From Wikipedia, the free encyclopedia
Գավաթ (անգլ.՝ Goblet), մ. թ. ա. 17-16-րդ դարերում Վանաձորում[1] հայտնաբերված գավաթ[2], որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 1861-1 համարի ներքո։
Գավաթ | |
---|---|
նյութ | ոսկի |
բարձրություն | 9,1 |
լայնություն | 6,4 |
ստեղծվել է | մ. թ. ա. 17-16-րդ դար |
Հայկական լեռնաշխարհի միջին բրոնզեդարյան արհեստների մեջ բացառիկ տեղ են գրավում ոսկերչությունը և արծաթագործությունը։ Դրա վառ վկայությունն են Թռեղք-վանաձորյան մշակույթին վերագրվող դամբարանային համալիրներից (Թռեղք, Վանաձոր, Լոռի Բերդ, Քարաշամբ և այլն) հայտնաբերված մեծաքանակ բարձրարժեք ոսկյա և արծաթե իրերը։ Այդ գտածոների շարքում իր ուրույն տեղն ունի Վանաձորի դամբարանում հայտնաբերված ոսկյա գավաթը (մ.թ.ա. 18-17-րդ դդ.), որը Հայաստանի միջին բրոնզեդարյան ոսկերչական արվեստի եզակի և ինքնատիպ նմուշներից մեկն է։ Այն հայտնաբերվել է ականավոր հնագետ, արևելագետ Բորիս Պիոտրովսկու կողմից՝ 1948 թվականին։
Հայաստանյան ոսկու պատմության այս փուլը շաղկապվում է տարածաշրջանում շրջադարձային խոշորամասշտաբ փոփոխությունների հետ։ Փոքրասիական տարանցիկ առևտրի ծաղկման արդյունքում (մ.թ.ա. 20-19-րդ դդ.) աննախադեպ զարգացում է ապրում մետաղագործություն, այդ թվում ոսկերչությունը և արծաթագործությունը։ Փոքրասիական ազդեցությունը առավել ակնհայտ է ոսկյա իրերի պարագայում։ Դրա վառ օրինակն է Վանաձորի գավաթը, որը իր վրա կրում է առաջավորասիական, հատկապես խեթական մշակույթի ազդեցությունը։
Ի դեմս այս գավաթի, մենք գործ ունենք ոսկերչական, արծաթագործական բարձրարվեստ և ինքնատիպ «դպրոցի» հետ, որը ձևավորվել է Թռեղք-վանաձորյան մշակույթի տարածման սահմաններում և կրել է Կուր-արաքսյան մշակույթի ազդեցությունը՝ օգտագործելով այդ մշակույթին բնորոշ զարդամոտիվները։
Վանաձորի գավաթը բազմիցս ներկայացվել է միջազգային ցուցահանդեսներում։ «Հայաստան-Իրան. հողի հիշողությունը» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել է Իրանի ազգային թանգարանում։
Գավաթը հայտնաբերվել է ցեղապետին պատկանող դամբարանից՝ թաղման հարուստ գույքի հետ միասին և վկայում է միջին բրոնզեդարյան հասարակությունում ոսկու և ոսկյա իրերի առանձնահատուկ դերի մասին։ Ոսկին կիրառվել է կենտրոնացված և հիերարխիկ սոցիալական կառուցվածքի պայմաններում, իսկ ոսկյա իրերը ընդգծել են տիրոջ հասարակությունում զբաղեցրած բարձր դիրքը։
Գավաթը պատրաստվել է ոսկու ամբողջական թիթեղից դրվագման եղանակով։ Գնդաձև է, սնամեջ ցածր ոտքով և բերանի լայն բացվածքով։ Անոթի իրանի կենտրոնը բոլորված է դեմ հանդիման կանգնած երեք զույգ առյուծների շարքով[3]։ Կենդանիների պատկերներն արված են դրոշմաքանդակման եղանակով։ Ունեն լայն բացված երախներ, լեզուն նշված է երկու խաչվող գծերով։ Պոչերը երկար են, իրանի վրա ծալված, ծայրին՝ փնջիկ։ Նուրբ կետազարդով ընդգծված են ճանկերը, մկանունքը, ատամնաշարը, աչքերի և ականջների եզրագծերը։ Առյուծների շարքը վերից և վարից շրջանակված է զիգզագաձև նուրբ փորագրազարդ գոտիներով։ Անոթն ունեցել է կանթ, որի մասին վկայում են իրանի վրա գայլիկոնված երկու անցքեր[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.