Բուենոս Այրես
From Wikipedia, the free encyclopedia
Բուենոս Այրես (իսպ.՝ Buenos Aires, բառացի՝ «լավ օդ» կամ «բարի քամիներ», /ˌbweɪnəs ˈɛəriːz/ կամ /-ˈaɪrɪs/[2], Իսպաներեն արտասանություն՝ [ˈbwenos ˈaiɾes][3], իսպ.՝ Ciudad de la Santísima Trinidad y Puerto de Nuestra Señora de Santa María de los Buenos Aires, բառացիորեն՝ «Սուրբ Երրորդության քաղաք և Բարի Քամիների մեր Տիրուհի Սուրբ Մարիամի Նավահանգիստ»), Արգենտինայի մայրաքաղաքը, երկրի վարչական, մշակութային ու տնտեսական կենտրոնը և Հարավային Ամերիկայի խոշորագույն քաղաքներից մեկը։ Բուենոս Այրեսը գտնվում է երկրի կենտրոնաարևելյան մասում՝ խոշորագույն Ռիո դե լա Պլատա ծովածոցի արևմտյան ափին, որը Հարավային Ամերիկայի երկարությամբ երկրորդ գետի՝ Պարանայի շարունակությունն է։ Իր ժամանակակից կարճ անվանումը՝ «Բուենոս Այրես», քաղաքը կրում է 17-րդ դարից։ Մինչ այդ քաղաքը պաշտոնապես կոչվել է հետևյալ լրիվ անունով՝ Ciudad de la Santísima Trinidad y Puerto de Nuestra Señora de Santa María de los Buenos Aires, իսպաներենից բառացի թարգմանությամբ՝ «Սուրբ Երրորդության քաղաք և Բարի Քամիների մեր Տիրուհի Սուրբ Մարիամի նավահանգիստ»։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուենոս Այրես (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բուենոս Այրես | |||||
Buenos Aires | |||||
| |||||
Երկիր | Արգենտինա | ||||
Ներքին բաժանում | Comuna 4?, Comuna 5?, Կոմունա 7, Comuna 8?, Comuna 9?, Comuna 10?, Comuna 12?, Comuna 13?, Comuna 14 (Buenos Aires)?, Comuna 15?, Comuna 11?, Comuna 2?, Comuna 1?, Comuna 3? և Comuna 6? | ||||
Քաղաքապետ | Օրասիո Ռոդրիգես Լարետա | ||||
Հիմնադրված է | 1536 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1536 | ||||
Տվյալ կարգավիճակում | 1580 թվականից | ||||
Մակերես | 203 կմ² | ||||
ԲԾՄ | 25 մետր | ||||
Բնակչություն | ▲3 120 612 մարդ (2022)[1] | ||||
Խտություն | 64 443.6 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 14 598 065 | ||||
Ազգային կազմ | արգենտինացիներ, իսպանացիներ, հայեր, իտալացիներ, արաբներ, | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն, Հայ Առաքելական եկեղեցի, Ուղղափառություն, աթեիզմ, իսլամ | ||||
Տեղաբնականուն | բուենոսայրեսցի | ||||
Ժամային գոտի | UTC-3 | ||||
Հեռախոսային կոդ | 011 | ||||
Փոստային դասիչ | C1000-14xx | ||||
Պաշտոնական կայք | buenosaires.gov.ar (իսպ.) | ||||
| |||||
Արգենտինայում մայրաքաղաքը երբեմն կոչվում է «քաղաք տարբեր անուններով»։ «Կապիտալ ֆեդերալ» (իսպ.՝ Capital Federal)՝ «դաշնային մայրաքաղաք» անվանումը համարվում է քաղաքի ամենաշատ օգտագործվող անուններից մեկը։ Հաճախ այն կոչվում է նաև «Բուենոս Այրես քաղաք» (իսպ.՝ Ciudad de Buenos Aires) կամ պարզապես «Բուենոս Այրես», չնայած նրան, որ երբեմն շփոթմունք է առաջանում, որովհետև կա նաև համանուն գավառ։ Քաղաքի «Ինքնավար քաղաք Բուենոս Այրես» անվանումը (իսպ.՝ Ciudad Autónoma de Buenos Aires, համառոտ՝ CABA) պաշտոնապես ընդունվել է 1996 թվականին քաղաքի կանոնադրությամբ։ Հաճախ խոսակցականում քաղաքը կոչվում է «Բայրես» (իսպ.՝ Baires), որը քաղաքում տարածված (հատկապես երիտասարդության շրջանում) ինքնատիպ ձևի կրճատում է, բայց չի օգտագործվում պաշտոնական փաստաթղթերում[4][5]։ Արգենտինայում մայրաքաղաքի բնակիչներին կոչում են «պորտենյոս» (իսպ.՝ porteños), այսինքն՝ «նավահանգստի բնակիչներ»։
Բուենոս Այրեսը հիմնադրվել է երկու անգամ։ Առաջին անգամ 1536 թվականին քաղաքը հիմնել է Պեդրո դե Մենդոսան[6]։ 1541 թվականին հնդկացիների հարձակման ժամանակ քաղաքը հրդեհվել է, և վերականգնվել է 1580 թվականին Խուան դե Գարայի կողմից (իրավաբան Խուան դե Մատիենսոյի պահանջով[7])։ Հիմնադրման պահին և վերականգնումից հետո քաղաքը եղել է Պերուի փոխարքայության կազմում, որն Իսպանիայի կայսրության մաս էր կազմում։ 1776 թվականին Բուենոս Այրեսը դարձել է նորաստեղծ Ռիո դե լա Պլատա փոխարքայության մայրաքաղաքը[8]։
1806 թվականին՝ բրիտանական առաջին ներխուժման ժամանակ, քաղաքը մի քանի ամիս օկուպացվել է բրիտանական զորքերի կողմից։ 1810 թվականին տեղի է ունեցել Մայիսյան հեղափոխությունը, որի ընթացքում գահընկեց է արվել իսպանական տեղապահը (փոխանորդը) և ձևավորվել ժամանակավոր կառավարություն՝ Առաջին խունտան, որը դարձել է Արգենտինայի առաջին ազգային կառավարությունը։ 20-րդ դարի սկզբին Մեծ Բուենոս Այրեսը եղել է Հարավային Ամերիկա ներգաղթելու հիմնական կենտրոններից մեկը։ 1913 թվականին քաղաքում սկսվել է մետրոյի շինարարությունը, որն առաջինն էր Լատինական Ամերիկայում։
Բուենոս Այրեսը նաև դաշնային մայրաքաղաք է, որտեղ տեղակայված է Արգենտինայի կառավարությունը։ Բուենոս Այրեսը համանուն մարզի մաս չի կազմում, այլ առանձին վարչական շրջան է, որ հիմնվել է 1880 թվականին[9]։ Պաշտոնապես քաղաքը բաժանված է 48 շրջանների. այդ բաժանումը հաստատվել է 19-րդ դարում։ 1994 թվականի սահմանադրական բարեփոխումններից հետո քաղաքն ստացել է ինքնավարություն, ինչից հետո քաղաքապետն ընտրվում է ուղղակի քվեարկությամբ, ոչ թե նշանակվում երկրի նախագահի կողմից, ինչպես նախկինում էր։
Բուենոս Այրեսը ճանաչվել է «ալֆա քաղաք» GaWC5 ուսումնասիրության արդյունքում[10] և գտնվում է Ամստերդամի, Մոսկվայի և Բրյուսելի հետ նույն շարքում[11][12]։ 2016 թվականին Բուենոս Այրեսում կյանքի որակը գնահատվել է 93-րդն աշխարհում և առաջիններից մեկը Լատինական Ամերիկայում. մեկ անձին բաժին ընկնող եկամտի չափով այն առաջին երեք քաղաքներից մեկն է տարածաշրջանում[13][14][15]։ Այն ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքն է Հարավային Ամերիկայում և երկրորդը՝ Լատինական Ամերիկայում (Մեխիկոյից հետո)[16]։
Բուենոս Այրեսը զբոսաշրջային խոշոր կենտրոն է[17] և հայտնի է պահպանված իսպանական-եվրոպական ոճի ճարտարապետությամբ[18] և հարուստ մշակութային կյանքով[19]։ 1951 թվականին Բուենոս Այրեսում անցկացվել են առաջին Համաամերիկյան խաղերը, 1978 թվականին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների մի մասը[20]։ 2018 թվականին Բուենոս Այրեսում են անցկացվել Ամառային երիտասարդական օլիմպիական խաղերը[21] և Մեծ քսանյակի գագաթնաժողովը[22]։