Բեսլանի ահաբեկչական հարձակում
From Wikipedia, the free encyclopedia
Ահաբեկչական հարձակում Բեսլանում, զինված ահաբեկչական հարձակում Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի Հանրապետության Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցի վրա, որն իրականացվել է Շամիլ Բասաևի ղեկավարությամբ գործող չեչենական անջատողական ջոկատի կողմից 2004 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառման ժամանակ։ Հարձակման ժամանակ ահաբեկիչները պատանդ են վերցրել 1128 մարդու, որոնք պահվել են դպրոցի ականապատ շենքում[1] (հիմնականում աշակերտներ, ծնողներ և դպրոցի աշխատակիցներ) ծայրահեղ ծանր պայմաններում՝ արգելելով մարդկանց բավարարել նույնիսկ առաջին անհրաժեշտության կարիքները։
Բեսլանի ահաբեկչական հարձակում ռուս.՝ Террористический акт в Беслане | |
---|---|
Վերևից ներքև ըստ ժամացույցի սլաքի՝ Բեսլանի թիվ 1 դպրոցի կիսավեր շենքը 2008 թվականին, ի հիշատակ զոհերի դպրոցի սպորտդահլիճում կանգնեցված ուղղափառ խաչը, «Սգո ծառը», որը կանգնեցված է Բեսլանի գերեզմանատանը, մահացած պատանդների լուսանկարները։ | |
Տեսակ | դպրոցում գտնվող անձանց գերեվարում, պահանջներ իշխանություններին՝ չկատարելու պարագայում սպառնալով սպանել գերիներին, խաղաղ բնակիչների, ոստիկանների և զինվորականների սպանություն |
Երկիր | Ռուսաստան |
Գրոհի վայր | Բեսլանի թիվ 1 դպրոց, Հյուսիսային Օսիա |
Տեղադրանք | 43°11′03″ հս․ լ. 44°32′27″ ավ. ե.HGЯOL |
Տարեթիվ | սեպտեմբերի 1, 2004-սեպտեմբերի 3, 2004 2004 թվականի սեպտեմբերի 1- 3 |
Զենք | ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնականետներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր շահիդի գոտի |
Զոհվածներ | 333 |
Վիրավորներ | 783 |
Ահաբեկիչների քանակ | 32 |
Ահաբեկիչներ | Ռիյադուս Սալիհիին |
Կազմակերպիչներ | Շամիլ Բասաև, Աբու Զեյթ, Մագոմեդ Հաշիև, Ռուսլան Խուչբարով |
Պատանդներ | 1128 |
Beslan school hostage crisis Վիքիպահեստում |
Գործողությունների երրորդ օրը՝ ժամը 13:05-ին, դպրոցի մարզադահլիճում տեղի են ունեցել պայթյուններ, որի պատճառով առաջացել է հրդեհ։ Հրդեհի արդյունքում մասնաշենքը մասնակիորեն այրվել է։ Առաջին պայթյուններից հետո պատանդները սկսել են փախչել դպրոցից. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձեռնամուխ է եղել գրոհի։ Անկանոն փոխհրաձգության ժամանակ, այդ թվում նաև քաղաքացիական անձանց կողմից, որոնք կիրառել են անձնական զենքեր, սպանվել է 28 ահաբեկիչ (նրանցից 3-ը, այդ թվում նաև մահապարտ ահաբեկչուհին, սպանվել են սեպտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում)[2][3][4]։ Ողջ մնացած միակ ահաբեկիչը՝ Նուրփաշի Կուլաևը, ձերբակալվել է և դատապարտվել ցմահ ազատազրկման[5]։
Չնայած որ պատանդների մեծ մասը փրկվել է գրոհի ժամանակ, ահաբեկչության արդյունքում զոհվել է 314 պատանդ, որոնցից 186-ը՝ երեխաներ։ Ընդհանուր առմամբ, ներառյալ նաև փրկարարները, մահացել է 333 անձ, իսկ մոտ 800-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ահաբեկչության արդյունքում առաջացած տնտեսական վնասները կազմել են 34 միլիոն ռուբլի[6]։ Ահաբեկչության պատասխանատվությունը 2004 թվականի սեպտեմբերի 17-ին իր վրա է վերցրել Շամիլ Բասաևը՝ այդ մասին հաղորդագրություն տարածելով չեչենական անջատողականների Կավկազ-ցենտր կայքում[7]։
2016 թվականի տվյալներով՝ ահաբեկչության գործով հետաքննությունը, որը 2004 թվականի սեպտեմբերի 1-ին հարուցվել էր երկրի գլխավոր դատախազությունում, մնում է բաց։ Ահաբեկչության պատճառների քննությունը իրականացրել են միմյանցից անկախ մի քանի հանձնաժողովներ, փորձագիտական խմբեր և հասարակական կազմակերպություններ, սակայն մի շարք հանգամանքներ, ներառյալ ահաբեկիչների իրական թիվը, որոշակի մասի հնարավոր փախուստը, կառավարության գործողությունները բանակցությունների և գրոհի ժամանակ, ինչպես նաև ԶԼՄ-ների սահմանափակ և հակասական հաղորդումները, վիճարկվում են մինչ օրս։ Որոշ մեկնաբաններ այն կարծիքին են, որ պատանդների սպանությունը սկսվել է գրոհի ձեռնարկման պահից[8][9]։
Բեսլանի ահաբեկչական հարձակումը 2004 թվականի վերջին ահաբեկչական գործողությունն էր Ռուսաստանում, որից հետո երկրի քաղաքական իշխանությունները իրականացրին օրենսդրական լուրջ փոփոխություններ[10]։ Հատկապես կարևոր էր նահանգապետերի ընտրությունների չեղարկումը[11][12][13][14]։ Վլադիմիր Պուտինի հրամանով ստեղծվել են ՌԴ հանրային պալատը, ՌԴ հակաահաբեկչական ազգային կոմիտեն և Հարավային դաշնային շրջանի սոցիալ-տնտեսական բարելավման հարցերի կոմիտեն։