Բժշկական գենետիկա
From Wikipedia, the free encyclopedia
Բժշկական գենետիկա (բժշկական ծագումնաբանություն, բժշկական ժառանգաբանություն), մարդու գենետիկայի բաժին, ուսումնասիրում է ժառանգական գործոնների նշանակությունը հիվանդությունների առաջացման գործում կամ հատուկ նախատրամադրվածությունը դրանց նկատմամբ։ Սերտ կապված է կլինիկական բժշկության հետ։ Բժշկական գենետիկայի հիմնական բաժինը կլինիկական գենետիկան է, որն ուսումնասիրում է ժառանգական հիվանդությունների և ժառանգական նախատրամադրվածությամբ հիվանդությունների առաջացման պատճառները, մեխանիզմները, ընթացքը, ինչպես նաև մշակում է մեթոդներ և ուղիներ դրանց ախտորոշման, բուժման ու կանխարգելման համար։
Կլինիկական գենետիկան ներառում է նյարդագենետիկան, որն ուսումնասիրում է նյարդային համակարգի, մաշկագենետիկան՝ մաշկի, ակնագենետիկան՝ աչքի ժառանգական հիվանդությունները։ Հատուկ բաժին է դեղագենետիկան, որն ուսումնասիրում է մարդու օրգանիզմի ժառանգաբար պայմանավորված հակազդեցությունները որոշ դեղանյութերի նկատմամբ։