Բնության հուշարձան
From Wikipedia, the free encyclopedia
Բնության հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք, բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ։ Ցանկը հաստատում է Հայաստանի կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետական մարմինը, որն օբյեկտը հայտարարում է բնության հուշարձանները։ Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը։ Բնության հուշարձանների (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանների համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորությունները։
Հայաստանի բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն։