Բուդդայականություն
կրոնափիլիսոփայական ուսմունք / From Wikipedia, the free encyclopedia
Բուդդայականություն (սանսկրիտ՝ बुद्ध धर्म, buddha dharma IAST[1]), երեք համաշխարհային կրոններից մեկը[Ն 1][2]: Իրենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով (հինդի՝ बुद्ध՝ լուսավորյալ)։
Հետևորդներ | |
---|---|
488-535 միլիոն | |
Հիմնադիր | |
Բուդդա | |
Հետևորդների զգալի թվով տարածաշրջաններ | |
Հարավային և Հարավարևելյան Ասիա, Արևելյան Ասիա | |
Հարավային Ասիա | Հնդկաստան, Շրի Լանկա, Նեպալ, Բութան |
Հարավարևելյան Ասիա | Թայլանդ, Վիետնամ, Լաոս, Կամբոջա |
Արևելյան Ասիա | Չինաստան, Թայվան, Կորեա, Ճապոնիա |
Սուրբ Գրքեր | |
Բուդդավականա, Տրիպիտակա, Մահայանա Սութրաս, Պալի օրենսգիրք (Տիբեթյան օրենսգիրք, Չինական օրենսգիրք) | |
Լեզուներ | |
Սանսկրիտ, պալի, գանդարի, դասական չինարեն, դասական տիբեթերեն, թանգութ, սինհալերեն, թայերեն, քհմերերեն, բիրմաներեն, մոն, կորեերեն, ճապոներեն, չինարեն, վիետնամերեն |
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում[3]։ Նա հայտնի է որպես լուսավորյալ[4] կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան («ավագների դպրոց»), որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։
Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն (ձեն, չինարեն չան) տարատեսակը։
Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։