Բարդուղիմեոսյան գիշեր
From Wikipedia, the free encyclopedia
Բարդուղիմեոսյան գիշեր (ֆր.՝ massacre de la Saint-Barthélemy - Սուրբ Բարդուղիմեոսի սպանդը), հուգենոտների զանգվածային սպանդը 1572 թվականի օգոստոսի 24-ի գիշերը, որն իրականացվեց Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին Ֆրանսիայում։ Ըստ տարբեր գնահատականների՝ զոհվեց շուրջ 30.000 մարդ[1]։
Ավանդաբար համարվում է, որ Բարդուղիմեոսյան գիշերը հրահրվել է Եկատերինա Մեդիչիի՝ ֆրանսիական թագավոր Կառլոս IX-ի մոր կողմից, իր իտալացի խորհրդատուների ճնշման ներքո, որոնցից էին Ալբեր դե Գոնդին և Լոդովիկո Գոնզագան։ Այս փաստը չի ապացուցվել որևէ պատմաբանի կողմից։ Ամենայն հավանականությամբ դա ծրագրված գործողություն էր Գիզերի և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի կողմից[փա՞ստ]։ Սպանդը տեղի ունեցավ թագավորի քույր Մարգարիտ դը Վալուայի և բողոքական Հենրի Նավարրացու ամուսնությունից 6 օր անց, որի առիթով ամենահարուստ և երևելի հուգենոտներից (կալվինականներ) շատերը հավաքվել էին մեծ մասամբ կաթոլիկ Փարիզում։ Նախճիրը սկսվեց 1572 թվականի օգոստոսի 23-ին` Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին՝ հուգենոտների ռազմական և քաղաքական առաջնորդ ադմիրալ Գասպար Կոլինյու դեմ կատարված մահափորձից երկու օր անց։