Բիթ սերունդ
From Wikipedia, the free encyclopedia
Բիթ սերունդ (անգլ.՝ The Beat Generation, երբեմն թարգմանվում է «Կոտրված սերունդ»), ամերիկացի բանաստեղծների և արձակագիրների[1][2] խմբի անվանում։ Բիթ սերունդը 1940-ական թվականներից մեծ ազդեցություն է թողել ժամանակակիցների ենթագիտակցության վրա և, ի վերջո, ճանաչում է ձեռք բերել 1950-ական թվականների վերջում։ Ժամանակակից գրաքննադատները բիթ սերնդի ներկայացուցիչներին դիտարկում են իբրև գրող-էքզիստենցիալիստների, ռոմանտիկների, ապոլիտիկ մարդկանց և բոհեմի ներկայացուցիչների։ Առավել ճշգրիտ համարվում է նրանից մեկի կարծիքը այն մասին, որ բիթնիկները ամերիկյան արժեքների հեղափոխության սիմվոլը կամ կարգախոսն էին[3]։
«Բիթ սերունդ» տերմինը ծագել է 1948 թվականին և պատկանում է Ջեք Քերուակին, որը այդպիսով բնութագրել է Նոնկոմֆորտիզմ անունը կրող երիտասարդական շարժումը և Նյու Յորքի ընդհատակը, որոնք ձևավորվել էին այդ ժամանակ գործնականում արդեն անհետացող կորսյալ սերնդից։ Բիթ սերունդը սկսել է կազմավորվել է 1940-ական թվականների սկզբում Կոլումբիայի համալսարանի ուսանողական շրջանակներում, որտեղ Լյուսեն Կարրը ծանոթացնում է Ջեք Քերուակին, Ալեն Գինզբերգին և Ուիլիամ Բերրոուզին։ Նրանց էլ վիճակված էր դառնալ «կոտրվածների» գլխավոր ներկայացուցիչները։
Հոսանքի գլխավոր հեղինակներից են՝ Ջեք Քերուակը, Ալեն Գինզբերգը և Ուիլիամ Բերրոուզը, Լոուրենս Ֆերլինգեթթին, Գերի Սնայդերը, Մայքլ Մաքքլուրը, Դիանա դի Պրիման, Ֆիլիպ Ուեյլեն, Ֆիլիպ Լամանտիան, Լերոյ Ջոնսը, Բոբ Քաուֆմանը, Ռոբերտ Կրիլին, Ռոբերտ Դանքեն։ Բիթ սերնդից մնացած լավագույն ստեղծագործություններն են համարվում Ալեն Գինզբերգի «Ճիչ» պոեմը, Ջեք Քերուակի «Ճանապարհին» և Ուիլիամ Բերրոուզի «Մերկ նախաճաշ» վեպերը։ 1960-ականների վերջին՝ բիթ սերնդի մայրամուտին, ներկայացուցիչներից շատերը դարձան հիպիների շարժման ակտիվ անդամներ, իսկ մյուսները միացան տարբեր քաղաքական հոսանքներին[4][5]։