է բազմացում։
Բազմացում կամ վերարտադրում, կենսաբանական գործընթաց, որի ընթացքում ծնողներից գոյանում են նոր առանձնյակներ՝ սերունդ։ Վերարտադրողականությունը կյանքի հայտնի բոլոր ձևերի հիմնարար հատկանիշն է, բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։ Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։
Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Անսեռ բազմացումը հատուկ չէ միայն միաբջիջ օրգանիզմներին։ Օրգանիզմների բողբոջումը նույնպես անսեռ բազմացման եղանակ է։ Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը ստեղծում է սեփական գենետիկորեն նույնական կրկնօրինակը։
Սեռական բազմացման էվոլյուցիան կենսաբանների համար մեծ գաղտնիք է։ Սեռական բազմացման դեպքում օրգանիզմների միայն 50% -ն է բազմանում[1], օրգանիզմները հաջորդ սերունդներին են փոխանցում սեփական ժառանգական տեղեկատվության ընդամենը 50%-ը[2]։
Սեռական բազմացման ժամանակ սովորաբար անհրաժեշտ է երկու մասնագիտացած օրգանիզմների կամ դրանց հատուկ բջիջների փոխհարաբերություն, որոնք անվանվում են գամետներ և պարունակում են այդ օրգանիզմների մարմնական բջիջների քրոմոսոմի հավաքակազմի կեսը։ Այս գամետները սովորաբար ձևավորվում են մեյոզի հետևանքով։ Սեռական բազմացման դեպքում հիմնականում արական առանձնյակը բեղմնավորում է նույն տեսակի իգական առանձնյակին՝ ձևավորվում է բեղմնավորված բջիջ՝ զիգոտ։ Սրա արդյունքում առաջանում են սերունդներ, որոնց գենետիկական հատկանիշները ծագում են ծնողական հատկանիշներից։