Բառակազմություն
From Wikipedia, the free encyclopedia
Բառակազմություն, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառերի կառուցվածքի, բառերի կազմության օրենքների ու կանոնների, լեզվի բառակազմական համակարգի քննությամբ։ Բառակազմությւոն է կոչվում նաև նոր բառերի կազմության գործընթացը, լեզվի բառակազմական օրենքներով նոր բառերի կազմումը։
Բառակազմական օրինաչափությունների, կանոնների ու կաղապարների ամբողջությունը ներկայացնում է տվյալ լեզվի բառակազմական համակարգը։ Բառակազմական համակարգի մեջ են մտնում այն տարրերը, որոնցից կազմված է բառը, նրա կառուցվածքի մեջ մտնող միավորները (արմատ, ածանց, հոդակապ), բառերի կառուցվածքը, ինչպես նաև այն օրենքները, որոնցով բառերն ըստ իրենց բառակազմական իմաստների խմբավորվում են բառակազմական տիպերի՝ բառերի որոշակի տեսակների մեջ։
Բառակազմությունը սերտորեն կապված է բառապաշարի, ինչպես նաև քերականության` ձևաբանության ու շարահյուսության հետ։
Բառապաշարի հետ բառակազմության հետ ունեցած կապը պայմանավորված է նրանով, որ բառակազմության շնորհիվ լեզվի բառակազմական միջոցներով կերտվող նորանոր բառերը համալրում են լեզվի բառային կազմը։ Իսկ նոր բառերի կերտումը կատարվում է բառապաշարի զարգացման պահանջով։
Բառակազմության կապը քերականության հետ անմիջական է. բառերը կազմվում են տվյալ լեզվի քերականության` ձևաբանական և շարահյուսական կանոններով։